Ինչո՞ւ հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը չանդրադարձավ Գագիկ Ծառուկյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինձ համար կոդ չկա և ես չեմ հասկանում, թե խոսքն ինչի մասին է: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառալով երեկ Ազատության հրապարակում Կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին` այս մասին ասաց ՀԱԿ անդամ Լյուդմիա Սարգսյանը:

Հիշեցնենք, որ երեկ Լ. Տեր-Պետրոսյանն իր ելույթի ընթացքում անդրադարձավ ներքաղաքական վերջին զարգացումներին, խոսեց նոր ձևավորվող ընդդիմությունից և հայտարարեց, որ ինքը գաղտնազերծել է «նոր միասնական ընդդիմության կոդավորած ստրատեգիական պլանը»: ՀԱԿ ղեկավարը հորդորեց բոլորին ուշադիր լինել, քանի որ, ըստ նրա, ամեն մի բառի տակ իմաստ է թաքնված:

Հարցին՝ կոդավորված ասելով ՀՀ առաջին նախագահը ո՞ւմ կամ ի՞նչ նկատի ուներ, Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Բոլոր նրանք, ովքեր այդ հայտարարություններն իրենց վրա են վերցնում: Եթե դա նրանք իրենց վրա են վերցնում, ուրեմն` դա իրենց էլ վերաբերում է»,- ասաց նա՝ նկատելով, որ համացանցում արդեն մի քանի անուն է շրջանառվում` Նիկոլ Փաշինյան, Պարույր Հայրիկյան, Արամ Սարգսյան, Ժիրայր Սեֆիլյան, Րաֆֆի Հովհաննիսյան և այլն:

Այն հարցին, թե  իսկ Պուտինի մասը ո՞ւմ է վերաբերում` Հայրիկյանի՞ն, թե՞ Րաֆֆի Հովհաննիսյանին, Լ. Սարգսյանը հավելեց. «Բոլոր նրանց, ովքեր համարում են, որ Պուտինը գտնվում է մեր երկրում տիրող չարիքի ու բարքերի կոնտեքստում»:

Դիտարկմանը, թե առաջին նախագահն իր խոսքում հստակեցրեց, որ Բաբելոնի նմանվող այս աշտարակը մի օր փլվելու է՝ հաշվի առնելով այն, որ այս բոլոր ուժերն ուղղորդվում են մի կետից՝ Բաղրամյանի 26-ից, Լ. Սարգսյանը արձագանքեց. «Ճիշտն ասած, ես այդ հարցի շուրջ չեմ կենտրոնացել, քանի որ իմ անձնական կարծիքն ունեմ տարբեր քաղաքական գործիչների նկատմամբ: Չեմ կարող ասել նաև, որ ուղղորդվում են մեկ կենտրոնից, կամ անկախ են, բայց այն, որ կյանքը ցույց կտա, թե նրանցից յուրաքնչյուրն ինչ է մտածում և ինչ նպատակներ ունի և ինչի է ունակ:

Իսկ հարցին, թե ինչու Տեր-Պետրոսյանը Գագիկ Ծառուկյանին չանդրադարձավ, Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ սրա հետ կապված որևէ ասելիք չկար: Իսկ ասելիք կլինի, երբ որ Գագիկ Ծառուկյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպեն: Մենք կարող ենք ենթադրել, բայց մենք չենք կարող շտապել ու սխալվել և ասել, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Ինձ համար, համենայնդեպս, ավելի հստակ է, թե ինչ բռնաճնշումների է ենթարկվել Գագիկ Ծառուկյանը: Լևոն Տեր-Պետրոսյանը շատ ավելի պատասխանատու մարդ է, ում խոսքի ազդեցությունը շատ ավելի մեծ է, հետևաբար, ես այն, ինչ որ թույլ կարող եմ տալ, առաջին նախագահը թույլ չի տա»,- եզրափակեց նա:




Լրահոս