«ՀՀԿ-ն կարծում է, թե ընդդիմությունն ուղղակի «աղմկում» է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 26-ին խորհրդարանում շարունակվեց «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկումը, ինչի ընթացքում ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորների միջեւ լուրջ վիճաբանություն սկսվեց: Բանը հասավ նրան, որ ստիպված եղավ միջամտել ԱԺ նախագահ Գալուստ Սահականը, սակայն ապարդյուն: Վարդան Այվազյան-Հրանտ Բագրատյան-Հեղինե Բիշարյան լեզվակռիվը դադարեցնելն անհնար էր: Նշենք, որ բացի ԱԺ ՀՀԿ խմբակցությունից՝ խորհրդարանական մյուս ուժերը կտրականապես դեմ են, որ օրենքը քննարկվի եւ ընդունվի 48-ժամյա ռեժիմով:

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն արդեն երկու օր շարունակ, կարելի է ասել, «պատերազմ» է հայտարարել այս օրենքի նախագծի դեմ: Պատգամավորը հայտարարում է, որ արդարացի չէ 48-ժամյա ռեժիմով նման օրենք ընդունելը. «Մենք հիմա փորձում ենք կապել մեր աչքերը, ցույց տալ, որ տնտեսական դաշտում մրցակցություն չի առաջանալու, որեւէ ապրանքատեսակի մասին խոսք չկա: Այսինքն՝ նախապես նախագիծը գրելուց առաջ հայտնի է, թե որ տեսակի ապրանքների համար է սա գրվում, ում համար է գրվում, եւ որ ապրանքներն են, որոնք մրցակցությունից դուրս են ՀՀ-ում»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանը, ի պատասխան, նշեց. «Լավ կլինի, եթե մի բանի մասին խոսում եք, ցավում եմ, կներեք, էլի, բայց պարզապես պետք է մինիմալ այդ բանի մասին պատկերացնել, թե ինչի վերաբերյալ է օրենքը: Թե չէ մենք խոսում ենք ամեն ինչից, բացի բուն օրենքից»:

Այնուհետեւ Այվազյանը, դիմելով ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանին, ասաց. «Եթե որեւէ մեկը կարողանում է այսօր ՀՀ-ից 50 մլրդ-ի ապրանք արտահանել, պետք է արտոնություն տալ: Ինձ ապացուցել է պետք, պարո՛ն Բագրատյան, եւ այն մարդը, ով գալիս է այս երկրում փող է ներդնում, մենք հետեւյալ սկզբունքն ունենք, ով գալիս է ՀՀ, պատրաստի արտադրանքը կարողանում է տանել, ինքը պետք է մյուսների նկատմամբ լինի որոշակի արտոնյալ վիճակում»: Տեղից Այվազյանի խոսքերին արձագանքում էր Հրանտ Բագրատյանը, ինչի պատճառով խորհրդարանը վերածվեց իսկական «մարտի դաշտի»:

«Պարո՛ն Այվազյան, Ձեր պատասխանները տիկին Բիշարյանի ասածների հետ կապ չունեն: Դուք ստանդարտ սիրուն ելույթ եք ունենում, առաջին հայացքից՝ ազդեցիկ: Բայց երբ որ սկսում ենք ուշադիր հետեւել Ձեր մտքի թելին, իրար հետ անկապակցված մտքեր են: Եթե ուզում եք խրախուսել արտահանողներին, տվեք այդ 2 տոկոսը բոլորին: Կամ էլ փոքրիկ շեմ դրեք, որ ամեն բանով հարկայինը չզբաղվի»,-հակադարձեց Բագրատյանը: Այս իրավիճակից ելնելով՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե օրենքի քվեարկությունը կհետաձգեն ավելի հարմար ժամանակ եւ հորդորեց Վարդան Այվազյանին, որ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկում կազմակերպի:
Խնդրո առարկա օրենքի շուրջ «Ժողովուրդը» մի քանի հարց ուղղեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Մկրտչյանին:

-Պարո՛ն Մկրտչյան, ինչո՞ւ են իշխանությունները նման կերպ՝ մեծամասնության պարտադրանքի ներքո որոշել «Շահութահարկի մասին» օրենքի նախագիծը «անցկացնել»: Ո՞ւմ է հարկավոր այդ օրենքի կիրառումը, տեսակետ կա, որ իշխանություններն ինչ-որ մեկին խոստացել են, որ նման արտոնություններ են տալու: Դուք տեղյա՞կ եք այդ մասին:

-Այս օրենքն առաջին ընթերցմամբ անցել է ԱԺ առաջին քառօրյայում, այսինքն՝ առաջին ընթերցում անցել է, ու փոփոխությունները, որոնք բերվել են երկրորդ ընթերցմամբ, բացառապես հենց ընդդիմադիր ուժերի առաջարկով են եղել: Այսինքն՝ իրենք ինչ էին ասում, որ մեկ ընկերություն, եթե արտահանի եւ օգտվի այդ 50 միլիարդ դրամի շեմից ու ստանա 10 անգամ պակաս շահութահարկի տոկոս, այսինքն՝ 20-ը դառնա 2, դա մոնոպոլիզացիայի է տանելու:

Արդյունքում փոփոխություն կատարվեց, որ ոչ թե մեկ, այլ սուբյեկտների հանրագումարի խումբը կարող է անել եւ 40 միլիոն դրամ: Իսկ ինչն է այստեղ էական, որ երկու գրաֆիկ է սահմանվում՝ մեկ, եթե 50 միլիոն դրամից ավել է, ապա՝ 2 տոկոս, եթե 40 միլիարդ դրամ է կազմում, ապա՝ 5 տոկոս: Ես բազմիցս ասել եմ, որ իրենք ցանկացած պարագայում պետք է ասեն՝ ոչ ցանկացած օրենքի, մինչդեռ իրենք սխալ են գործում:

Այսինքն՝ սա քաղաքական պահ է իրենց գործունեության մեջ ու ոչ թե մասնագիտական: Եթե նկատեցիք՝ Վարդան Այվազյանը շատ հանգամանալից ասեց այդ բոլորը, ու կարելի է ասել՝ մյուսներին իրենց տեղը դրեց՝ հստակորեն նշելով, թե օրենքն ինչ գլխավոր խնդիր է լուծում: Սա արտասահմանյան ներդրողների համար լուրջ դաշտ է բացում:

-Բայց ընդդիմադիր պատգամավորները նշում են, որ այս կերպ մենաշնորհային դաշտ է ստեղծվում, Դուք այդ կարծիքին չե՞ք, ըստ Ձեզ՝ ուղղակի ընդդիմադիր ուժերը «աղմկում» են:

-Երկրորդ ընթերցմամբ գրաֆիկում, երբ որ գրված էր՝ բիզնեսմեն-սուբյեկտների համախմբին էլ ենք իրավունք տալիս, այդ դեպքում, արդեն, վերանում է մենաշնորհի վտանգը: Կարծում եմ՝ այո, ուղղակի աղմուկ է, էլի եմ կրկնում՝ եթե իրենք մենաշնորհի վտանգ են տեսնում, իրենց առաջարկով օրենքն արդեն փոխվեց:

-Այս անգամ հիմնական «աղմկողներն» ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավորներն են՝ Հեղինե Բիշարյանի գլխավորությամբ: Ըստ Ձեզ՝ ո՞րն է պատճառը:

-Ես չեմ կարող ասել, չեմ տիրապետում, թե ՕԵԿ-ն ինչ տնտեսական լծակների է տիրապետում, ինչ բիզնեսներ ունի: Ապագան ցույց կտա:

Զրուցեց Սոնա Գրիգորյանը

Լուսանկարը՝ PanARMENIANPhoto-ի




Լրահոս