Լեռնային Ղարաբաղն ազատագրած ազատամարտիկների` մարտական մեդալները վերադարձնողների շարքը համալրվեց եւս մեկով: Նախօրեին իր 11 մարտական մեդալները վերադարձրեց պատերազմական թոհուբոհի միջով անցած ազատամարտիկ Պավել Մանուկյանը` իր այս քայլը պատճառաբանելով հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած միջադեպով, ինչը, նրա խոսքով, իշխանությունների կողմից ծրագրված սադրանք էր: Ավելին՝ ազատամարտիկը ժամանակին իրեն տրված պարգեւը մետաղ է անվանել:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը, խոսելով Արցախի իշխանությունների տված մեդալները վերադարձնելու՝ արդեն տարածված երեւույթի մասին, ասաց, թե ճիշտ չէ ազատամարտիկների կողմից վաստակած մեդալները հետ տալու պրոցեսը. «Ամեն մարդ իրավունք ունի որոշում կայացնելու: Եթե ուզում են ինչ-որ մեդալներ հետ տալ, ապա, իմ կարծիքով, այս իրավիճակում եւ հատկապես պատերազմի ընթացքում ստացած մեդալները չպետք է այդպիսի շահարկումների ենթարկվեն, եւ փորձ արվեն դրանք քաղաքականության մեջ օգտագործել: Կրկնում եմ՝ եթե այդ մեդալներն իրոք վաստակված են, ապա գտնում եմ, որ դա ճիշտ չէ վերադարձնելը, սա իմ անձնական տեսակետն է»:
Ո՞վ է Պավել Մանուկյանը
Դեռեւս 2005 թվականի հունիսի 21-ին` ժամը 12:30-ի սահմաններում, «ՀՅ Դաշնակցություն-Շարժում-88» նախընտրական դաշինքի համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորության նախկին թեկնածու Պավել Մանուկյանին ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սեյրան Օհանյանի սենյակում դաժանաբար ծեծել էին: Պ. Մանուկյանը ջուր էր ուզել, ու նրան բաժակով ջուր էին տվել` մեջը թքած: Այդ ժամանակ ՀՅԴ-ն հանդես եկավ Պավլիկին սատարող հայտարարությամբ: Սակայն դրանից օրեր անց Պավլիկ Մանուկյանը հանդես էր եկել ՀՅԴ-ի հասցեին սուր քննադատությամբ: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ինչու է Մանուկյանը դուրս եկել ՀՅԴ-ի դեմ, պատասխանել էր. «Հայ հեղափոխական դաշնակցությունը լռեց այն ժամանակ, երբ իրենց վճարեցին, այսինքն` ՀՅԴ բյուրոյին: Նրանց դրա համար առատորեն վարձատրեցին. ԱԳ նախարարի պորտֆել տվեցին ԼՂՀ-ում, ինչպես Գեորգի Պետրոսյանին, որն այժմ բյուրոյի անդամ է, եւ մեկ էլ քաղաքաշինության փոխնախարարի պորտֆելը ստացան: Եվ ամեն ինչ շրջվեց իմ դեմ: Իրենց գինն այդ էր»:
ՀՅԴ-ականներն էլ իրենց հերթին այդ ժամանակ հայտարարում էին, թե Պավել Մանուկյանը ծախվել է իշխանություններին, ու դա է պատճառը, որ քննադատում է իրենց:
Երեկ այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց Պավել Մանուկյանի հետ:
-Պարո՛ն Մանուկյան, 2005 հայտնի դեպքերից հետո Ձեր եւ ՀՅԴ-ի հակամարտությունը հանրության մոտ կարծիք ստեղծեց, որ Դուք պաշտպանեցիք իշխանություններին եւ սուր քննադատեցիք ՀՅԴ-ին: Հիմա էլ դուրս եք եկել իշխանության դեմ:
-Այն, ինչ Դուք ասում եք, 180 աստիճան հակառակն է, այդպես չի: Եթե ես հայտարարում եմ, որ կանգնելու եմ մեր բանակի կողքին, որ այն միակ մաքուր ուժն է: Բա մենք մեր երեխեքի կողքը պետք է կանգնենք, ում կողքը կանգնենք: Մենք այն ժամանակվանից ենք ասել, որ սրանք երկիրը տանում են կործանման: 2005 թվականին իշխանության պահը չէր, այնտեղ խնդիրն այն էր, որ դաշնակցականներն այդ գործը հանեցին վաճառքի՝ նախարարի եւ փոխնախարարի պորտֆել ստացան: 2005թ. պատմությունից Դուք ճիշտ իրազեկված չեք: Շատ բաներ կա այս գործով, սա շատ լուրջ թեմա է, ես փաստեր ունեմ: Եթե մինչեւ հիմա ձեն չեմ հանել, ասելու ժամ կա, ես չեմ շտապում: Կրկնում եմ՝ 2005թ. ես իշխանությունների կողքին չեմ կանգնել, նման բան չի եղել:
-Բայց ՀՅԴ-ն էլ հայտարարում էր, որ Դուք վաճառվել եք իշխանություններին: Մինչդեռ Դուք այն ժամանակ ասում էիք, որ որեւէ մեկը Ձեզ չի կարող գնել:
-Ոչ ոք չունի այդ գինը, որ ինձ առնի, եւ հիմա էլ եմ դա ասում ու միշտ էլ ասելու եմ: Իմ այս քայլը եւս մեկ անգամ ասում է, որ բացի ժողովրդից՝ ինձ համար ոչ մեկ գոյություն չունի:
-Մեդալները հետ վերադարձնելով՝ ի՞նչ հարց եք լուծում:
-Ամեն բան իր ժամանակն ունի, մենք շատ լավ գիտակցում ենք՝ ինչ ենք անում: Մենք այս քայլով շատերին ապաշխարելու հնարավորություն ենք տալիս: Մենք այդ մեդալների համար չենք գնացել, կռվել: Մեր այս քայլը շարունակական է: Երիտասարդները եւ մաքուր ազատամարտիկները կանգնելու են մեր կողքին: Մենք ում համար ենք բարձրացել զոհասեղանին, նույնիսկ իշխանափոխությունից հետո չեն կրելու այդ մեդալները: Իմ ամենամեծ մեդալը իմ ժողովուրդն է, ում համար բարձրացել եմ զոհասեղանին եւ չեմ իջնելու, մինչեւ նրա նպատակները ի կատար չածվեն: Մենք մետաղի համար չենք գնացել, սա համատեղ պայքար է: Ես ասել եմ՝ մեդալները հետ եմ տվել ու չեմ վերցնելու:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
«ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՏՂԱՆԵՐԻՆ» ԱԶԱՏԵԼ ԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Աբովյան քաղաքի «ՄԱ-Պլազա» ժամանցային համալիրի սեփականատեր Մերուժան Խաչատրյանի սպանության վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով նախաքննությունն ավարտվել է: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը, հաստատելով լուրը, հայտնեց, որ մեղադրյալների արարքներին ճիշտ քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ իրենց բոլոր միջնորդությունները նախաքննական մարմնի կողմից առանց որեւէ հիմնավորման մերժվել են:
Փաստաբանը տեղեկացրեց, որ երբ արդեն քրեական գործով, ըստ էության, անհրաժեշտ բոլոր քննչական եւ դատավարական գործողություններն ավարտված են եղել, նախաքննական մարմինը հանկարծ, առանց հիմնավորման որոշում է կայացրել հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակել: Եւ հանկարծ փորձագետները հանգել են եզրակացության, որ Մերուժան Խաչատրյանի գլխի շրջանում առկա մարմնական վնասվածքների մի մասն առաջացել է ուղղակի հարվածի, իսկ մի մասն էլ՝ ընկնելու եւ գլխով գետնին հարվածելու հետեւանքով. «Ամենահետաքրքիրն այն է, որ նույն փորձագետների կողմից որոշվել է, որ ընկնելու հետեւանքով առաջացած վնասվածքներն առողջությանը պատճառել են ծանր վնաս, իսկ հարվածների հետեւանքը եղել է միջին ծանրության վնաս: Առաջին հայացքից տարօրինակ ոչինչ չկա, սակայն սա նախադեպը չունեցող եզրակացություն է: Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ գլխի շրջանի վնասվածքների տարանջատում է արվել: Մշտապես փորձագետները պատճառաբանել են, թե յուրաքանչյուր վնասվածք էլ, անգամ փոքրիկ արյունազեղումը, կարող է ծանր վնաս առաջացնել: Ուստի շատ կասկածելի է, որ հենց այս գործով է այդպիսի եզրակացություն տրվել, որից անմիջապես հետո մեղադրյալներին առաջադրված մեղադրանքները մեղմացվել են, եւ նրանք անմիջապես ազատ են արձակվել կալանքից»:
Ըստ նրա՝ այս ամենից հետո նշանակվել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն. «Փորձագետների մի խումբը կրկին նույն տարանջատումն է արել, իսկ մյուս խումբը գտել է, որ այդպիսի տարանջատում հնարավոր չէ կատարել: Ընդ որում, առաջին խումբը, ի տարբերություն երկրորդի, իր հետեւությունները բացարձակապես չի հիմնավորել, սակայն նախաքննական մարմինը, չգիտես ինչու, հենց այդ չհիմնավորված հետեւությունն է հիմք ընդունել, երեւի այն պատճառով, որ դրանով մեղմացվում է մեղադրյալների արարքները»:
Ուստի այս տարակարծությունները լուծելու նպատակով պաշտպանը միջնորդել է, որ նոր, կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակվի. «Գտնում ենք, որ եթե նախաքննական մարմինը գոնե մի փոքր ցանկանում է օբյեկտիվ մոտեցում ցուցաբերել, այլ ոչ ամեն գնով արդարացնել կամ մեղմացնել մեղադրյալներին առաջադրված մեղադրանքները, ապա պարտադիր պետք է բավարարի այդ միջնորդությունը եւ նոր փորձաքննություն նշանակի»:
Նշենք, որ այս գործի շրջանակներում կալանավորվել էին Աբովյան քաղաքի մարզիկներ Վարդան եւ Վահրամ Գրիգորյանները, որոնց հարազատները հայտարարել էին, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է իր տղերքի մեջքին կանգնած:
ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ
2008 թվականի Մարտի 1-ի զոհերի գործով նոր զարգացումներ են տեղի ունեցել։ Վերջին օրերին տուժողի իրավահաջորդները ծանուցագրեր են ստանում եւ հրավիրվում հատուկ քննչական ծառայություն։ Ինչպես դեռեւս անցած տարվա նոյեմբերին խոստացել էր գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ զոհվածների գործերը քննվում են առանձին վարույթներով՝ նոր քննիչների կողմից։ Օրեր առաջ ՀՔԾ են կանչել Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հորը՝ Սարգիս Քլոյանին, ու հարցաքննել նրան։ Արդեն 7 տարի արդարադատության սպասող զոհվածների հարազատները, սակայն, նոր քննիչների ու առանձին վարույթներով գործերը քննելու գլխավոր դատախազի որոշմանը լուրջ չեն վերաբերում։ Սարգիս Քլոյանը «Ազատությանն» ասել է, թե դատախազությունն այս կերպ մտահոգության իմիտացիա է ստեղծում, քանի որ իշխանությունը երբեք չի կտրի այն ճյուղը, որի վրա նստած է։
ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆ
Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշմամբ՝ ի գիտություն է ընդունվել «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության գործադիր քարտուղար Ս. Աբրահամյանի իրազեկումները՝ մարտի 1-ից մարտի 17-ը Ազատության հրապարակում հավաքներ եւ հավաքների ընթացքում՝ ժ. 17.00-ին Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Գրիգոր Լուսավորչի փողոց-Իտալիայի փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ: Նշենք, որ փետրվարի 26-28-ն էլ Ազատության հրապարակում հանրահավաքներ է անցնակցելու «Ժառանգություն» կուսակցությունը, որի փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի ներկայացրած իրազեկումները նույնպես քաղաքապետարանի կողմից ընդունվել են ի գիտություն:
ՈՎ Է ԲՀԿ ՆՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԸ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջիկայում արտահերթ համագումար կանցկացնի: Թվով 8-րդ համագումարի օրակարգի մասին տեղեկություններ դեռեւս չկան: Ավելի վաղ «Ժողովուրդ»-ը հայտնել էր, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջիկա օրերին հայտարարելու է կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին: Այդ հայտարարությունը կարող է հնչել հենց համագումարի ժամանակ: Ըստ այդ լուրերի՝ Ծառուկյանը կդառնա ԲՀԿ պատվավոր նախագահ, որը գործնական լծակներ չի ունենա եւ չի խառնվի կուսակցության գործադիր կառավարմանը: Իսկ թե ով է լինելու ԲՀԿ նախագահը, դեռ պարզ չէ:
ՔԱՂԱՔԱԿԱՆ «ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ»
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Ծագիկ Ծառուկյանը փակել է այն տարածքը, որն անվճար եւ անժամկետ հատկացրել էր ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին (Բուռնաշ) պատկանող «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցներին, որոնք բողոքում էին Աղաբաբյանի կողմից տաղավարների վարձավճարների բարձրացման դեմ: Հիշեցնենք, որ տարեսկզբին հայտնի դարձավ, որ Ա. Աղաբաբյանը թանկացրել է իրեն պատկանող տոնավաճառի վաճառասեղանների ու տաղավարների գինը, ինչից դժգոհ առեւտրականները որոշել էին լքել Աղաբաբյանի շուկան եւ հավաքվել-գնացել էին Ծառուկյանի մոտ: Վերջինս Աբովյան քաղաքին կից տարածք էր տրամադրել, որտեղ առեւտրականները պետք է մոտ 400 տաղավար կառուցեին: Սակայն փաստորեն նրա բարեգործությունը քաղաքական բնույթ ուներ, եւ քաղաքականությունից հեռանալուց հետո Ծառուկյանի մոտ կորել է նաեւ բարեգործություն անելու ցանկությունը: