Լոնդոնում ավարտվեցին 30-րդ օլիմպիական խաղերը: Հայաստանի հավաքականն այս օլիմպիադայում նվաճեց 3 մեդալ՝ 1 արծաթե եւ 2 բրոնզե՝ գրավելով 60-րդ տեղը: Ինչպես հայտնի է, արծաթե մեդալը նվաճեց ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը, իսկ ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանն ու ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանը արժանացան բրոնզի: Մյուս մարզիկներն անսպասելի վատ հանդես եկան. համենայնդեպս, ծանրամարտիկները՝ Առաքել Միրզոյանը, Արա Խաչատրյանն ու Մելինե Դալուզյանը, չկարողացան անգամ ավարտել վարժությունները: Բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը պարտվեց հենց առաջին խաղում:
Օլիմպիական խաղերում առաջին հորիզոնականը զբաղեցրեց ԱՄՆ հավաքականը՝ 104 մեդալով. նրանք ունեն 46 ոսկե, 29 արծաթե, 29 բրոնզե մեդալ: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Չինաստանի հավաքականը՝ 38 ոսկի, 27 արծաթ, 22 բրոնզ: 3-րդ տեղում Մեծ Բրիտանիան է 65 մեդալով՝ 29 ոսկե, 17 արծաթե, 19 բրոնզե: Ռուսաստանի հավաքականը 4-րդ հորիզոնականում է. նրանք ունեն 24 ոսկի, 25 արծաթ, 33 բրոնզ:
Հարեւան երկրների հետ համեմատած՝ Հայաստանի ցուցանիշները բավական ցածր էին. Ադրբեջանն այս տարի նվաճեց 2 ոսկե, 2 արծաթե եւ 6 բրոնզե, Վրաստանը՝ 1 ոսկե, 3 արծաթե եւ 3 բրոնզե, Իրանը՝ 4 ոսկե, 5 արծաթե եւ 3 բրոնզե, իսկ Թուրքիան՝ 2 ոսկե, 2 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ: Ընդ որում, Հայաստանն իր հարեւաններից ետ է մնացել մշտապես՝ ե՛ւ 2008թ., ե՛ւ 2004թ., ե՛ւ 2000թ.: 2008թ. Պեկինի օլիմպիական խաղերի ժամանակ Հայաստանը 6 բրոնզե մեդալ էր բերել: 2004թ. Աթենքում կայացած օլիմպիական խաղերին Հայաստանին չէր հաջողվել ոչ մի մեդալ նվաճել, 2000թ. Սիդնեյում ունեցել ենք ընդամենը 1 բրոնզե մեդալ:
Միակ ոսկե մեդալը անկախ Հայաստանը նվաճել է 1996թ.՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտում հաղթող դարձավ Արմեն Նազարյանը, իսկ Արմեն Մկրտչյանն ազատ ոճի ըմբշամարտում արժանացավ արծաթե մեդալի: Ընդ որում, անկախ Հայաստանի պատմության մեջ մեր երկրից օլիմպիական խաղերին ամենաշատ թվով մարզիկներ մասնակցել են հենց 1996թ.՝ 32 հոգի, այս տարի օլիմպիադային ՀՀ-ից մասնակցել է 25 մարզիկ: Եւ ընդհանրապես, 1996թ. Հայաստանի սպորտի պատմության մեջ եղել է ամենաակտիվը. այդ տարի Երեւանում է անցկացվել նաեւ շախմատի միջազգային օլիմպիադան:
Հ.Գ. Հայաստանին այս տարի սպասվում է եւս մեկ միջազգային սպորտային միջոցառում. խոսքը շախմատի համաշխարհային օլիմպիադայի մասին է, որն անցկացվելու է օգոստոսի 27-ից սեպտեմբերի 10-ը Թուրքիայում՝ Ստամբուլում: Շախմատում Հայաստանը մշտապես եղել է առաջատար դիրքերում, եւ մասնագետներն օլիմպիական մեդալներ են ակնկալում ե՛ւ տղամարդկանց, ե՛ւ կանանց հավաքականներից, քանի որ երկուսն էլ համարվում են ուժեղ, ավելին, նրանք օլիմպիական մեդալների բավական մեծ հնարավորություններ ունեն: Ի վերջո, տղամարդկանց հավաքականը 2 անգամ անընդմեջ դարձել է օլիմպիադայի հաղթող՝ ոսկե մեդալակիր: Այնպես որ, մնում է հաջողություն մաղթել շախմատիստներին:
ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՑ ՕԼԻՄՊԻԱԴԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՏՐԴԱՏ ԱՐՇԱԿՅԱՆ