ԱՅՍ ՏԱՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՆՎԱԶԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որքան էլ իշխանությունները տարփողում էին ԵՏՄ-ին անդամակցությունից ակնկալվող օգուտների մասին, առայժմ դրանք տեսանելի չեն: Ավելին՝ ստացվում է, որ այսօր շատ ապրանքատեսակներ Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն չեն արտահանվում, մասնավորապես` ձկնամթերքը, մսամթերքը, որոնցից առաջինը, ի դեպ, մինչ ԵՏՄ-ին անդամակցելը արտահանվում էր նույն ՌԴ: Ներկայումս բազմաթիվ այլ ապրանքների արտահանման հարցն էլ անորոշ վիճակում է: «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ` ԵՏՄ-ին անդամակցությւնից հետո Հայաստանի տնտեսությունում ստեղծված իրավիճակի շուրջ:

-Պարո՛ն Մակարյան, չնայած այն փաստին, որ Հայաստանն արդեն երկու ամիս է, ինչ ԵՏՄ անդամ է, սակայն ԵՏՄ անդամ երկրների, մասնավորապես ռուսական շուկայի հետ մեր տնտեսական համագործակցությունն առայժմ բավական փոքր ծավալներով է: Ո՞րն է պատճառը:
-Մսամթերքի հարցը դեռ լուծված չէ, այն ընթացքի մեջ է: Ինչ վերաբերում է արտահանման ծավալներին, ապա դրանք նվազել են: Մենք մի քանի անգամ բարձրաձայնել ենք, որ այս իրավիճակը բերեց նրան, որ որոշ հայկական ընկերություններ տուժեցին, իսկ մի մասն էլ՝ դադարեցրեց իր արտահանումները: Հիմա էլ բավականին ընկերություններ չեն վերսկսել իրենց արտահանումը, հատկապես պահածոների, հյութերի, նույնիսկ խմիչքների բնագավառում: Այս ընկերությունները բավականին տուժեցին, որովհետեւ ռուսական ռուբլու արժեզրկումը բերեց նրան, որ իրենք, կախված ապրանքատեսակից, համարյա մինչեւ 30 տոկոս տուժել են:
-Սա կարելի՞ է կապել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ:
-Սա ԵՏՄ-ի հետ կապել պետք չէ, որովհետեւ ԵՏՄ-ի առումով պետք է աշխատեն նոր սկզբունքները, որոնք արդեն ներմուծման մասով իրական են դարձել: Հնարավոր է, որ մոտ 30 ապրանքատեսակներ չունենան մաքսատուրք, եւ դրա շնորհիվ ավելի էժան ներմուծվեն կամ առանց մաքսատուրքի ներմուծեն:
-Դրանցից կարեւորները կթվե՞ք:
-Սարքավորումներ, համակարգչային տեխնիկա, ավտոմոբիլներ, սննդի որոշ տեսակներ: Այսինքն՝ ԵՏՄ-ն միակողմանի է աշխատում, ներմուծման մասով լավ է աշխատում, իսկ արտահանման մասով էական տարբերություն չկա, որովհետեւ Ռուսաստանի վիճակն է թելադրողը: Այն դեռ չի կարգավորվում, իսկ մեր ապրանքները դեպի ռուսական շուկա այդքան էլ հեշտությամբ չեն մուտք գործում, ինչի արդյունքում վնասներ ենք կրում:
-Այս իրավիճակի շուրջ արտահանողներն ի՞նչ են մտածում:
-Իրենք մի քանի ճանապարհ ունեն. նրանց մի մասը հենց հիմա էլ շարունակում է արտահանել վնասով եւ շուկաներ ձեռք բերելու համար մեծ գումարներ է ծասխում: Եւ որպեսզի այդ շուկաները չկորցնեն, իրենք շարունակում են այս կերպ աշխատել: Երկրորդ տարբերակն այն է, որ ռուսական կողմն իր շահութաբերությունն ապահովելու համար հայկական ընկերություններին խնդրում է ապրանքն էժանացնել: Եթե մերոնք նույն գներով արտահանեն, ապա իրենք էլ շահույթ չեն ունենա: Հիմա մեր ընկերությունները մտածում են, թե ինչ անեն: Օրինակ՝ պահածոների ոլորտում պետք է համաձայնեն, քանի որ եթե պահեստում մնան իրենց պահածոները եւ մինչեւ գարուն չվաճառվեն, ապա դրանք արդեն ամռանը, առավել եւս` աշնանը, թարմ չեն լինի:
-Հայկական արտադրատեսակները որքանո՞վ են մրցունակ ռուսական շուկայում թե՛ որակի, թե՛ արտաքին տեսքի, թե՛ գնի առումով: Մեր հանրապետությունում արտադրված հատկապես ո՞ր ապրանքատեսակն է նոր ներկայացվել եւ ավելի լավ ընդունվել:
-Մեր արտահանումը դեպի ՌԴ կազմում է մոտավորապես 331 մլն դոլար, որից մոտ 157 մլն-ը ալկոհոլային խմիչքներից է, իսկ մնացածը՝ թարմ ձուկ, թարմ մրգեր, խաղող, բանջարեղեն եւ պահածոներ: Քանի որ դրանք մինչեւ հիմա արտահանվել են իրենց փաթեթավորումով, ապահովվել է արագ տեղափոխությունը, այս առումով, բնականաբար, հայակական ապրանքները մրցունակ էին: Բայց հիմա քանի որ ռուսական շուկայում գներն առանձնապես չեն բարձրացել, ներմուծող ռուսական ընկերությունները եկամուտ չեն ունենում, այս պատճառով էլ մրցունակության նոր խնդիր է առաջանում: Այսինքն՝ մերոնք գինը իջեցնում են, որակը, փաթեթավորումն ապահովված է, բայց գինն արդեն չի համապատասխանում, որն էլ տեղական արտահանողին ձեռնտու չէ: Մյուս կողմից մերոնք մրցակցում են թուրքական արտադրանքի հետ, որովհետեւ իրենք նոր են մտել ռուսական շուկա:
-Պարո՛ն Մակարյան, իսկ ինչպիսի՞ հեռանկարներ եք տեսնում:
-Առանձնապես լավ հեռանկար չեմ կանխատեսում: Ես կարծում եմ, որ 2015 թվականին մեր արտահանման ծավալները կնվազեն: Հնարավոր է, որ լինեն ընկերություններ, որոնք շուկայից դուրս թռնեն՝ չդիմանալով այդ իրավիճակին: Պետությունը պետք է օգնի, սուբսիդավորի նրանց կրած վնասները, որպեսզի նրանք ի վիճակի լինեն գյուղացիներից մթերք գնել: Մեծ ձեռնարկությունները պետք է վարկերի աջակցման, այլ մեխանիզմների շրջանակում փորձեն իրենց արտադրողականությունը, տեխնոլոգիաները լավացնեն:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 

ԱՉՔԿԱՊՈՒԹՅՈՒՆ
Գյումրիում սպանված Ավետիսյանների հարազատները փետրվարի 23-ի առավոտից բողոք-պահանջով Շիրակի մարզի գլխավոր դատախազ Րաֆֆի Ասլանյանի աշխատասենյակում էին: Նրանք պահանջում էին, որ դատախազն իրենց ներկայությամբ կապվի ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ, որպեսզի նա պարզաբանի, թե ինչու են մինչ օրս իրենց խաբում՝ վստահեցնելով, թե դիմել են ՌԴ դատախազին: Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ջուլիետա Պետրոսյանը, պնդում էր, որ իրեն լուրեր են հասել, թե ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան պատասխանել է Գեւորգ Կոստանյանին եւ մերժել է Պերմյակովին Հայաստանի արդարադատությանը փոխանցելու դիմումը: Շիրակի մարզի գլխավոր դատախազ Րաֆֆի Ասլանյանը հայտարարեց, թե այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում եւ հորդորեց սպանվածների հարազատներին դիմել քննչական կոմիտե:
Հասմիկ Ավետիսյանի մյուս քույրը` Ռիտա Պետրոսյանը, ով տուժողի իրավահաջորդ է ճանաչվել, մեզ հետ զրույցում ասաց. «Մենք չենք հավատում, որ 19 տարեկան լակոտը նման բան կաներ: Ինչո՞ւ իրավապահները մեզ չեն տալիս այն հագուստը, որը իբր դա մեր տանից է վերցրել, որը իբր Արմենինն է: Մենք ո՞նց համոզվենք, որ չեն ստում, թե Արմենի շորերն է հագել սպանելուց հետո: Մեկ էլ ասում են, թե ինչ-որ դեղ են հայտնաբերել, քսուք, որը Պերմյակովինն է, իբր դա ուղարկել են փորձաքննության, բա պատասխանն ո՞ւր ա: Փետրվարի 18-ին մեզ ձեւական հրավիրեցին քննչական վարչություն, ճանաչեցին իրավահաջորդ, աչքներս կապեցին»,-պատմեց հուսահատված կինը:
Նշենք, որ ավելի ուշ դատախազություն այցելեց Գյումրու ոստիկանության Կումայրու բաժնի պետ Արամ Ղարիբյանը, ով Ավետիսյանների ընտանիքի անդամների հետ փակ զրույց ունեցավ: Զրույցի արդյունքները չբավարարեցին բողոքավորներին, քանի որ ոստիկանապետը ժամանակ էր խնդրել եւ ասել, որ ավելի ուշ իրենց հետ կապ կհաստատի: Ավետիսյանների հարազատներն իրենց բողոքի ակցիան շարունակեցին ոստիկանության Կումայրու բաժնի առջեւ՝ ընդգծելով, որ իրենց արդար բողոքի ձայնը տեղ չհասնելու դեպքում՝ կրկին ոտքի են հանելու գյումրեցիներին:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրի

 

ՀԱՐՎԱԾԵԼ Է ՓՈԽԳՆԴԱՊԵՏԻՆ
Երեւան քաղաքի բնակիչ, 1962թ. ծնված Աշոտ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող՝ 2014թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 01.00-ի սահմաններում, խախտել է ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի կանոնները, չնչին առիթով վիճաբանել է իր նկատմամբ պետ հանդիսացող, փոխգնդապետ Ա.Զ.-ի հետ, որի ընթացքում բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ, բռունցքով հարվածել է դեմքին եւ պատճառել միջին ծանրության մարմնական վնասվածք: Ա. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 358 հոդվ. 3-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրգործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս