Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր տաքսիստներն իրենց մեքենաներով Կառավարության դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել` պահանջելով թեթևացնել հարկային բեռը, հանել ավտոկայանատեղիներում տեղադրված տեսախցիկները և մի շարք այլ պահանջներ:
Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը հավաքվածների հետ երկար զրուցելուց և պահանջները հասկանալուց հետո առաջարկեց իրենց խմբով առաջիկայում հանդիպել և քննարկել հստակ պահանջներն ու հարցերը: Նաև նշենք` մինչ փոխնախարարը զրուցում էր հավաքվածների հետ, ոստիկանության աշխատակիցները կայանած մեքենաները դուրս էին հանում Հանրապետության հրապարակի երթևեկելի հատվածից: Այնինչ, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ազատել միայն երթևեկելի մեկ շարքը:
«Ստեղ խոսացնում են, էնտեղ տանում: Էս ի՞նչ երկիր է»,- դժգոհում էին տաքսու վարորդները: Իսկ Օսիպյանն էլ ասաց` հավաքվածներն են խախտել պայմանը և ազատ տեղերում նորից մեքենա կանգնեցրել:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում