ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԻ «ԹՐԻԼԼԵՐԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ Արարատ Զուրաբյանի եւ իր թիմի՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը լքելուց հետո անցել է 10 օր, սակայն մինչեւ հիմա չի հրապարակվում նրանց նամակը, որտեղ շարադրված են կուսակցությունից դուրս գալու իրական պատճառները: Առայսօր ընդամենը ասվել է, որ Զուրաբյանն իր թիմի հետ հեռացել է ԱԺ ընտրություններին ԱԴԿ-ի՝ «Ժառանգության» հետ մեկ ցուցակով հանդես գալու պատճառով, քանի որ ինքը չի ընդունել նման գործելաոճը եւ կողմնակից է եղել դաշինք կազմելուն: Սակայն ԱԴԿ-ից հեռացածները եւ ԱԴԿ-ականները հայտարարել են, որ կուսակցություն ուղարկված նամակում մատնանշված են նաեւ այլ պատճառներ: Միայն թե, չգիտես ինչու, երկու կողմն էլ ամեն գնով գաղտնի են պահում այդ նամակի բովանդակությունը՝ չհրապարակելով պատճառները: Ու սա այն դեպքում, երբ այս ամենից հետո ԱԴԿ-ականներն առիթը բաց չեն թողնում իրենք իրենց հռչակելու ազատական, դեմոկրատական ուժ՝ մոռանալով, որ թեկուզ եւ նրանց օգտին քվեարկած ՀՀ քաղաքացիներն ունեն բոլոր իրավունքներն իմանալու այդ նամակի բովանդակությունը, դեռ չկայացած կուսակցության պառակտման բոլոր պատճառները:
Երեկ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ԱԴԿ մամլո խոսնակ Անժելա Խաչատրյանից: «Ազատական» կուսակցության ներկայացուցչի պատասխանն առավել քան ամբողջական էր. «Այս թեման արդեն հստակեցված է, երկուստեք մեկնաբանություններ եղել են, ու չեմ կարծում, որ փորփրելու եւ այդ ամենը թրիլլերի մակարդակի հասցնելու կարիք կա»:




Լրահոս