Ի՞ՆՉ Է ՊԱՏՄՈՒՄ ԵՐԵԽԱՅԻՆ ՍՊԱՆԱԾ ՄԱՅՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստեփանավան քաղաքում նորածին երեխային սպանած Արմինե Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ իր երեխան մահացած է ծնվել, եւ ինքը չէր կարող կենդանի երեխային թաղել:

Նախ՝ պաշտոնապես
Փետրվարի 21-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնից ստացվել են Արմինե Սարգսյանի նորածին երեխայի սպանության վերաբերյալ նախապատրաստված նյութերը: Ըստ դրանց, տվյալներ են ձեռք բերվել, որ Ստեփանավան քաղաքի բնակչուհի, 1988 թվականի ծնված Արմինեն, ժամանակավորապես միայնակ բնակվելով Լոռու մարզի բնակիչ Մ. Ասատրյանին պատկանող վագոն տնակում, 2015 թվականի փետրվարի 5-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ծննդաբերել է արական սեռի երեխա: Նախնական տվյալներով՝ ծննդաբերությունից անմիջապես հետո երեխան սպանվել է, իսկ հետագա օրերին հուղարկավորվել Ստեփանավան քաղաքի «Ռուսական» կոչվող գերեզմանատանը:

Ո՞վ է Արմինե Սարգսյանը
«Ժողովուրդ-ը պարզեց, որ Արմինե Սարգսյանը իր մայրիկի՝ Սիրամարգ Սարգսյանի հետ դիմել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարին եւ այդ ընթացքում պատմել, որ իր ընտանիքն ապրել է վատ պայմաններում, եւ 18 տարեկանում աշխատելով խանութներից մեկում սպասք լվացող՝ ծանոթացել է Համլետ Հայրումյանի հետ, իսկ ավելի ուշ՝ ամուսնացել: Ըստ Արմինե Սարգսյանի՝ ամուսնությունից հետո՝ երկու շաբաթ անց, ընտանիքում սկսվել են ընտանեկան անախորժությունները, եւ Համլետը ծեծել է Արմինեին. «Մեր ընտանիքում կռիվը սկսեց, երբ գելը կերավ Համլետի էշին: Համլետն եկավ տուն ու ասաց, թե ոտդ լավը չէր, դրա համար գելը էշին կերավ: Ասեցի՝ ես ինչով եմ մեղավոր: Հետո վերցրեցին իմ նշանի մատանին, ասեցին՝ հետո կառնեն, բայց այդպես էլ չվերադարձրեցին: Ամեն օր խմում էր, ծեծում ինձ»: Բայց այս պայմաններում Համլետը եւ Արմինեն համատեղ կյանքի ընթացքում ունենում են երեք որդի:
Տեղեկացնենք, որ Արմինեի ամուսինն էլ իր հերթին է դժգոհել կնոջից: Նա տանը եղած անախորժությունների մեջ մեղադրել է Արմինեին: Նա նաեւ հայտարարել է, թե Արմինեն իր նախկին ամուսնու հետ դավաճանել է իրեն: Ի դեպ, Արմինեի առաջին ամուսինը` Համլետը, թմրանյութ օգտագործելու համար ազատազրկման է դատապարտված եղել:
Ինչեւէ, այս պայմաններում Արմինեն մի օր որոշել է վերջ դնել խոշտանգումներին ու հեռանալ ամուսնուց: Տանից դուրս գալուց հետո նա երկու որդիներին հանձնել է մանկատուն:
Հավանաբար փորձել է կյանքը դասավորել եւ Համլետ Հայրումյանից հեռանալուց հետո Արմինեն հանդիպել է մեկ այլ տղամարդու` Արմեն Ավդալյանին, որից ավելի ուշ հղիացել է: Սակայն Արմենն էլ իր հերթին հայտարարում է, որ ինքը կասկածներ ունի, թե Արմինեն հենց իր երեխային է սպասում: «Փորձաքննություն կա, բան կա, պետք է հասկանանք՝ դա իմ երեխան է, թե ոչ: Ես կասկածում եմ»,- հայտարարել է Արմենը:
Ու մինչ նա կպատրաստվեր երեխայի ծնունդից հետո փորձաքննությունների դիմել, Արմինեն հաղորդաշարի ժամանակ հայտարարում է, որ Արմենն իրեն գործարք է առաջարկել՝ ասելով, թե արի երեխային ծախենք, մեքենա գնենք: Նկատենք, որ Արմինե Սարգսյանը հաղորդաշարի օգնության էր դիմել մեկ նպատակով, որպեսզի իր երեխաների հայրերն օգնեն իրենց, երեխաների համար ալիմենտ վճարեն, քանի որ ինքը միայնակ չի կարող երեխաներին պահել: Սակայն, ինչպես նկատում ենք, Արմինեի ամուսինները չեն կատարել կնոջ խնդրանքը, եւ ահա այս պատմությունից 2,5 ամիս անց Արմինե Սարգսյանը հայտնվել է մեկ այլ աղմկալի պատմության մեջ:

Ի՞նքը չի սպանել
Փետրվարի 21-ին Արմինե Սարգսյանի նորածին երեխայի սպանության վերաբերյալ նյութեր են նախապատրաստվել: Տվյալներ են ձեռք բերվել, որ Արմինեն, ժամանակավորապես միայնակ բնակվելով Լոռու մարզի բնակիչ Մ. Ասատրյանին պատկանող վագոն տնակում, 2015 թվականի փետրվարի 5-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ծննդաբերել է արական սեռի երեխա: Ծննդաբերությունից անմիջապես հետո երեխան սպանվել է, իսկ հետագա օրերին հուղարկավորվել Ստեփանավան քաղաքի «Ռուսական» կոչվող գերեզմանատանը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արմինե Սարգսյանը պատմեց, որ երեխան ժամկետից շուտ է ծնվել, իսկ ինքն այդ պահին տանը մենակ է եղել .«Ոչ մի մարդ չի եղել կողքիս, մեկ ամիս կար, որ նա ծնվեր, բայց երեխան շուտ ծնվեց, ու երեխային դրեցի կողքիս ու ուշագնաց եմ եղել»:
Ըստ Արմինեի՝ ինքը երեխայի ծնվելու երրորդ օրը հուղարկավորել է.«Երբ երեխան ծնվեց, մի ձայն չլսվեց, հեռախոս էլ չունեի, որ շտապօգնություն զանգահարեի, օգնություն կանչեի: Շատ վատ վիճակում էի: Մի քիչ ուշ հարեւանը եկավ, տեսավ, որ երեխան մահացած է, հետո տեսանք, որ պորտալարը կոկորդին փաթաթված է եղել: Ես ոնց կարող էի իմ երեխային խեղդել, ինչքան էլ ընտանիքից նեղված լինեի, այդ քայլին չէին գնա, կտայի մանկատուն, բայց ոչ սպանել»:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի գրավոր ցուցումով 2015 թվականի փետրվարի 21-ին Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 
ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԴՊՐՈՑՈՒՄ

Փետրվարի 22-ին Երեւանի 195 ավագ դպրոցի մոտ աշակերտների միջեւ սկսած վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ: Armlur.am-ին հայտնի է դարձել, որ 15-ամյա Բենիկ Նիկողոսյանը եւ 14-ամյա Վարդան Սահակյանը կրծքավանդակի կտրած-ծակած վերքերը ստացել են 11-րդ դասարանի աշակերտներից մեկի հետ վիճաբանության արդյունքում:

Armlur.am-ի հետ զրույցում 195 ավագ դպրոցի տնօրեն Անահիտ Պողոսյանը նշեց, որ իրենց աշակերտը, ով մեղադրվում է դանակահարության մեջ, պարկեշտ եւ համեստ տղա է: Նրա այդ քայլը, Անահիտ Պողոսյանի խոսքով, զարմացրել է դպրոցի ուսուցչական անձնակազմին: «Ուսուցիչներն ասում են` ցանկացածից կսպասեինք, բայց նրանից` երբեք»,- շարունակեց տնօրենը: Վերջինիս հասած տեղեկությունների համաձայն` վիճաբանությունը սկսվել է հեռախոսի պատճառով: Մեր զրուցակիցը ներկայացրեց տեղի ունեցածի հանգամանքները. այսպես՝ 8-րդ դասարանի երկու աշակերտ դուրս են եկել խնջույքից, դպրոցի մոտ տեսել 11-րդ դասարանի աշակերտի, ումից հեռախոս են խնդրել: «Այս տղան տվել է հեռախոսը, մյուսները երկար խոսել են հեռախոսով եւ շարժվել առաջ: Նա էլ հեռախոսը վերցնելու համար քայլել է նրանց հետեւից: Հետո սկսել են վիճել, թե դու ինձ լավ չբարեւեցիր: Ինձ թվում է` 11-րդ դասարանցին դանակը ձեռք է բերել բարեկամի տնից, որը դպրոցի մոտ է գտնվում»: Անահիտ Պողոսյանը հայտնեց նաեւ, որ ուշ երեկոյան տղան ոստիկանությունում ցուցմունք է տվել, ժամեր անց ազատ արձակվել, այժմ գտնվում է ծնողների հսկողության տակ:
Armlur.am-ին հայտնի դարձավ նաեւ, որ դեպքի մասնակից 8-րդ դասարանի աշակերտները Երեւանի 168 դպրոցից են: Պարզվեց` 168 դպրոցի տնօրենը` Սոնա Գալստյանը, աշակերտների մասնակցությամբ դանակահարության մասին այլ տեղեկություններ ունի: Մեր զրուցակցի խոսքով` լուրեր են շրջանառվում, թե վիճաբանությունը սկսել է խանդի հողի վրա: «Տղաներից մեկը ինչ-որ աղջկա է հավանել: Ու մյուսների հետ անհամաձայնությունների պատճառով այսպիսի բան է եղել»,- ասաց Սոնա Գալստյանը:
Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

 

ԾԵԾԵԼ ԵՆ
Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն էր դիմել Արմավիրի մարզի Ամասիա համայնքի բնակիչ Լիանա Մկրտչյանը եւ խնդրում էր, որ օգնեն իրեն, որպեսզի ոստիկանության Արմավիրի բաժնի աշխատակիցները թույլ տան իր երեխային տեսնի: Ըստ տիկին Լիանայի՝ իր որդուն պահում են ոստիկանության Արմավիրի բաժնում մի հանցագործության համար, որը նա չի կատարել: Ավելին, ըստ մոր՝ որդուն եւ իր ընկերներին քննիչներն ու ոստիկանները ծեծելով են ստիպել իրենց վրա վերցնել չկատարած հանցագործությունները:
Եվ այսպես՝ Լիանա Մկրտչյանը պատմեց, որ աշխատում է Արմավիրի մարզի Ամասիա համայնքի դպրոցում որպես ուսուցչուհի: Ըստ տիկնոջ՝ փետրվարի 20-ին համայնքի տեսուչ Սահակը իրեն տեղեկացրել է, որ որդին՝ Ցոլակ Հովհաննիսյանը, համայնքային զինկոմիսարիատի կողմից հետախուզման մեջ է գտնվում. «Ես տեսուչին ասացի, որ իմ երեխան պրոբլեմատիկ երեխա է եւ հոգեբուժարանում անգամ պառկած է եղել: Ինչեւէ, զանգահարեցի զինկոմիսարիատ, ինձ ասացին, որ նման բան չկա: Հաջորդ օրը՝ փետրվարի 21-ին, ոստիկանության աշխատողները մեր տեսուչի հետ եկան եւ ինձ ասացին, թե որդիս՝ Ցոլակը, հանցագործություն է արել՝ դանակահարություն, եւ փախուստի մեջ է: Ասեցի, թե հնարավոր չէ, ու ոստիկանների հետ գնացինք Արաքսավան գյուղ, որտեղ որդիս անասուն է պահում: Հետո ոստիկաններն ինձ մեկ այլ մեքենայով, որդուս այլ մեքենայով ուղարկեցին ոստիկանություն: Իմ երեխան սթրես տարած երեխա է, ու այդ ամենը հաշվի չառնելով՝ ինչքան չբացահայտված հանցագործություններ կան, ուզում են գրեն Ցոլակիս վրա: Այնպիսի գյուղերի անուններ են տալիս, որ էլ ասելու չէ: Ինձ Արմավիրի քրեականի պետը՝ Համլետ Վասիլյանը, ասաց՝ մի բողոքի մեր վրա, թե չէ մենք էլ կարանք ինչ ասես՝ անենք»:
«Ժողովուրդ»-ի խմբագրություն էր եկել նաեւ Արտաշը, որը եւս իր եղբոր՝ Գեւորգի եւ Ցոլակի հետ ոստիկանությունում է եղել: Նա պատմեց, որ իրենց դաժանորեն ծեծել են. «Ինձ ասում էին՝ այդ գողությունները վերցրա վրեդ, դու պիտի սատկես: Նույնիսկ ասեցին, թե Ցոլակն ու Գեւորգն ասել են, որ իրենք են այդ գողություններն իրականացրել, բայց ես տղերքի ձենները լսում էի, թե ոնց էին ասում՝ մեջքներս պոկվեց: Ինձ չոքացրել էին գետնին, ասում էին՝ եթե չանես, ծնողներիդ համար վատ կլինի, բերդում կփթեք»:
Իհարկե, քաղաքացիները պնդում էին, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցներն են ծեծի ենթարկել, բայց, այնուամենայնիվ, հիշեցնենք, որ քրեական գործի քննությունն իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեն: Ուստի չի բացառվում, որ նաեւ քննիչներն են եղել բռնություն գործադրողները:
Ամեն դեպքում հուսահատված քաղաքացիները պատրաստվում են կատարվածի ահազանգով դիմել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ խնդրելով օգնել իրենց ազատվել տեղական ճնշումներից:

Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

ԱՆՀԵՏԱՑԵԼ Է
Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի 7 բ շենքի 44 բնակարանի բնակիչ, 25-ամյա Արթուր Սուրենի Աֆյանը։ Նա տնից դուրս է եկել փետրվարի 21-ին՝ ժամը 02.00-ի սահմաններում, եւ այլեւս չի վերադարձել: Աֆյանը ռուսական սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայող է եւ դեպքի օրը եղել է ծառայությունից դուրս։




Լրահոս