«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ստեփանավան քաղաքում նորածին երեխային սպանած Արմինե Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ իր երեխան մահացած է ծնվել, եւ ինքը չէր կարող կենդանի երեխային թաղել:
Փետրվարի 21-ին Ստեփանավան քաղաքի բնակչուհի, 1988 թվականի ծնված Արմինեն, ժամանակավորապես միայնակ բնակվելով Լոռու մարզի բնակիչ Մ. Ասատրյանին պատկանող վագոն տնակում, 2015 թվականի փետրվարի 5-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ծննդաբերել է արական սեռի երեխա: Նախնական տվյալներով՝ ծննդաբերությունից անմիջապես հետո երեխան սպանվել է, իսկ հետագա օրերին հուղարկավորվել Ստեփանավան քաղաքի «Ռուսական» կոչվող գերեզմանատանը:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ Արմինե Սարգսյանն իր մայրիկի՝ Սիրամարգ Սարգսյանի հետ դիմել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարին եւ այդ ընթացքում պատմել, որ իր ընտանիքն ապրել է վատ պայմաններում, եւ 18 տարեկանում աշխատելով խանութներից մեկում որպես սպասք լվացող՝ ծանոթացել է Համլետ Հայրումյանի հետ, իսկ ավելի ուշ՝ ամուսնացել: Ըստ Արմինե Սարգսյանի՝ ամուսնությունից հետո՝ երկու շաբաթ անց, ընտանիքում սկսվել են անախորժությունները, եւ Համլետը ծեծել է Արմինեին. «Մեր ընտանիքում կռիվը սկսեց, երբ գելը կերավ Համլետի էշին»:
Քնար Մանուկյան, Տիգրան Սարգսյան