ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՀԵՏԻՆ ԹՎՈՎ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ՀՅԴ-ն մարտի 1-ին հրավիրված հանրահավաքին ներկա չի լինելու: ՀՅԴ խմբակցության քարտուղարը վստահ է, որ Դաշնակցությունն այն ընդդիմադիր ուժն է, որն իր ոտքերի վրա ամուր կանգնած է:

-Պարո՛ն Վարդանյան, ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, որ այսօր Հայաստանի ընդդիմությունը կաղում է, այն էլ` «3 ոտքից»: ՀՅԴ-ն համամի՞տ է իշխանության ներկայացուցչի այդ տեսակետի հետ` նկատի առնելով այն, որ, իսկապես, այսօր Հայաստանի ընդդիմադիր դաշտում խնդիրներն ու անորոշությունը չափից ավելի շատ են:
-Ո՛չ, ես չեմ համարում, որ դա այդպես է: Դաշնակցությունն ընդդիմադիր քաղաքական ուժ է ու ամուր կանգնած է իր ոտքերի վրա: Իհարկե, վերջին զարգացումները, վերջին վերադասավորումներն ինչ-որ բան են փոխել ընդդիմադիր դաշտի որոշ հատվածում՝ եռյակում: Բայց սա չի նշանակում, որ իշխանությունները պետք է մտածեն, թե իրենք խնդիրները լուծել են եւ այլեւս ազատ են ու կարող են անել այն, ինչ ուզում են: Ընդհակառակը, որոշակի վերադասավորումներ եղել են, բայց երկրում առկա խնդիրները բացարձակապես չեն լուծվել ու իշխանություններն այս ամենից պետք է համապատասխան հետեւություններ անեն:
-Բայց իշխանությունները, կարելի է ասել, արձանագրում են այն, ինչն այսօր առկա է: Ոչ իշխանական ուժերը համախմբվել էին քառյակ ֆորմատով, որը որոշ ժամանակ անց վերածվեց եռյակի, քանի որ Ձեր խմբակցությունը որոշեց «բաժանվել» նրանցից: Չե՞ք կարծում, որ այսօր ՀՀ ընդդիմադիր դաշտը շատ «թույլ» է ու անկայուն: Ձեզ համար հասկանալի՞ է ընդդիմության պահվածքը:
-Ես չէի ուզենա ուրիշների փոխարեն իրենց գործունեությունը գնահատել, բայց ես մի բան միշտ ասել եմ՝ երբ որ կար մի շրջան, որ մեծամասնությունը չափազանց ինքնավստահ էր գործում ու ասում էր, որ մենք ընտրություններում հաղթել ենք, ու մեր դեմ խաղ չկա, անհրաժեշտություն առաջացավ ընդդիմադիր քաղաքական, խորհրդարանական ուժերի համախմբման: Ու այդ առումով քառյակը շատ արդյունավետ գործում էր, որովհետեւ կար սկզբունք, կոնկրետ խնդիրները ձեւակերպում էինք, եթե բոլորս համաձայնվում էինք այդ խնդրի շուրջ, փաստաթղթավորում էինք, հիմնավորում էինք եւ հետապնդում էինք: Ցավոք, հետագայում քառյակը դադարեց այդպիսին լինելուց, մենք հայտնի պատճառներով դուրս եկանք քառյակից, բայց ես նաեւ ուզում եմ հետին թվով ասել, որ դա միայն մեր ցանկությամբ չէր: Մյուս ուժերում կային նաեւ շրջանակներ, որոնք շատ էին ուզում, որ մենք չլինենք քառյակում, ու դրանից հետո իրենց գործունեությունը գնաց այլ ուղղությամբ: Մենք պնդում էինք, պահանջում էինք, որ չի կարելի երկրում առկա բոլոր հարցերը եւ սահմանադրական բարեփոխումները բերել, խառնել իրար, դրանք պետք է զուգահեռ ընթանան: Եւ որեւէ բան չէր խանգարում, որ մենք միասին մյուս հարցերը հետապնդեինք, իսկ սահմանադրության փոփոխությունների հարցում ունենայինք տարբեր դիրքորոշումներ: Ցավոք, մեր գործընկերներն օրակարգի հիմնական խնդիրը դարձրեցին սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվելը, իսկ արդյունքը բոլորիս աչքի առաջ է:
-Իսկ ովքե՞ր էին այդ ուժերը, որ քառյակում Ձեզ չէին ցանկանում տեսնել, ի վերջո, այսօր եռյակը նույնպես «փլուզվել» է, քանի որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, փաստորեն, հեռանում է քաղաքականությունից: Դուք տեսնում եք ընդդիմադիր մյուս ուժերի հետագա գործունեության ձեւաչափը:
-Ես կրկնում եմ, չեմ պատրաստվում ո՛չ ՀԱԿ-ի եւ ո՛չ էլ «Ժառանգություն» կուսակցության անելիքների, ճակատագրի մասին խոսել, ես ընդամենն ուզում եմ հավատալ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական թեւը կգտնի իր մեջ ուժ վերակազմակերպվելու, վերադասավորվելու ու չի կորցնի իր որոշակի դերակատարությունը քաղաքական դաշտում: Կարծում եմ, որ դա կարեւոր է:
-Ձեր կարծիքով՝ ո՞վ կղեկավարի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ըստ Ձեզ՝ ո՞ւմ է վստահելու կուսակցության «ղեկը» ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նշվում է, որ հիմնական թեկնածուն ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն է:
-Ես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ չեմ, ես Դաշնակցության անդամ եմ, ԲՀԿ անդամներն իրենք պետք է որոշեն, թե իրենց կուսակցությունն ով է ղեկավարելու:
-Մարտի 1-ին ՀԱԿ-ը հանրահավաք է հրավիրել Ազատության հրապարակում, ՀՅԴ-ն ներկա կլինի՞, Դաշնակցությունն այդ հարցում որոշում ունի՞, թե՞ ոչ:
-Ո՛չ, չեմ գնալու, մենք նման որոշման կարիք չունենք, սա ո՛չ առաջին տարին է, ո՛չ երկրորդ տարին, չենք գնալու:

 

 

 

 
ԸՆԴԱՄԵՆԸ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ, ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Փետրվարի 19-ին՝ Կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ Հայաստանում կստեղծվի կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ եւ փորձագիտական հանձնախումբ, որը կղեկավարեն ինքն ու ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հայտարարել էր, որ նախագծի շուրջ իրականացվել են հանրային քննարկումներ: Նախարարը նշել էր, որ վերջին տասնամյակում կոռուպցիայի դեմ պայքարը դարձել է ՀՀ Կառավարության գերակայություններից մեկը, իսկ հիմնախնդրի լուծման համար կարեւորագույն երաշխիքը հակակոռուպցիոն ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող ինստիտուցիոնալ համակարգի ներդրումն է: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հետ՝ պարզելու համար, թե որ փուլում են գտնվում հակակոռուպցիոն խորհուրդի ստեղծման աշխատանքները:
-Պարո՛ն Մանուկյան, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ ստեղծվելու է կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ եւ փորձագիտական հանձնախումբ, որի կազմում ընդգրկվելու են նաեւ ԱԺ ոչ իշխանական ուժերը: Արդյո՞ք ընդդիմադիր ուժերն արդեն ներգրավվել են այդ աշխատանքում, եւ ի՞նչ փուլում է գտնվում հանձնախմբի կազմավորումը:
-Այո՛, մենք պետք է այդ պրոցեսն անցնենք, որոշումն ընդունելուց հետո, երբ արդեն եղավ հրապարակային փաստաթուղթ, մտավ ուժի մեջ, համապատասխան հանձնաժողովը ձեւավորելու համար համապատասխան ընթացակարգով պետք է դիմում գա Ազգային ժողով, որպեսզի համապատասխան ընդդիմադիր խմբակցությունները թեկնածուներ ներկայացնեն: Այս մասով գործընթացը Կառավարության կողմից վերահսկելի չէ, որովհետեւ այդ քաղաքական ուժը պետք է որոշի՝ արդյո՞ք ինքը ցանկություն ունի ու կարեւորում է իր մասնակցությունն այդ ֆորմատով, թե ոչ: Բայց մենք ակնկալում ենք, որ այդ ներկայացուցչությունը կլինի, որովհետեւ ցանկացած հայացք, կարծում եմ, կարող է գործին օգուտ տալ:
-ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարման շրջանում եւս կար նման խորհուրդ, որը, սակայն, այդպես էլ չդարձավ գործուն մարմին: Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները համոզված են, որ այս անգամ եւս ՀՀ Կառավարությունը որեւէ արդյունքի չի հասնի, եթե դարձյալ գործի քավոր-սանիկական, բարեկամ-հարազատական կապը: Արդյո՞ք Կառավարությունն այս անգամ զիջումների չի գնալու:
-Իսկ ինչո՞ւ միայն ընդդիմադիրները, դիմադիրները չե՞ն ասում դրա մասին: Չեմ կարող վիճարկել այն տեսակետը, որ արդյունավետության պակաս եղել է նախկինում, հույս ունեմ, որ կհաջողվի նոր հանձնաժողովով շարժվել առաջ: Խնդրում եմ նկատի ունենալ նաեւ այն հանգամանքը, որ սա ոչ թե օպերատիվ լիազորություններով կառույց է, չունի քննչական ֆունկցիաներ, չունի հետաքննություն ունեցող լիազորություններ, սա ընդամենը խորհրդակցական, խորհրդատվական մարմին է, որի որոշումները պետք է հետագայում իրագործվեն, կենսագործվեն Կառավարության, վարչապետի որոշումներով, համապատասխան օրենքներով: Սրանք արդեն քաղաքական լուծումներն են:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 
ԱՌԵՎՏՐԱԿԱՆՆԵՐԻՆ ՀՈՒՍԱԴՐԵԼ ԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է «Հրազդան» տոնավաճառի մի քանի աշխատակիցների հետ եւ նրանց հավաստիացրել, որ քաղաքական դաշտում տիրող իրավիճակը չի անդրադառնա իրենց բիզնես գործունեության վրա: Գագիկ Ծառուկյանն այդպիսով հանգստացրել է խուճապի մեջ գնտվող վաճառականներին, որոնք մտավախություն ունեին, որ վերջին իրադարձություններից հետո ԲՀԿ առաջնորդի՝ իրենց տված խոստումը եւս կարող է չեղյալ հայտարարվել: Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը դեռեւս հունվարի կեսին «Հրազդան» տոնավաճառի առեւտրականներին խոստացել էր անվճար տարածքներով ապահովել, որպեսզի նրանք իրենց գործունեությունը ծավալեն: Սակայն հատկացված տարածքը տոնավաճառ դարձնելու համար այնտեղ շինարարական աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն էր առաջացել, ինչը փետրվարի սկզբից ընթանում է: armlur.am-ի աշխատակիցը երեկ գնացել է Աբովյան քաղաք եւ համոզվել է, որ շինարարներն աշխատանքները շարունակում են: Իսկ թե հետագայում իրադարձություններն ինչպես կզարգանան, ցույց կտա ժամանակը:

 

«ԼԱՅՄ»-Ը ԱՆՋԱՏԵԼ ԵՆ
Արդեն շուրջ քսան օր է՝ «Լայմ» հեռուստաընկերությունը եթեր չի հեռարձակվում: ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս փաստը հետեւյալ կերպ պարզաբանեց. «Թվայնացման գործընթացին անցնելու հետ կապված երբեմն տեխնիկական խնդիրներ են առաջանում, որը հուլիսից կկարգավորվի: Տեխնիկական խնդիրներ կան հաղորդակի հետ կապված: Կաբելայինով հեռարձակվում է, այս պահին տեխնիկապես վերազինվում է»: Իսկ այն հարցին, թե այս ամենի արդյունքում հնարավո՞ր է, որ «ՇԱՐԿ» ընկերությունը զրկվի հեռուստահեռարձակման լիցենզիայից, Բունիաթյանը պատասխանեց. «Թեմա չկա քննարկելու: Տվյալ հեռուստաընկերությունը եթերից դուրս չի եկել»: Հիշեցնենք, որ պետռեգիստրի տվյալներով՝ «ՇԱՐԿ» ընկերության հիմնադիրներից մեկը Գագիկ Բունիաթյանն է: Իսկ «Լայմ» հեռուստաընկերության տնօրինության հետ կապվելու մեր բոլոր փորձերն արդյունք չտվեցին:

 

ԱՌԱՋԻՆ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԸ
Արմավիրի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված թեկնածուներից մեկը՝ Մանուկ Սիմոնյանը, որը «Պարիտետ Ինվեստ» ընկերության գլխավոր տնօրենն է, ինքնաբացարկ է ներկայացրել: Այսպիսով՝ քաղաքապետի պաշտոնի համար ընտրապայքարը դեռեւս շարունակում են գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Ռուբեն Խլղաթյանը, նրա տեղակալ Մելիք Բաղդասարյանը, որը նրա քրոջ որդին է, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին՝ Արտակ Գեւորգյանը, մարզպետի տեղակալ Նվեր Պետրոսյանը եւ անկուսակցական Էդվարդ Վարդումյանը:




Լրահոս