Բազե հոբելյանական հավաքում հաղթեց նարնջագույն ճակատը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 18-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ “Բազե” համահայկական երիտասարդական հավաքի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Հանրապետության նախագահը հետևեց “Բազե-2012”-ի եզրափակիչ միջոցառումներին, հետաքրքրվեց մասնակիցների առօրյայով, պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին:
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով, Ծաղկաձորում “Բազե-2012” համահայկական երիտասարդական հավաքի ներքո հավաքվել են աշխարհի տարբեր ծայրերից ու հանրապետության մարզերից ժամանած հայ երիտասարդներ, ինչն իրար ճանաչելու, Հայաստանի մասին գիտելիքները հարստացնելու լավ հնարավորություն է ստեղծում: Սերժ Սարգսյանի խոսքով, չնայած ամենօրյա շփումներ իրականացնելու ժամանակից տեխնոլոգիաների ընձեռած լայն հնարավորություններին, այսպիսի հանդիպումները, անմիջական շփումներն անփոխարինելի են: “Մի բան հստակ իմացեք, դուք կարևոր և թանկագին մաս եք կազմում մի հրաշք ամբողջականության, այդ ամբողջականությունը կոչվում է Հայաստան, և Հայաստանն առանց ձեզ, առանց ձեզնից յուրաքանչյուրի ամբողջական լինել չի կարող: Եվ իմացեք, որ դուք առանց Հայաստանի չեք կարող լինել լիարժեք մարդ և չեք կարող լիարժեք ձեզ դրսևորել”,- “Բազե-2012” համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին ասաց Սերժ Սարգսյանը:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, հավաքի փակման արարողությանը դիմելով երիտասարդներին, նշեց, որ 10 տարիների ընթացքում ձևավորվել են հաղթանակի հասնելու բազեական սկզբունքները, այն է՝ անմնացորդ նվիրվել թիմին, ամեն ինչ անել հանուն ընդհանուր հաղթանակի, սակայն ազնիվ ու արդար պայքարում։ Կարեն Ավագյանը համոզմունք հայտնեց, որ այդ սկզբունքներից շեղվել ոչ միայն հավաքի ընթացքում, այլև ամբողջ կյանքում երիտասարդներին չի հաջողվի։ 
10-ամյա “Բազե” հավաքի վերջին օրը՝ օգոստոսի 18-ին, տեղի ունեցան “Բազկամարտ”, “Պարանի ձգում”, “Շախմատ” “Երգ”, “Պար”,”Նորաձևություն” մրցույթների եզրափակիչ փուլերը։ Ժյուրիի անդամ Զառա Տոնիկյանը բարձր գնահատեց այն ջերմ մթնոլորտը, որ ստեղծվել է “Բազե” համահայկական հավաքում, ինչը շատ կարևոր է և՜ երիտասարդության, և՜ հայ ժողովրդի համար։ Զառա Տոնիկյանը նշեց, որ լավագույն երգչի ընտրությունն իր համար բավականին դժվար էր, քանի որ բոլոր կատարողներն էլ գրեթե հավասար միավորների էին արժանի։ 
Գալա համերգի վերջում ամփոփվեցին մրցութային միավորները, և հայտարարվեց “Բազե-2012” համահայկական երիտասարդական հավաքի հաղթողը։ Այս տարի հաղթանակը տոնեց նարնջագույն ճակատը, երկրորդ տեղում կարմիր ճակատն էր, երրորդում՝ կապույտը:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն




Լրահոս