Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի` դանակահարության մեջ մեղադրվող եղբորորդին` Սեդրակ Օսիպյանը, դեռևս չի ներկայացել իրավապահ մարմիններին: Այս մասին Armlur.am-ին հայտնեց Ս. Օսիպյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը:
Վերջինիս փոխանցմամբ` նշանակվել է Սեդրակ Օսիպյանի կողմից օգտագործված բջջային հեռախոսահամարների ելքային և մուտքային հեռախոսազանգերի փորձաքննություն: Այն շուտով կավարտվի, և վերծանումները պատրաստ կլինեն:
Նշենք, որ Սեդրակ Օսիպյանը, արդեն 9 ամիս է, հետախուզման մեջ է: Պաշտպանը մշտապես վստահեցնում է, որ նա Հայաստանում է և «ի հայտ կգա, երբ ժամանակը գա»: Հարցին` երբ է պատրաստվում ներկայանալ ոստիկանություն, պաշտպանն ավելի վաղ պատասխանել էր. «Քննչական որոշակի գործողությունների ավարտից հետո նա կներկայանա իրավապահ մարմիններին»:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունիսի 1-ին Նուբարաշենում դանակահարվել էր 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը, ինչում մեղադրվում է Երևանի փոխոստիկանապետի 23-ամյա եղբորորդին` Սեդրակ Օսիպյանը:
Armlur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ նշված գործը Էրեբունու ոստիկանության քննչական բաժնից դուրս է եկել, և դրանով հիմա զբաղվում է ոստիկանության Երևանի քննչական վարչությունը: Թե ինչու, Կրոմվել Գրիգորյանը դժվարացել էր պատասխանել: