Քաղաքապետն անդրադարձել է տրանսպորտի կրճատման մասին լուրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց տեղափոխման համար հատուկ վերելակներով կահավորված հասարակական տրանսպորտի 10 ավտոբուսները փորձարկումից հետո հանձնվել են շահագործման: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է շահառու հասարակական կազմակերպությունների հետ մեկ անգամ ևս քննարկել բոլոր այն երթուղիները, որոնք առավել նպատակահարմար են հարմարեցված ավտոբուսների շահագործումը կազմակերպելու համար, զուգահեռ առաջարկություններ ներկայացնելով նաև այս տարի նախատեսված համանման ավտոբուսների համար:

Անդրադառնալով վերջին օրերին քաղաքային տրանսպորտի կրճատման վերաբերյալ որոշ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններին՝ քաղաքապետը հանձնարարել է նման դեպքերում արագ արձագանքել իրականությանը չհամապատասխանող լուրերին:

«Շրջանառվող ապատեղեկատվությանը, որ քաղաքային տրանսպորտը հիսուն տոկոսով կրճատվելու է, պետք էր արագ արձագանքել, առավել ևս, որ մենք որոշակի աշխատանքներ ենք տանում բնակչության համար պատշաճ և առավել հարմարավետ սպասարկում ապահովելու ուղղությամբ: Բոլորդ գիտեք, որ քայլեր են ձեռնարկվում գործող երթուղիներում տրանսպորտային լրացուցիչ միջոցներ ներգրավելու ուղղությամբ, ուստի ապատեղեկատվության դեպքում ուղղակի պարտավոր եք միանգամից արձագանքել, որպեսզի ավելորդ խուճապ չառաջանա մեր բնակչության շրջանում»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Քաղաքապետը հանձնարարել է նաև հատուկ ուշադրություն դարձնել չսահմանված վայրերում ավտոմեքենաների վաճառքի կազմակերպման դեպքերին և ՃՈ հետ համատեղ համապատասխան քայլեր ձեռնարկել դրանց բացառման ուղղությամբ:




Լրահոս