Գյումրու քաղաքապետի ընտրություններում իրենց թեկնածությունն առաջադրած գործիչները սկսել են բարձրաձայնել այն մասին, որ այս ընտրություններին էլ գործի է դրվելու ընտրակաշառք բաժանելու մեխանիզմը: Ավելին, տեղեկություններ կան, որ արդեն սկսել են շրջել տնետուն իբր հարցում անցկացնելու նպատակով եւ ձեռքի հետ էլ հիշեցնում են, թե ում օգտին է պետք քվեարկել սեպտեմբերի 9-ին: Ու սա այն դեպքում, երբ հանրապետության երկրորդ քաղաքում ընտրություններ՝ որպես այդպիսին, չեն լինելու, այլ ընդամենը «ընտրությունների» անվան տակ տեղի է ունենալու համաքաղաքային միջոցառում:
Նախագահականի «դաբրոյով» առաջադրված ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի մրցակիցները պնդում են, որ այս ընտրություններին ժողովուրդը պետք է հստակորեն իր դիրքորոշումը արտահայտի, մասնակցի ընտրություններին եւ չառաջնորդվի քաղաքում միտումնավոր տարածված այն տեսակետով, թե քաղաքապետն արդեն նշանակված է: «Եթե ինչ-որ մարդիկ իրենց վերլուծություններով որոշել են, որ քաղաքապետն արդեն հայտնի է, ես վստահ եմ, որ նրանք շատ շուտ հուսախաբ կլինեն»,-ասում է ՀՅԴ-ական ինքնաառաջադրված թեկնածու Հովսեփ Սիմոնյանը, որը կարծես թե համակերպվել է բաժանվելիք ընտրակաշառքի մտքին: Ավելին, այդ ամենը նա համարում է նորմալ երեւույթ. «Պետք է փորձեն ե՛ւ էդ ընտրակաշառքը տալ, ե՛ւ պաշտոնական լծակներն օգտագործել: Դա սովորական երեւույթ է: Բայց մեր ժողովուրդը վստահ պետք է հասկանա մի բան՝ ինքը պետք է ընտրի: Շատ ժամանակ մեղադրում ենք՝ վա՜յ, վերեւից ասեցին, չգիտեմ ինչ արեցին, մենք էսօր ունենք հնարավորություն՝ որոշելու»:
Մյուս թեկնածուն՝ Անդրանիկ Ավետիսյանը, ասում է, որ ոչ թե Բալասանյանին է համարում իրեն մրցակից, այլ ավելի շատ հասարակության հանձնվողական մտածելակերպը: «Ասում են՝ քաղաքապետն արդեն կա, ինչի՞ մասին է խոսքը: Ինձ նմանատիպ հարցերով շատ են դիմել: Ես ավելի շատ էդ կարծրատիպ մտածելակերպը կուզենայի փոխել մեր ժողովրդի մեջ»,-ասում է գործարար թեկնածուն: Ի դեպ, վերջինս պնդում է, որ անտեղի են այն տեսակետները, թե իր թեկնածությունը ձեւական է, որ ինչ-որ մեկը դրդել է նրան գնալ այդ քայլին: Պնդում է նաեւ, որ երկար է մտածել եւ ճիշտ այն ժամանակ, երբ զգացել է, որ կարող է մտնել մրցապայքարի մեջ եւ հակակշռել իշխանական թեկնածուին, առաջադրվել է: «Ցանկություն ունեցել եմ մասնակցել քաղաքապետի ընտրություններին դեռ 15 տարի առաջ: Բայց երեւի այն ժամանակ հոգեպես պատրաստ չէի, ինչ-որ բան խանգարեց: Սակայն էս պահին գտնում եմ, որ լիարժեք պատրաստ եմ»,-շեշտում է թեկնածուն:
ԿԵՂԾ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԼԱԲԻՐԻՆԹՈՍՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ