ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
Հայաստանի հանրապետական կուսակցությունն օգոստոսի 23-ին գործադիր մարմնի հերթական նիստն է հրավիրելու, որը վարելու է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ ամենայնի՝ քննարկվելու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերող հարցեր:
ՀՈՐ ՍԻՐՈՒՑ
Aravot.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչպես է Դիանա Սիրունյանը, լսելով հոր` Սուրեն Սիրունյանի մահվան լուրը, ինքնասպանության փորձ կատարել: Դիանայի հարազատների պատմելով, երբ ինչ-որ մարդիկ են եկել, որպեսզի Սուրեն Սիրունյանի կնոջը հայտնեն ամուսնու հանկարծամահ լինելու մասին, Դիանան լուրը լսելուն պես վազել է սենյակ ու միանգամից իրեն ցած նետել պատուհանից: Հարազատների խոսքերով՝ որեւէ մեկը չի պատկերացրել, թե ինչ է կատարվում, որպեսզի կանխեին աղջկա մտադրությունը: Մայրը մտածել է, թե Դիանան գնում է իր սենյակում լաց լինելու ու նետվելուց հետո են միայն հասկացել, թե իրականում ինչ է կատարվել: Հարազատները նաեւ պատմում են, որ Դիանան չափազանց շատ է սիրել հորը եւ շատ կապված է եղել նրա հետ, հենց այդ պատճառով էլ շոկային վիճակում նման քայլի է դիմել:
ԳՐԱՆՑԵԼ ԵՆ
ՌԱԿ Հանրապետական վարչությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 6-ին ՀՀ արդարադատության նախարարության կողմից պաշտոնապես գրանցվել է Ռամկավար ազատական կուսակցությունը: Այսուհետեւ Հայաստանում գործելու է միասնական Ռամկավար ազատական կուսակցությունը (ՌԱԿ), որի ղեկավար մարմինը կոչվում է Հանրապետական վարչություն: Այն կազմված է 25 անդամներից՝ ատենապետությամբ Հակոբ Ավետիքյանի:
ԿՔՆՆԵՆ
Օգոստոսի 23-ին ՀՀ վերաքննիչ դատարանը դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ կքննի ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի բողոքն ընդդեմ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման: Հիշեցնենք, որ դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ մերժել էր Վ. Օսկանյանի դիմումը՝ փողերի լվացման հատկանիշներով ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու՝ քննիչի որոշումը վերացնելու մասին:
ՄՍԱՄԹԵՐՔԸ ՈՉՆՉԱՑՎԵԼ Է
Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության ծառայությունն ավարտել է ուսումնասիրությունը մսամթերքի շուկայում: Ստուգումներն իրականացվել են մսամթերքի տարածման 6 տնտեսվարող սուբյեկտների շրջանում: Հայտնաբերված խախտումները հիմնականում վերաբերում են մսամթերքի պահպանման պայմաններին, սանիտարական փորձաքննություն չանցած, առանց ուղեկցող փաստաթղթի մսամթերքի վաճառքին: Խմբաքանակները կասեցվել են, լաբորատոր փորձաքննության են ենթարկվել, իսկ սանիտարական փորձաքննություն չանցած մսամթերքը ոչնչացվել է: