ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԸ` ԲԱԽՏԻ ՔՄԱՀԱՃՈՒՅՔԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաեւ ՀՀ տարածքում, մասնավորապես՝ Սյունիքի մարզում: Սյն ոչ միայն վախեցրել է մարզի բնակիչներին, այլեւ որոշակի վնաս հասցրել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին՝ ժամը 16:23-ին, գրանցվել է 6.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը եղել է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 16 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 9 բալ, այն զգացվել է նաեւ ՀՀ տարածքում, հատկապես Սյունիքի մարզում՝ Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում` 4.5 բալ ուժգնությամբ, իսկ Երեւանում` 3-4:
Սյունքի մարզում հատկապես քաղաքաբնակներից շատերը արդեն երրորդ օրն է՝ չեն գիշերում իրենց տներում: Քաջարանցիների մի մասը տեղափոխվել է Քաջարան գյուղ, մյուս մասը` Լեռնաձոր: Իսկ ովքեր մնացել են քաղաքում, գիշերն անցկացնում են մեքենաների մեջ:
Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց, որ քաղաքի բնակիչների մեծ մասը պատսպարվել է իրենց գյուղում, եւ նրանք կմնան այնքան, մինչեւ վիճակը կհանդարտվի: “Այստեղ տեղ ու դադար չկա: Նրանց թիվը մեծ է: Նույնիսկ մարդկանց մի մասին տեղավորել ենք գյուղապետարանի շենքում: Հաց ու ջուր ենք տալիս, չենք թողնի, որ սոված մնան: Բախտները բերել է, որ երկրաշարժն օրը ցերեկով է եղել, եթե գիշերը լիներ, ի՞նչ էին անելու: Փառք Աստծո, որ զոհ չկա”,-ներկայացրեց գյուղապետը:
Երկրաշարժի արդյունքում Քաջարան քաղաքում թեեւ շենք չի փլվել, բայց տների պատերը ճաքել են, իսկ ապակյա սպասքն ու հայելիները` կոտրվել:
Քաջարան քաղաքի բնակչուհի 32-ամյա Գայանեն “Ժողովուրդ”-ին պատմեց, որ երկրաշարժի ժամանակ քաղաքի բնակիչները վախեցած դուրս են եկել տներից. ,Ով տեղ չուներ դրսերում, մեքենաների մեջ է մնացել: Մենք էլ մինչեւ հիմա վախեցած ենք: Իմ 4 տարեկան բալիկը հենց մի ձայն է լսում, միանգամից վախեցած հարցնում է, թե ինչ ձայն է: Տեղի ունեցած երկրաշարժը 4 բալ չէր, այլ 6, 7: Մեր աչքի առաջ շենքը ճոճվում էր, մտածեցինք, թե կնստի, բայց բախտներս բերեցե: Քաջարան քաղաքի մեկ այլ բնակիչ՝ 55-ամյա Վահրամը, աշխատանքից տուն գնալու ժամանակ նկատել է, որ բնակիչներն իրենց տներից դուրս են գալիս: “Քաջարան գյուղի բնակչությունը հիմա, կարելի է ասել, քառապատկվել կամ հնգապատվել է: Մի կողմից ինֆորմացված չենք ու վախեցած ենք: Մյուս կողմից` իշխանությունների անտարբերությունը: Մեզ թողել են բախտի քմահաճույքին: Իրավիճակին ոչ ոք չի տիրապետում, գոնե հոգեբաններ լինեին, ժողովրդին փորձեին դուրս բերել սթրեսից: Բայց ոչ, բացարձակ անտարբերություն է”,-դժգոհեց Վահրամը:
Սյունիքի մարզի Վահրավար գյուղում երկու տուն է փլուզվել, բացի այդ, եկեղեցու պատն է ճաքել: Համայնքի ղեկավար Սարգիս Առաքելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր տունը առանց այն էլ վթարային վիճակում էր գտնվում. “Էլ չենք կարող այդ տանն ապրել: Երկու օր է՝ գյուղի մարդիկ փողոցներում են ապրում: Կեսօրին մտնում են իրենց տները, մի փոքր հանգստանում: Գիշերները խարույկ ենք վառում, որպեսզի արթուն մնանքե: Համայնքի ղեկավարի խոսքերով՝ մարզպետարանից խոստացել են գյուղացիներին նյութական օգնություն տալ: Բայց Սարգիս Առաքելյանը դեռ չի կարողանում մոռանալ տեղի ունեցածը.”Մինչեւ հիմա ոտքերս դեռ չեն վերականգնվում: Հիշում եմ՝ ինչպես էի այդ ժամանակ կանգնած նայում, թե մեր տունը ոնց էր օդում ճոճվում”:
Նույն իրավիճակն է նաեւ Մեղրիում եւ Ագարակում. այնտեղ եւս մարդիկ գիշերում են դրսում: Ավելին, Մեղրիի բնակիչների խոսքերով՝ երկրաշարժից հետո հետցնցումներ կան, բայց շատ թույլ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը “Ժողովուրդ”-ին տեղեկացրեց, որ բնակչությունն իրազեկվել է երկրաշարժի եւ հետցնցումների մանրամասների մասին. “Ուրիշ էլ ի՞նչ պետք է աներ ԱԻՆ-ը, աղջի՛կ ջան: Բոլորիս մեջ էլ այդ վախը կա”:
Հ.Գ. Ն. Գրիգորյանն այս առնչությամբ ասաց, որ ՀՀ-ն դիմել է Իրանի կառավարությանը` օգնության առաջարկով: Իրանից պատասխանել են, որ տվյալ պահին օգնության կարիք չունեն: Իրանում երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 306-ի, եւս 3 հազար մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Հարեւան երկրում հայտարարվել է երկօրյա սուգ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս