Գորիսի պետական համալսարանի շուրջ ծավալված կրքերը հանդարտվել են: Այս մասին Armlur.am-ին հայտնեց ԳՊՀ ռեկտոր Յուրի Սաֆարյանը, ում խոսքով` նախորդ ուրբաթ և շաբաթ օրերին իրավիճակը շատ լարված էր:
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին` ուրբաթ օրը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը (Լիսկա), զանգահարել է Գորիսի պետական համալսարանի ղեկավարությանը և հայտնել, որ համալսարանի խորհրդի նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն այլևս խորհրդի նախագահ չէ: Մարզպետը հայտարարել է, որ խորհրդի նախագահն այսուհետ ինքն է, և վաղը նիստ է հրավիրում: Այս տեղեկությունը հաստատել է նաև Գորիսի ԵՊՀ-ի ռեկտոր, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Սաֆարյանը:
Վերջինս մեզ տեղեկացրեց, որ Կառավարությունը նման որոշում չի կայացրել: Իսկ Սուրիկ Խաչատրյանը խորհրդի նիստ հրավիրելու իրավասություն բացարձակապես չի կարող ունենալ:
«Խորհրդի նախագահը շարունակում է մնալ Վահե Հակոբյանը: Իրավիճակն արդեն հարթվել է. ուրբաթ և շաբաթ օրերի լարվածության հետ համեմատել անգամ չենք կարող: Երևի թե, մարզպետն է ինչ-որ բան շփոթել, և թյուրիմացություն է ստեղծվել: Մարզպետն իրավունք չունի խորհրդակցություն հրավիրել, դա անօրինական կլինի»,- ասաց մեր զրուցակիցը:
Armlur.am-ի հարցին` հանդիպել զրուցել են արդյոք ինքն ու Սուրիկ Խաչատրյանը, որևէ քննարկում եղել է նրանց միջև հարցի շուրջ, Յուրի Սաֆարյանը բացասական պատասխան տվեց:
Կրթության և գիտության նախարարությունից Armlur.am-ին հայտնեցին, որ այս հարցի վերաբերյալ իրենք ահազանգ չունեն:
Armlur.am-ը փորձեց պարզաբանում ստանալ նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանից, ով ասաց, որ խորհրդակցության է և խոսել չի կարող: Թերևս, Սուրիկ Խաչատրյանը զբաղված է ստեղծված իրավիճակը հարթելու գործով: