ԱՆՀԱՅՏ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ՝ ՀԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ մինչեւ վերջերս հասարակության ուշադրությունը կենտրոնացած էր Գյումրու քաղաքապետի ընտրությունների վրա: Սակայն հինգշաբթի օրը՝ մինչեւ վերջին պահը մեծ լարվածություն ստեղծելուց հետո, պարզվեց, որ գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չի առաջադրվելու: Իսկ դա էլ ավելի մեծացրեց Սամվել Բալասանյանի հաղթելու հավանականությունը:
Մեզ համար շատ հետաքրքիր էր, թե ինչ է մտածում Գյումրու ընտրությունների մասին շարքային գյումրեցին: «Հայրաքաղաքի» այգիներում սովորաբար հավաքվում եւ նարդի կամ թղթախաղ խաղալով իրենց ժամանակն են անցկացնում գործազուրկ գյումրեցիները: Իմանալով, որ Երեւանից ժամանած լրագրող ենք, խոստացան կիսվել մեզ հետ, սակայն մեկ պայմանով, որ իրենց իսկական անունները չհրապարակվեն եւ չձայնագրվեն, ուստի եւ ստիպված եղանք դիմել ավանդական թուղթ ու գրիչի օգնությանը: Սկսվեց ջերմ ու գյումրվա կոլորիտով հագեցված զրույց, որի հիմնական մասն էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Առաջին հարցը, որ տվեցինք գյումրեցի պապիկներին, այն էր, թե ճանաչում են արդյոք քաղաքապետի պաշտոնի համար պայքարող թեկնածուներին: Արշալույս պապը (անունները փոխված են) գյումրեցուն հատուկ ոճով պատասխանեց. «Աղջի՛կ ջան, ի՞նչ օյինբազություն կենես, մեզնից լավ գիդես էլի՝ ով են, դե Բալասանյանն է, դաշնակ Հոսոն է, մեգն էլ էն օր վախտըմ գործկոմը կաշխադեր, հեդո 95-ին թե 96-ին թողավ փախավ Ամերիկա, հմել նորից էգել է, գուզե քաղաքապետ դառնա»:
«Յա Սպարտակ Պավլվիչը: Ինքը ո՞վ է, ընտանիքը թողել էգել է ու գուզե դարդագ ջեբով քաղաքապետ դառնա: Էն ամենավատ վախտերը փախավ Ամերիկա, քաղաքական ապաստան ստացավ, յանի մենք ստեղ իրան ու իրա ընտանիքի անդամներին կճնշեինք, այ կուդանք, հմել գիդե, թե բդի գա, ու մենք էլ, փափախներս վեր թռցնելով, էդ շպիոն Օնոյին ընդունենք: Չի՞ ըսե Ջիվանին. «Հըլը խելքի՛ աշեցեք»»,-զայրացած արձագանքեց Արշալույս պապի հետ նարդի խաղացող Գառնիկ պապը, որը, ինչպես մեզ ասաց, եղել ու մինչեւ վերջ էլ մնալու է կոմունիստ ու չի հավատում, որ առաջադրված թեկնածուներից որեւէ մեկը գալու է իսկապես օգնելու իրենց:
Կառլեն պապն էլ արձագանքեց. «Օղո՛ւլ, թարգե՛ք էլի, էդ Վարդանիկն ի՞նչ է թողել, օր մե հադմ էլ Բալասանյանը ծախե, հեչ բան չի մնացել, սաղ Վարդանիկը ծախել ու իրա մարդկանց հետ մեջ-մեջ է էրել, հմել սկսել են կամացից ծախելը: Ի՞նչ է մնացել Լեննգանից, հեչ բան: Ընչի՞ էդ մարդուն բան կսեք (խոսքը Սամվել Բալասանյանի մասին է-խմբ.), էն վախտ օր Լեննագան սաղ գործարանները թալնին ու ծախին, մենակ էդ մարդը պահեց ու մէ բանմ էլ գործի տեղ ստեղծեց, բդի լավին լավը ըսենք, վատին` վատը»:
Ծավալված բուռն բանավեճը  կասեցնելու համար ստիպված եղանք գնալով ավելի մարդաշատ դարձող մեր խոսակցության ներկաներին թվարկել առաջադրված մյուս թեկնածուների անունները, որպեսզի պարզենք, թե մարդիկ ինչ կարծիքի են նրանց մասին: Առաջինը տվեցինք ՀՅԴ ներկայացուցիչ Հովսեփ Սիմոնյանի անունը: Հավաքվածներից մեկը միանգամից կատակեց. «Հա դե ըդիգ դաշնակ Հոսոն է էլի, ամեն ընտրություն կդնե ու մեգել տեսար թեկնածությունը կհանե, մե լավ խոսք կա է. «Խչոն էլ խանչալ ունի, թեկուզ քիթը քոռ է»: Էսօր ո՞վ է իրան ձեն տվողը, օր մե բանմ էլ դրել է»:
Հաջորդը տվեցինք Անդրանիկ Ավետիսյանի անունը, որին հավաքվածները կարծես թե չէին ճանաչում, մինչեւ որ ներկաներից մեկն ասած. «Հա՜, ստեղ մոդիգ կաբրի, Ուտիլ Անդոն է էլի, օր մեդաղ, բան-ման կընդունե»: Սա եւս կատակասեր գյումրեցիների համար ուրախության առիթ դարձավ, եւ հիշեցին քաղաքի գողացված «լուկերն ու կաբելները», մեկն էլ կողքից թե. «Ինչխ օր թե ըդիգ հորինած կուսակցության Մորքուր Հովոյի դրած մարդն է, չիդեմ»:
Առանձնապես հայտնի չէր նաեւ մյուս թեկնածուն` Ռաֆայել Ասատրյանը, որը, ինչպես նշեցին ներկաները, Բալասանյանի մարդն է եւ առաջադրվել է, որ հանկարծ բոլորն իրանց թեկնածությունները չհանեն, ու ընտրությունը չկայանա: «Ստրախովկի համար է էլի»,-նշեցին հավաքվածները:
Մոտ մեկ ժամից ավել տեւած զրույցի ընթացքում մարդիկ անկեղծորեն վիճում էին տարբեր հարցերի շուրջ եւ մի պահ կարծես թե մոռացել էին մեր ներկայության մասին, մասնավորապես ոմանք սկսեցին գովել իշխանություններին, որ վերջապես ազատեցին իրենց Վ. Ղուկասյանից, ոմանք էլ ասում էին, թե ընտրությունը ձեւական բնույթ է կրում, քանի որ ամեն ինչ նախապես որոշված է:
Հ.Գ. Երբեմնի ծաղկուն քաղաք Գյումրուց հեռացանք հակասական տրամադրությամբ. մի կողմից զգացինք գյումրեցիների ջերմությունն ու անսահման հումորը, մյուս կողմից էլ մարդկանց աչքերի մեջ տեսանք այն ցավն ու  հիասթափությունը, որ նրանց համակել է վերջին 15 տարիների անգործության հետեւանքով:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս