«ԻՔԻ-ԲԻՐ, ԴՈՒ-ՇԵՇ» ԵՎ ՉԱՐԻՔԻ ՎԵՐԱՑՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ շարունակվեցին Ազգային ժողովի հերթական քառօրյայի աշխատանքները: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի եւ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի` կառավարման ճգնաժամին վերաբերող հայտարարության քննարկման ավարտից հետո պատգամավորներին ներկայացվեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախորդ տարվա գործունեությունը:

ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը նշեց, որ ՀԷՑ-ում կան ֆինանսական լուրջ խնդիրներ, որոնք պայմանավորված են տարբեր հարցերով: «Առաջինը՝ նրանք ժամանակին վերցրել են կարճաժամկետ վարկեր, որոնք, մեր լեզվով ասած, լավ վարկեր չեն եղել: Դրանց սպասարկման հետ կապված խնդիրներ կան: Բացի դրանից՝ կա նաեւ մեր՝ հանձնաժողովի մեղքը: 2012-ին սակավաջուր տարի եղավ, բացի դրանից՝ ատոմակայանը չնախատեսված 88 օր չաշխատեց, եւ մենք ստիպված եղանք ավելի թանկ էլեկտրաէներգիա արտադրող կայաններից էլեկտրաէներգիա գնել: Արդյունքում՝ 22 մլրդ 600 մլն դրամի չնախատեսված վնաս կրեցին ցանցերը: Եվ այսօր հայտնվել են վատ վիճակի մեջ», – նշեց նա:
Սա բարկացրեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանին: Նրա խոսքերով՝ անցյալ տարի էլեկտրաէներգիան թանկացրին, եւ դա հիմնավորվում էր այսպես՝ ՀԷՑ-երում կա վատ կառավարում, ֆինանսական ծանր վիճակ, ճգնաժամ: «Հիմա ուզում եմ հասկանալ, որ տարիներով վատ է կառավարվել, եղել են վնասներ, կորուստներ, կեղծ ներդրումներ, դա ձեր հանձնաժողովով անցել է: ՀՀ հարկատուները հարցնում են՝ հա՛, լավ, բա մենք այդ հանձնաժողովն ինչի՞ ենք պահում, որտե՞ղ է եղել հանձնաժողովի վերահսկողական ֆունկցիան, ինչո՞վ է զբաղված եղել այդ վատ կառավարման տարիներին», – հարցրեց պատգամավորը:
Ռոբերտ Նազարյանը սկսեց բացատրել, որ երկար տարիներ է, ինչ հանձնաժողովում աշխատում է, եւ առաջին դեպքն է, որ չնախատեսված ձեւով ատոմակայանը 88 օր կանգնել է, դա չէին կարող կանխատեսել. «Ես մասնագետ չեմ եւ չեմ կարող պատճառներն ասել, բայց գիտենք, որ պայթունավտանգ կառույց է: Այո՛, ես գտնում եմ, որ մեր հանձնաժողովը պետք է ձեռքը միշտ պուլսի վրա պահի, բայց այս հարցերը, որ առաջացան, ցավոք, մի քիչ էլ ֆորս-մաժորային են»: ՀԾԿՀ գործունեության քննարկումը կշարունակվի այսօր, իսկ պատգամավորներն այնուհետեւ հանդես եկան հայտարարություններով:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած դեպքերին, երբ ծեծի էին ենթարկվել «Հիմնադիր խորհրդարանի» անդամները: Նա նշեց, որ մինչ այժմ այս դեպքերի մեղավորներին պատժելու ուղղությամբ ոչինչ չի արվել: Պատգամավորը հայտարարեց, որ Ղարաբաղում բարձրացրել է մեղավորներին պատժելու եւ պաշտոնանկ անելու հարցը: «Բերձորի միջադեպը կարող է լինել ԼՂՀ հեղինակությունը քայքայող գործոն», – ընդգծեց Փաշինյանը:
Բանկերի ընդհանուր կապիտալը 5 մլրդ դրամից 30 մլրդ դրամ դարձնելու ԿԲ որոշմանն անդրադարձավ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նա այս որոշումն ու կապիտալի՝ այսքան բարձր շեմը սխալ համարեց եւ ընդգծեց, որ աշխարհում ընդամենը վեց երկիր կա, որտեղ այսքան բարձր շեմ է սահմանված: «Էդ բանկերն էլ թող փոքր մնան, ինչո՞ւ եք փակում», – խորհուրդ տվեց պատգամավորը:
Վերջին օրերին տեղի ունեցած ներքաղաքական իրադարձություններին անդրադարձավ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` ընդգծելով, որ այդ հարցերը խորքային քննարկման կարիք ունեն: «Ի պատիվ գլխավոր դերակատարների` պետք է արձանագրել, որ նրանք կարողացան ճիշտ գնահատել երկրի առջեւ ծառացած ներքին ու արտաքին բարդ ու վտանգավոր մարտահրավերն ու կանգ առնել»: Ռուստամյանի խոսքով՝ վատագույնից կարողացել ենք խուսափել, բայց հարցերը դեռեւս մնում են չլուծված: «Եթե չարիքն եք ուզում վերացնել, չարիքը ծնողին գտեք: Պետք չէ անձնավորել քաղաքական պայքարը, չարիք ծնողը գործող համակարգն է: Չարիք է, որովհետեւ իր խաղի կանոնները պարտադրելով՝ հաջողում է անգամ լավերին փչացնել: Չարիք է, որովհետեւ նա, ով համակարգի մեջ է, պաշտպանված է ու ապահով, ով՝ ոչ, հայտնվում է նրա մամլիչի տակ: Չարիք է, որովհետեւ ընտրությունը վեր է ածել վերարտադրության՝ մշտապես սպասարկելով միայն իշխող վարչախմբին ու դուրս մղելով մնացած բոլորին»,-հավելեց դաշնակցական պատգամավորը:
Ներքաղաքական իրավիճակին անդրադարձավ նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը եւ խոսեց ԲՀԿ-ի մասին. «Մեր գործընկերները «իքի-բիր» են գցել, ուզեցել են «դու-շեշ» խաղալ եւ հիմա զարմանում են, որ դիմացի խաղացողը նկատել է, որ դա «դու-շեշ» չէ, այլ «իքի-բիր», եւ դաղալություն է: Ասում են՝ ԲՀԿ-ում լինելու են ընտրություններ: Ես նույնիսկ մարդ գիտեմ, որն ունի բոլոր արժեքները՝ ղեկավարելու այս կուսակցությունը»,-հայտարարեց Մարտիրոսյանը, սակայն այդպես էլ որեւէ անուն չնշեց:
Խորհրդարանն իր աշխատանքները կշարունակի այսօր:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 
ԻՆՉՈՒ ՉԵՆ ՎՃԱՐՈՒՄ
Փետրվարի 24-ին տեղի ունեցավ Տավուշի մարզխորհրդի 2015թ. առաջին նիստը, որի ընթացքում մարզպետ Հովիկ Աբովյանը հանդես եկավ 2014թ. կատարված աշխատանքների եւ մարզի սոցիալ-տնտեսական ներկա իրավիճակի մասին հաշվետվությամբ: Նիստին ներկա էր նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը:
Մարզպետարանի աշխատակազմի ֆինանսների եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսիսյանը 2014թ. մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման վերաբերյալ տվյալներ ներկայացրեց: Նա տեղեկացրեց, որ անցյալ տարի մարզի համայնքների տարեկան եկամուտների փաստացի մուտքը կազմել է 746, 9 միլիոն դրամ, սեփական եկամուտների պլանը կատարվել է 102.9 տոկոսով: 2014թ. մարզի համայնքների սեփական եկամուտները, 2013թ.-ի համեմատ, ավել են հավաքագրվել 142.6 միլիոն դրամով: Ռ. Ներսիսյանը որպես հողի հարկի ամենացածր կատարողական ունեցող համայնք նշեց Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղը՝ 29.3 տոկոս ցուցանիշով:
Նիստի ընթացքում հարց ուղղեց Խաշթառակի գյուղապետ Հայկ Քամալյանը: Նա նշեց, որ Խաշթառակ եւ դրան հարակից Լուսահովիտ գյուղերը սնուցող խմելու ջրի խողովակաշարն ավելի քան 50 տարվա վաղեմություն ունի, այն մաշված է, վերանորոգումը հնարավոր չէ: Հ. Քամալյանն ասաց, որ ջրագծի ակունքում՝ անտառում, որը գտնվում է անտառ-տնտեսության հաշվեկշռում, ծառեր են հատվում: Գյուղապետը հարցրեց, հնարավոր չէ՞ այդ տարածքը համայնքին հանձնել, որպեսզի կանխվի ջրագծի ակունքում ծառերի հետագա հատումը: Մարզպետ Հովիկ Աբովյանը հայտարարեց, որ ամեն ինչ հնարավոր է, այդ թվում նաեւ՝ Խաշթառակում հարկերի լիարժեք հավաքագրումը: Մարզպետն ասաց, որ ջրագծի ակունք հանդիսացող տարածքը համայնքին հանձնելու հարցն ինքը կուսումնասիրի, հետո կհայտնի այդ մասին:
Հայկ Քամալյանը «Ժողովուրդ»-ի թղթակցին հայտնեց, որ Խաշթառակում հողի հարկի հավաքագրումը դժվարացավ 2012թ. Կառավարության որոշումից հետո, երբ ՀՀ Կառավարությունը չեղյալ համարեց վերջին մի քանի տարում գյուղացիների ունեցած հարկերի պարտքերը: Ընդ որում, սկզբում Կառավարությունը չեղյալ համարեց գյուղացիների տույժ-տուգանքները, եթե բնակիչները վճարեին պարտքի մայր գումարը: Դրանից հետո Կառավարությունը չեղյալ համարեց նաեւ գյուղացիների հարկի բոլոր ապառքները:
Այն գյուղացիները, ովքեր առաջին որոշումից հետո վճարել էին մայր գումարը, ափսոսեցին, որ դա կատարել են, քանի որ անբարեխիղճ գյուղացիները, ովքեր դա չէին արել, լիովին ազատվեցին պարտքի մայր գումարները եւ տույժ-տուգանքները վճարելուց: Խաշթառակ համայնքի ղեկավարն ասաց, որ իր համագյուղացիները այժմ հողի հարկի գումար չեն վճարում՝ հույս ունենալով, որ մի քանի տարի անց Կառավարությունը նոր որոշմամբ չեղյալ կհամարի դրանք:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 
ԿՓՈԽՀԱՏՈՒՑԵՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻՆ
ՀՀ Կառավարությունն առաջիկայում Տավուշի մարզպետարանին կհատկացնի 6 մլն 337 հազար 900 դրամի պետական աջակցություն՝ սահմանամերձ համայնքների բնակիչների բնակելի տներին հասցված վնասները փոխհատուցելու նպատակով: Բանն այն է, որ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում վերջին ժամանակահատվածում պարբերաբար տեղի ունեցող կրակահերթերի հետեւանքով բնակիչների բնակելի տները վնասվել են:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականով 2015 թվականի հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Տավուշի մարզի տարածաշրջանում տեղի ունեցած գնդակոծություններից առաջացած վնասները գնահատելու նպատակով ստեղծվել էր աշխատանքային խումբ: Այսպիսով՝ Տավուշի մարզի Ադրբեջանի հետ սահմանակից համայնքներում հունվարի 5-12-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած գնդակոծություններից առաջացած վնասները գնահատելու նպատակով աշխատանքային խումբը հիմք էր ընդունել Տավուշի մարզպետի պատվերով «Գեոպրոեկտ» ՍՊԸ-ի կողմից իրականացված մարզի Բերքաբեր, Բաղանիս, Բարեկամավան, Կոթի, Չինարի եւ Պառավաքարի գնդակոծությունների արդյունքում վնասված գույքի շուկայական արժեքի գնահատման հաշվետվությունը:
Եւ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ընդհանուր առմամբ վնասվել է 6 համայնքի 134 բնակչի գույք՝ ընդամենը 6 մլն 337 հազար 900 դրամ արժեքի: Մասնավորապես, Բերքաբեր գյուղում գնդակոծությունների հետեւանքով տուժել է թվով 66 քաղաքացի, իսկ վնասի ընդհանուր չափը կազմում է 2 մլն 668 հազար 400 դրամ: Բարեկամավանում տուժել է թվով 28 քաղաքացի, վնասի ընդհանուր չափը կազմում է 1 մլն 601 հազար 500 դրամ, Չինարիում տուժել է թվով 4 քաղաքացի, որոնց վնասի ընդհանուր չափն է 88 հազար դրամ, Կոթիում տուժել են 31 քաղաքացի, վնասի ընդհանուր չափն 1 մլն 96 հազար 500 դրամ: Իսկ Բաղանիսում գնդակոծությունների հետեւանքով տուժել է թվով 2 քաղաքացի, վնասի ընդհանուր չափը կազմում է 105 հազար դրամ:
Նշենք, որ Պառավաքար, Կոթի եւ Բերքաբեր համայնքներում հունվարի 5-12-ն ընկած ժամանակահատվածում վնասվել են նաեւ ավտոմեքենաներ. դրանք թվով 3-ն են, որոնց վնասի ընդհանուր չափը կազմում է 778 հազար 500 դրամ:

 

ԿՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵՆ
ՀՀ Կառավարության վաղվա նիստում Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը որոշում կներկայացնի «Ուսումնամեթոդական կենտրոն» ստեղծելու մասին: Տեղեկացնենք, որ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգում ստեղծվող ուսումնամեթոդական կենտրոն ՊՈԱԿ-ը հիմնականում վերապատրաստելու է աշխատակազմի կառուցվածքային, տարածքային ստորաբաժանումների, սպասարկման գրասենյակների աշխատակիցներին: Ի դեպ, համակարգի աշխատակիցների համար դասընթացները կկազմակերպվեն անվճար, իսկ մասնագիտական հմտություններ ձեռք բերելու ցանկություն հայտնած քաղաքացիների համար ուսման վճարի ակնկալվող չափը նախատեսվում է մինչեւ 30 հազար դրամ:




Լրահոս