«ԴԱ ԷՍ ՉՓԼԱԽ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՄՈԹՆ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն այն կարծիքին է, որ գրականությունը սեր է, մեծ սեր: Ըստ նրա` եթե կարդում ես, եւ գրվածքը հոգիդ չի ջերմացնում, ուրեմն գրական դաշտում հայտնված հերթական «ջեբկիրին» ես հանդիպել: «Ժողովուրդ»-ը բանաստեղծի հետ զրուցել է վերջինիս ներկայացրած «ընդդիմադիր գրականության», այսօրվա նորարար ստեղծագործողների, պոեզիայի նվազ մասսայական լինելու եւ այլ թեմաների շուրջ:

-Պարո՛ն Մանուկյան, որոշ գրականագետների կարծիքով` Դուք ոչ միայն ժամանակին համընթաց, այլեւ դրան դեմ քայլելու հանդգնություն եք ունեցել: Եթե համաձայն եք այս կարծիքին, կասե՞ք` այդ հանգամանքը Ձեզ ո՞ր դեպքում է օգնել եւ ո՞ր դեպքում՝ վնասել:
-Չգիտեմ` երբ եմ ժամանակին դեմ եւ երբ համընթաց. ես իմ ժամանակն եմ տիրական դարձնում, որտեղ շրջանցված են նյութին ստրկացածները` իրենց պետքարանային գոյությամբ: Անհագությամբ չափվող պալատներում փողակույտի տակ հայտնված այսքան ընչաքաղցների ներկայությունը վտանգավոր է մեր փոքրիկ երկրի համար: Երբ ներսիդ անասունը, ոտքի կանգնելով, սպանում է քո միջի մարդուն, արդեն ամեն բան արժեզրկվում է: Դրա արդյունքը մեր այսօրվա գաղջ մթնոլորտն է: Օգնելու կամ խանգարելու խնդիր չեմ տեսնում. փորձում եմ իմ ժամանակը դատարկությամբ չլցնել:
-Ձեր պոեզիան քաղաքացիական դիրքորոշման տեսանկյունից կարելի է համարել «ընդդիմադիր գրականություն»: Առհասարակ, Դուք Ձեզ ընդդիմադիր կամ ըմբոստ համարո՞ւմ եք:
-Հեշտ չէ մարդկային իրական արժեքներին մշտապես դավանել մի ժամանակահատվածում, երբ շուրջդ պատեհապաշտների, քծնողների, աթոռամոլների, դիմակավորների պակաս չես տեսնում. սրանք հայ մշակույթից օտարված գոյություններ են, մեր մշակույթը նմանների համար հող չի նախապատրաստում, բայց այս փչված քծնանքակույտերն անընդհատ վերարտադրվում են: Եթե ըմբոստություն եք համարում այդ «կանոնավոր, տոհմիկ բոզի տղերքին» հակադրվելը, ուրեմն` այո:
-Լինելով դասական պոեզիայի հետեւորդ` ի՞նչ կարծիք ունեք այսօրվա նորարար ստեղծագործողների մասին:
-Գրականությունն իր բնույթով նորարարություն է` Հովհաննես Հովհաննիսյան, Թումանյան, Տերյան, Չարենց, Մահարի. նորարարներ են: Ձեր ակնարկածը աչառու գրականագետների հորինածն է` չկայացած գրողներին գրական դաշտում տեղ հատկացնելու համար: Գրականությունը սեր է, մեծ սեր… Եթե կարդում ես, եւ գրվածքը հոգիդ չի ջերմացնում, ուրեմն գրական դաշտում հայտնված հերթական ջեբկիրին ես հանդիպել, եւ այդ սուտ գրականագետ-բառաբանիստները ոչ մի կերպ չեն կարող դրան գրող դարձնել:
-Չե՞ք կարծում, որ պոեզիան այլեւս չունի այն մասսայականությունը, ինչ 30-40 տարի առաջ: Ըստ Ձեզ՝ ո՞րն է դրա պատճառը:
-Երեւի չափից ավելի փորձարարություններ արեցին ընթերցողի գլխին, եւ ժամանակն էլ իր անակնկալ հարվածներով մարդուն հոգեւոր տարածքներում սքանչանալու հնարավորություն չի թողնում: Պոեզիան կյանքն է՝ իրական, ապրեցնող կյանքը, նրա պակասելով՝ մահվան տարածքներն են ավելանում: Ուրախությամբ խոստովանեմ, որ ընթերցողի պակաս չեմ ունեցել: Որոշ գործեր անգամ քարերին եմ տեսել սեպագրված. «Բարձունքը մերն է, տղերքը չկան…»:
-Պարո՛ն Մանուկյան, եթե հաշվի առնենք, որ գրականությունը գրողին հաց չի տալիս, այդ դեպքում, ըստ Ձեզ, ի՞նչ է տալիս:
-Տարիներ առաջ էր, երբ «Սովետական գրականություն» գրական հանդեսում շարքս էր տպագրվել, Վահագն Դավթյանը կարդացել, հավանել էր եւ զրույցի հրավիրել: Ասաց` ջահել բանաստեղծ տեսնելիս՝ ոգեւորվում եմ, որովհետեւ բանաստեղծները շանթարգելներ են, եթե չլինեն, ազգը կայծակնահար կլինի ու կկործանվի: Էս փոքր տարածքում գրողի պարգեւած ոգեղեն հսկա սահմանների պատճառով է, որ շունչներս չի կտրում: Ու որ արժեքներ արարող գրողն իր ստեղծածով հաց չի վաստակում, դա էս չփլախ պետության ամոթն է, ոչ թե նրա: Բացառի՛ր երեկվա եւ այսօրվա գրողի ներկայությունը, եւ երկիրդ միանգամից կորբանա:
-«Դեռ կարող են մանուշակներ հայտնվել խորշոմներում երերացող աշխարհի…», սրանք Ձեր տողերն են, որոնցում հույսի, լավատեսության նոտա կա, իսկ դա այնքա՜ն է այսօր պակասում մեր ժողովրդին…
-Ես հավատում եմ հայոց գրի զորությանը, ոգեղեն ուժին, որով էլ պայմանավորվում է մեր լինելիությունը: Միայն մշակութային վերածննդով կարող ենք հզոր երկիր ունենալ, եւ մեր հաղթական ընթացքն անկասելի կլինի:

 

 

 

 
«ՍՊԻ»՝ «ԿԵՂԾ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ», ԹԵ՞ «ՍՐՏԱՌՈՒՉ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»

Վենետիկի փառատոնի մրցանակակիր, գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի` Հայոց ցեղասպանության մասին պատմող «Սպի» ֆիլմը Հայաստանում տարաբնույթ կարծիքների տեղիք տվեց: Օրերս համացանցում բուռն քննարկման թեմա դարձավ կինոգետ Րաֆֆի Մովսիսյանի գրախոսականը` «Սպի. կեղծ խոստովանություն» վերնագրով:

Նա նշել էր, որ ֆիլմին շատերն էին սպասում, եւ հատկապես նրանք, ովքեր հավատում էին, որ այն անդրադարձ է Մեծ եղեռնին եւ կարող է նպաստել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: «Ֆիլմը դիտելուց հետո հասկանալի է դառնում, որ «Սպին» ո՛չ նալին է խփում, ո՛չ մեխին, ավելին` հեղինակի դիրքորոշումն էլ ամեն գնով քողարկվում է»,-նկատել է կինոգետը:
Փոխարենը` նրան հիացրել է մեկ այլ թուրք ռեժիսորի` Դեւրիմ Աքայայի «Դիյար» («Հողը») ֆիլմը, որում, ըստ նրա, առկա է խորը ցավ դարեր առաջ կատարված ոճրագործության առնչությամբ: Մեր այն հարցին, թե ինչու «Սպի»-ն Հայաստանում մեծ տարածում գտավ, իսկ «Հող»-ը` ոչ, Րաֆֆի Մովսիսյանը պատասխանեց. «Մենք տառապում էինք մի մտքով, որ մի հայտնի ռեժիսոր նկարի ցեղասպանության մասին ֆիլմ, եւ ուղղակի ցնծության մեջ հայտնվեցինք` իմանալով, որ հերիք չէ` նկարողը հայտնի ռեժիսոր է, նաեւ ազգությամբ թուրք է: Ու բոլորին թվում էր, թե մի «Շինդլերի ցուցակ» է նկարվելու, բայց արդյունքում նա նկարեց վատ կինո, որը հաշվարկված է, եւ ուղղակի չի արտահայտում կատարվածի իրական պատկերը»:
Իսկ, ահա, մեկ այլ կինոգետ Զավեն Բոյաջյանն էլ, անդրադառնալով «Սպի» ֆիլմին, «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում գրել է, որ այն սրտառուչ ու մարդկային պատմություն է, հայանպաստ կինոգործ, նաեւ որով Հայոց ցեղասպանությունը կարող է ճանաչվել աշխարհում: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչ կարծիք ունի կինոգետը Րաֆֆի Մովսիսյանի այն գնահատականի վերաբերյալ, ըստ որի՝ «Սպի»-ն որեւէ տեսարանում կամ նույնիսկ ենթատեքստում չի հակադրվում պաշտոնական Անկարայի դիրքորոշմանը Հայոց ցեղասպանության խնդրի վերաբերյալ, Զավեն Բոյաջյանը պատասխանեց. ««Սպի»-ն գեղարվեստական ֆիլմ է, որը պաշտոնական Անկարայի դիրքորոշման հետ առնչություն չունի, քանի որ քաղաքական մանիֆեստ չէ: Ավելին՝ կասեմ, որ ֆիլմը եւ ռեժիսորը, ի տաբերություն պաշտոնական Անկարայի, բնավ չեն ժխտում Հայոց ցեղասպանությունը, եւ ֆիլմը նկարելու ռեժիսորական շարժառիթներից մեկը հենց այդ մերժմանն ու լռությանը հակադրվելու մղումն է եղել, ինչպես քանիցս նշել է Աքինը»:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

 

ՄԵՐԱԲՈՎԱՆ ԿԳԱ ՀԱՅԱՍՏԱՆ
Մայրության եւ գեղեցկության տոնին ընդառաջ` ապրիլի 5-ին, Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա ծագումով հայ, Մոսկվայում ապրող եւ ստեղծագործող ջազային հայտնի երգչուհի Մարիամ Մերաբովայի երկար սպասված մենահամերգը: Նա արդեն հնարավորություն է ունեցել իր կատարումներով գերել հայ հանդիսատեսին, սակայն այս համերգը յուրահատուկ է նրանով, որ Մարիամ Մերաբովան իր հայրենի քաղաքում առաջին անգամ է մեծ բեմից հանդես գալու: Այդ օրը Մերաբովան բեմի վրա միայնակ չի լինելու: Նա հանդես է գալու «Miraif project» խմբի նվագակցությամբ, որի մեներգչուհին է:
Մարիամը իր հայ երկրպագուների համար գեղեցիկ անակնկալ է պատրաստել. նա առաջին անգամ կատարելու է հայերեն երգեր, որոնք հատուկ մշակվել են երեւանյան մենահամերգի համար:

 

ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻՑ ԵՐՐՈՐԴԸ  ԹԻԼԲՅԱՆՆ Է
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Եվրատեսիլ 2015»-ին Հայաստանը ներկայանալու է հատուկ մրցույթի համար ձեւավորված «Genealogy» խմբով, որը կկատարի «Don’t deny» երգը: Առաջին ալիքը խոստացել էր հայտնել խմբի երրորդ մասնակցի անունը: Եվ այսպես՝ այս տարի Վիեննայում կայանալիք երգի միջազգային մրցույթում մեր երկրի պատվիրակներից մեկը Վահե Թիլբյանն է, ով ներկայացնում է Աֆրիկա աշխարհամասը: Նա ունի յուրօրինակ երաժշտական ոճ` ռոքից՝ տեխնո, ռեգիից՝ R&B, հայկականից՝ եթովպական եւ լատինական երաժշտություն: Հիշեցնենք, որ խմբի առաջին մասնակիցը ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանն է, իսկ երկրորդը` ամերիկահայ երգչուհի Թամար Կապրելյանը:

 

ՎԹԱՐԻ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ
Ամերիկյան հայտնի մոդել, ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր սեւ Yukon GMC մեքենայով վթարի է ենթարկվել ԱՄՆ-ի արեւմտյան հատվածում գտնվող Մոնտանա նահանգում, սառցապատ ճանապարհին երթեւեկելիս: Ինչպես հայտնում է TMZ.com-ը, ավտոմեքենայի մեջ եղել են Քիմը, նրա քույրերը` Քայլին եւ Քլոեն, ինչպես նաեւ՝ Քիմի դուստր Նորթ Ուեսթը: Ոստիկանությունից տեղեկացրել են, որ ոչ ոք չի տուժել, սակայն նրանց մեքենան ավտովթարի վայրից հեռացնելու համար քարշակ է կանչվել: Այդ դեպքից հետո Քիմը «Թվիթեր»-ի իր էջում շնորհակալություն է հայտնել Աստծուն` իրենց կյանքը փրկելու համար:

 

ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրակազմը ցավակցում է լրագրող Կարմեն Դավթյանի ամուսնու մահվան կապակցությամբ՝ կիսելով նրա ու հարազատների կորստյան ծանր վիշտը:




Լրահոս