ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ Հայաստանում բոլոր տնտեսվարող սուբյեկտները հավասար դաշտում են, եւ ստուգումները միայն ԲՀԿ առաջնորդ Գ. Ծառուկյանի ընկերություններին չեն վերաբերում:
-Պարո՛ն Մելիքյան, ԱԺ ԲՀԿ խմբակցությունը որոշել է բոյկոտել ԱԺ քառօրյայի նիստերը: Ըստ ընդդիմադիր ուժերի՝ ՀՀԿ-ն շանտաժի ու տեռորի է ենթարկել Գ. Ծառուկյանին, ինչի արդյունքում էլ նա որոշել է այլեւս քաղաքական դաշտում ակտիվ չլինել: Ինչպե՞ս եք վերաբերում ԲՀԿ-ի` Աժ աշխատանքները բոյկոտելու որոշմանը:
-Որպես քաղաքական ուժ՝ իրենք են որոշում կայացնում իրենց անելիքների մասով: ԱԺ ՀՀԿ խմբակցությունը պատասխանատվություն է կրում միայն իրեն վերաբերող հարցերի մասով: Արդեն հայտարարել ենք, որ քաղաքական գործիչը պետք է զբաղվի քաղաքականությամբ, ու մենք շարունակում ենք պնդել մեր տեսակետը:
-Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ իշխանությունները շարունակում են ճնշումներ գործադրել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ: Այս օրերին նրան պատկանող ընկերություններում իրականացվում են ամենատարբեր ստուգումներ, գրեթե ամեն օր հարկային ծառայությունների աշխատողները նրան պատկանող օբյեկտներում են:
-Ես որեւէ նման տեղեկություն չունեմ, չեմ տիրապետում այն ինֆորմացիային, որի մասին Դուք նշում եք, որեւէ ճնշում չի գործադրվում: Ես ընդամենը տեղեկություն ունեմ, որ Հայաստանում գործող բոլոր տնտեսվարող սուբյեկտներում ստուգումներ են իրականացվում: Այստեղ չկա տարբերություն, թե որտեղ են իրականացվում այդ ստուգումները, ու թե ում են պատկանում ընկերությունները: Բոլորս օրենքի առջեւ հավասար ենք: Ես ընդհանուր եմ ասում, ես որեւէ տեղեկություն չունեմ, թե այժմ ում ընկերություններում են ստուգումներ իրականացվում:
-Պարո՛ն Մելիքյան, այսօր բազմաթիվ քաղաքագետներ հայտարարում են, որ ՀՀԿ-ն կարողացավ իր պատժիչ միջոցների շնորհիվ ոչնչացնել մի ամբողջ կուսակցություն ու նրա առաջնորդին: Այսինքն՝ այսուհետ, եթե որեւէ քաղաքական ուժ համարձակվի կոշտ հայտարարություններով հանդես գալ, արժանանալու է այդ ճակատագրի՞ն: Ո՞վ է լինելու հաջորդ «զոհը»:
-Ես համամիտ չեմ Ձեր ձեւակերպումների հետ, որովհետեւ իրականում նման բան չկա: Եթե նման ձեւակերպումներ են տալիս մյուս ուժերը, քաղաքագետները կամ վերլուծաբանները, ապա ես այդտեղ որեւէ բան չեմ կարող ասել, դա արդեն իրենց խնդիրն է, ու իրենց տեսակետն է: Կարծում եմ՝ ԲՀԿ-ն իր տեսակետը հայտնել է, ու իրենք ԱԺ քառօրյայի բոյկոտից հետո նշեցին, որ իրենք իրենց տեսակետը ներկայացնելու են: Իրատեսական չէ, որ այն, ինչ տեղի է ունենում, վերագրում են ՀՀԿ-ին, սրանք քաղաքական գործընթացներ են, ուրիշ ոչինչ:
-Սերժ Սարգսյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժը որակեց որպես քաղաքական չարիք: Հայաստանում նման քաղաքական «չարիքներ» դեռ կա՞ն, որոնցից ՀՀԿ-ն պետք է «ազատվի»: Օրինակ՝ ՕԵԿ կուսակցությունն ու դրա առաջնորդ Արթուր Բաղդասարյանը «չարիք» ե՞ն, թե՞ ոչ: Ի վերջո, ՕԵԿ-ն էլ է հայտարարել, որ իրենք ընդդիմություն են ու դեմ են ՀՀ իշխանություններին:
-Ընդդիմադիր լինելը դեռեւս չի նշանակում, որ այդ ուժը կարող է չարիք հանդիսանալ, մենք կողմնակից ենք կառուցողական գործընթացներին: Լրատվամիջոցները սխալ են մեկնաբանում այն պրոցեսը, որն այժմ Հայաստանում կատարվում է:
-Բայց Արթուր Բաղդասարյանն ու նրա կողմից ղեկավարվող ուժը եւս դեմ են արտահայտվում ՀՀ իշխանություններին, գրեթե նույն պահվածքն է որդեգրել, նրանք նույնպես հանրահավաք են անցկացրել: Ինչո՞ւ Ա. Բաղդասարյանը չի հեռացվում ԱԱԽ-ից, ու ինչո՞ւ ստուգումներ չեն անցկացվում նաեւ նրան պատկանող ընկերություններում:
-Դրանք միմյանց հետ որեւէ առնչություն չունեն, մարդը ներկայանում է ազգային անվտանգության խորհրդի նիստերին, մարդիկ ունեն տեսակետ, որը արտահայտում են ամբիոններից, կարիծքներ են հնչեցնում, քննարկումներ եւ այլն: ՀՀ իշխանությունների ֆունկցիան Դուք սխալ եք մեկնաբանում: Իրականում Դուք պետք է հետեւեք այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում: Դրանց հետեւելով՝ բոլորի համար էլ պարզ կդառնա այն, ինչ տեղի է ունենում:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԼՌԵԼ Է ԻՆՉՊԵՍ ԵՐԲԵՔ
Փետրվարի 12-ի ՀՀԿ հայտնի խորհրդի նիստից հետո Հայաստանի թիվ 2 քաղաքական ուժը պարալիզացվել է: ԲՀԿ խմբակցության ու կուսակցության անդամներն ապրում են խորը անորոշության մեջ, որի վերջը երեկ փորձել է տալ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ խմբակցության փակ նիստի ժամանակ հայտարարելով, թե պետք է համախմբվել, մի թիմ դառնալ նորից, որպեսզի դժվարությունները հաղթահարելի լինեն:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Նաիրա Զոհրաբյանը խմբակցության պատգամավորներին հայտնել է, թե շուտով Ծառուկյանը բոլորին կհրավիրի, կզրուցի նրանց հետ, սակայն շատ պատգամավորներ այնքան վիրավորված ու վրդովված են եղել, որ անգամ այդ տեղեկությունն իրավիճակը չի փոխել: Նրանք հարմար առիթի են սպասում՝ կուսակցությունից դուրս գալու դիմումներ ներկայացնելու համար: Ավելին՝ երբ նիստի ժամանակ Նաիրա Զոհրաբյանը չի բացառել, որ ինքը կարող է լինել ԲՀԿ նախագահը, ՕԵԿ-ից ԲՀԿ «ներթափանցած» ԱԺ պատգամավորներից Արշակ Մխիթարյանն ասել է, թե դա լավագույն առիթը կլինի, որ մենք հեռանանք ԲՀԿ-ից:
Մեզ հայտնի դարձավ, որ մի շարք պատգամավորներ՝ Արմեն Ավետիսյանը, Ռուբեն Գեւորգյանը, Աբրահամ Մանուկյանը, Գուրգեն Արսենյանը եւ այլք փետրվարի 12-ին հաջորդող օրերին Ծառուկյանի Առինջի «ամրոցում» հանդիպել են նրան, պարզաբանումներ պահանջել, թե ինչու այդպես վարվեց, սակայն Ծառուկյանը սպասվածից ավելի չխոսկան է եղել ու արտաբերել է ընդամենը մեկ նախադասություն. «Ես արյունահեղություն չեմ ուզում անեմ»: Այդ ընթացքում «Երդվյալ ազատամարտիկներ» ՀԿ նախագահ Ռուբեն Գեւորգյանը զայրացած հիշեցրել է, թե. «Բա ասում էիր մինչեւ վերջ գնալու եմ, քֆուր էիր ուտում, խի՞ մեզ քաշեցիր: Խի՞ իմ մարտական ընկեր Սերժ Սարգսյանի հետ ինձ հագցրիր»: Ծառուկյանն այս խոսքերին եւս նույն նախադասությամբ է պատասխանել: Ու երբ եղել են պատգամավորներ, ովքեր ասել են, թե դուրս են գալու ԲՀԿ-ից, որովհետեւ իրենց խաբված են զգում, Ծառուկյանն ասել է, թե հարգում է այդ որոշումը: Ասել է թե՝ նրան հրահանգված է ազատ թողնել բոլոր այն պատգամավորներին, որոնք կլքեն ԲՀԿ-ն (այլեւս հրապարակ չեն նետվի պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին դիմումները, որոնք բոլոր ԲՀԿ-ականները գրել են 2012-ի մայիսի ԱԺ ընտրություններից առաջ):
Հիմա ԲՀԿ-ական պատգամավորներից մի քանիսը՝ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանը, Աբրահամ Մանուկյանը, Վահե Հովհաննիսյանը, Վարդան Օսկանյանը եւ էլի մեկ-երկուսը, ուղիղ շփում ունեն Ծառուկյանի հետ, մնացած բոլորը կա՛մ չեն շվում, կա՛մ Նաիրա Զոհրաբյանի միջոցով են հաղորդակցվում:
Ի դեպ, որպես կուսակցության նախագահի հավանական թեկնածու հնչում է նաեւ Վարդան Օսկանյանի անունը, որը, սակայն, մերժված է Սերժ Սարգսյանի կողմից ու, հետեւաբար, չի կարող սպասվելիք համագումարի արդյունքում ընտրվել ԲՀԿ առաջնորդ: Այլ, ավելի հարմար թեկնածու պետք է ընտրեն ԲՀԿ-ականները, որպեսզի այս կուսակցությունը ՀՀԿ-ի կողմից կառավարելի լինի:
Հ. Գ. Երեկ ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, կատարեց իր խոստումը, եւ խմբակցության քարտուղարը հայտարարեց, որ ԱԺ նիստերը բոյկոտում են: Բայց պահանջը ոչ թե ԲՀԿ ակտիվիստ Արտակ Խաչատրյանի ծեծի մեղավորներին պատժելն էր, այլ ներքաղաքական իրավիճակը:
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ ԵՆ
Բանակից խուսափողներին օժանդակելու համար ձերբակալված 5 անձանցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից: Մեկը (մեզ հասած տեղեկություններով` հավանաբար Ալեն Բաբայանը) ստորագրությամբ ազատ է արձակվել: Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի եւ ԱԱԾ-ի համատեղ իրականացրած օպերացիայի արդյունքում փետրվարի 12-ին ձերբակալվել էին ՀՀ ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Այվազյանը, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ալերգոլոգիայի բաժանմունքի վարիչ Քրիստինա Ջամալյանը, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրեն Արտակ Հարությունյանը, «Նոր Արեշ» պոլիկլինիկայի նախկին տնօրեն Ալեն Բաբայանը եւ զորակոչիկ Սամվել Վերդիյանը:
ԴԵՌ ԹԱՓՈՒՐ Է
ՀՀ Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պաշտոնը մոտ վեց ամիս է, ինչ թափուր է: Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրեն Խաչատրյանի վերանշանակվելուց հետո մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանը, կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Նաիրա Ավանեսյանը եւ մարզպետի տեղակալ Աշոտ Մարդյանը հրաժարականի դիմումներ ներկայացրին: Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետը նշանակվել է՝ Հովիկ Ալեքսանյանն է:
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, մեկնաբանելով իրենց նախարարության աշխատակցի` 52-ամյա Աշոտ Վարդանյանի` իր առանձնատան այգու վագոն-տնակում ինքնասպանություն գործելու դեպքը, ասաց, որ նա չի եղել մշտական աշխատող: «Նա դեպքից դեպք է աշխատել մեզ համար, այլ մանրամասներ չեմ կարող եւ չեմ էլ ուզում ասել: Դիմեք ոստիկանություն»,- ասաց նախարարը: Մեր տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած տղամարդը ծանր հիվանդ է եղել:
ՓԱԿԵԼ ԵՆ
«Ժողովուրդ»-ն իր՝ փետրվարի 19-ի համարի «Սգո սրահները սթրեսի մեջ են պահում մարդկանց» հրապարակման մեջ գրել էր, որ Կոտայքի մարզի Զովունի համայնքի բնակիչներն արդեն ութ ամիս է, ինչ ծանր հոգեբանական ապրումների մեջ են. նրանք պահանջում են, որ պատկան մարմինները համապատասխան միջոցներ ձեռնարկեն իրենց տների հարեւանությամբ գործող սգո հանդիսությունների սրահները փակելու ուղղությամբ: Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հրապարակումից հետո երկու սգո սրահներից մեկն արդեն իսկ փակվել է: «Սգո սրահներից մեկի սեւ ժապավենները հանել են, իսկ դա նշանակում է, որ այն չի գործի: Բայց խոսակցություններ են պտտվում, որ երկրորդ սրահն էլ կփակվի: Մենք էլ հուսով սպասում ենք»,- գոհունակությամբ ասաց սգո սրահների դեմ բողոքող Վոլոդյա Միրզախանյանը: