ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ո՞ՐՆ Է ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌԸ
Օգոստոսի 17-ին Ազատամարտիկների փողոցի իր բնակարանում ինքնասպան էր եղել հայտնի գործարար Միշա Քալանթարյանը: Նա «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի եղբայրն է: Վերջինիս խոսքերով՝ Միշան իր կրտսեր եղբայրն է, իսկ ազգանունի տարբերությունը պայմանավորված է նրանով, որ Փայլակ Հայրապետյանը հոր մահից հետո նրա անունն է վերցրել որպես ազգանուն, իսկ Միշայինը պապական ազգանունն է: Նշենք, որ Հայրապետյան եղբայրներին են պատկանում Երեւանի գաջի գործարանը, «Հայաստան» հանրախանութը, Աէրացիա թաղամասում գտնվող ձիարշավարանը եւ BMW խանութների ցանցը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 70-ամյա Միշա Քալանթարյանն այս տարիներին միայն ղեկավարում էր գաջի գործարանը եւ գրեթե կապ չուներ մյուս ընկերությունների հետ: Հավելենք, որ Քալանթարյանի ազգականները հավատում են, որ նա ինքնասպան է եղել, քանի որ խմիչքի հետ սեր է ունեցել, իսկ ինքնասպանության պահին խմած է եղել:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացանք, որ Քալանթարյանի սպանության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 110 հոդվածի 1-ին եւ 235-րդ հոդվածի 1-ին մասերով: Նշանակվել է Քալանթարյանի դիակի դատաբժշկական փորձաքննություն:

ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ
ԿԸՀ երեկվա նիստում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացվել է 2012թ. սեպտեմբերի 23-ին Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերում կայանալիք ՏԻՄ ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային Ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի միջեւ: Պաշտոնները բաշխվել են հետեւյալ համամասնությամբ` ՀՀԿ` 238-ական, ԲՀԿ` 166-ական, ՀԱԿ` 41-ական, ՀՅԴ` 30-ական, ՕԵԿ` 30-ական, ԺԿ` 30-ական:

ՀԱՆԳԻ՛ՍՏ ԹՈՂԵՔ
Նախորդ շաբաթ հրապարակվել էր Վանո Սիրադեղյանի նամակը, որտեղ վերջինս խոսել էր իր վերադարձի մասին: Այդ հրապարակումից հետո բուռն քննարկումներ սկսվեցին. ոմանք պնդում էին՝ հեղինակն իրոք Վանոն է: Ոմանք նշում էին, որ դա Վանո Սիրադեղյանի նամակը չէ, այլ «հորինովի» է: ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, խոսելով այդ նամակի մասին, ասաց. «Այդ մարդուն հանգի՛ստ թողեք»: Նա հավելեց, որ դա Վանոյին օգնելու ամենաճիշտ տարբերակն է:

ՇՇԵՐ Է ՆԵՏԵԼ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ օգոստոսի 19-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատ քաղաքում:  Նշված քաղաքի «Գաստրոնոմ»-ի շենքի բնակիչներից մեկը հանկարծակի սկսել է իր բնակարանի պատուհանից շշեր նետել ներքեւում առեւտրով զբաղվող գյուղացիների ուղղությամբ: Մեր տեղեկություններով՝ այդ ամենի հեղինակը 36-ամյա Արթուր Մանուկյանն է, որը խմած է եղել: Բացի այն, որ Արթուրը շշեր է նետել գյուղացիների վրա, նաեւ մոտ 30-40 րոպե հայհոյել ու անհիմն գոռգռացել է: Թե որն է եղել  Արթուրի «հիստերիայի» պատճառը, Արարատի բնակիչները դժվարացան ասել: Նրանք մեզ հետ զրույցում ասացին, որ Արթուրն այդ պահին խմած է եղել, ու երեւի դա է այդ ամենի պատճառը: Տեղեկացանք նաեւ, որ միայն ոստիկանների միջամտության արդյունքում է Արթուրը հանդարտվել:




Լրահոս