ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՈՉ ՄԻ ԶԻՆՎԱԾ ՑՈՒՑԱՐԱՐ ՉԻ ԵՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յոթ տարի առաջ՝ հենց այս օրերին, Հայաստանում տեղի էին ունենում փոթորկահույզ իրադարձություններ: Նախագահական «ընտրություններին» հաջորդեցին ընդդիմության անդադար հանրահավաքները Ազատության հրապարակում, որոնք ընդմիջվեցին բացառապես իշխանության բռնությունների պատճառով: Ստորեւ ներկայացնում ենք «Վիկիլիքսի» կողմից հանրայնացված դիվանագիտական մի քանի փաստաթղթեր՝ կազմված 2008թ. մարտի 1-ին հաջորդող շրջանում: Խորհրդապահական կնիքով առանձնացված զեկուցագրերում՝ ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը քննարկում է Մարտի 1-ին տեղի ունեցածը: Խիստ ուշագրավ է, որ հեղինակը, ներկայացնելով հանդերձ իշխանության առաջ քաշած վարկածները, ընդգծում է, որ խաղաղ հանրահավաքներն ընդմիջվել են Կառավարության ստորաբաժանումների բիրտ գործողությունների շնորհիվ, իսկ ցուցարարներից ոչ ոք հրազեն չի ունեցել:

Փենինգտոնի մատուցմամբ՝ մարտի 1-ի կեսօրին ցուցարարները զինվել են բազմաթիվ ինքնաշեն գործիքներով եւ բարիկադներ կառուցել: Հեղինակն արձանագրում է՝ «ի հեճուկս իշխանության ու Կառավարության պնդումների եւ հիմնվելով բազմաթիվ առաջին ձեռքից ստացված տեղեկությունների վրա՝ մենք ապացույցներ չունենք, որ ցուցարաների մեջ եղել են հրազենով զինված մարդիկ: Մենք հավատացած ենք, որ հրազենով զինված են եղել միայն կառավարական ուժերը»: Սա արդեն իսկ բավականին հավաստի վկայություն է այն բանի, ինչն, ի դեպ, ապացուցվեց նախորդ տարիներին, որ ցուցարարների վրա կրակելու եւ արտակարգ դրություն հայտարարելու ոչ մի իրական ու իրավական հիմք չի եղել:
Շարունակելով դեպքերի նկարագրությունը՝ դիվանագետը հավելում է, որ Կառավարության ուժերն իրենց հարձակումը ցուցարարների վրա սկսել են 21:10-ի սահմաններում: Ըստ նրա՝ անվտանգության մարմինները սկսեցին իրենց գործողությունները հազարավոր կրակոցներ արձակելով դեպի օդ՝ ցուցարարներին վախ ներշնչելու նպատակով: Փենինգտոնը նկատում է, որ դա ազդեց լոկ փոքր շրջանակի վրա, քանզի ցուցարարների մեծ մասը միակամ գտնվեց ու չընկրկեց կրակոցների առաջ: Նա հայտնում է, որ այդ ժամանակ է սկսվում ցուցարարների նկատմամբ գրոհը, որն էլ ամուր դիմադրության է արժանանում: Դիվանագետը, հղելով ինչ-ինչ «ցուցիչների», հավատացած է, որ այդ ժամանակ են որոշ ոստիկաններ կամ էլ զինվորներ, ի վերջո, գործի դրել իրենց զենքերը՝ ուղիղ կրակ արձակելով ցուցարարների վրա: Ըստ էության, դիվանագիտական բարձր մակարդակով հաստատվում են անզեն ցուցարարների վրա ձեռնարկված գրոհը եւ դիմահար կրակելու հանգամանքները:
Փենինգտոնը պատմում է, որ մարտի 1-ի երեկոյան Քոչարյանի կողմից ստորագրված եւ հենց նույն գիշերն էլ ՀՀ ԱԺ-ի կողմից շուտափույթ վավերացված արտակարգ դրության մասին հրամանագիրը հետեւանք էր իշխանության անվտանգության մարմինների կողմից առավոտյան Ազատության հրապարակից ցուցարարների հեռացմանը: Քոչարյանն արդարացնում էր իր քայլերը, թե իբր կարիք կար բռնի ցույցերին արձագանքելու ու հասարակական կարգը պահպանելու: Ամերիկացին ուշադրություն է հրավիրում ՀՀ իշխանությունների այն պնդման վրա, ըստ որի՝ ընդդիմությունը ոչ մի պատրաստակամություն չի ցուցաբերել խաղաղ հավաքների համար դիմումներ ներկայացնել ու շարունակել է ցուցաբերել ագրեսիա ու բռնության եւ վանդալիզմի ակնհայտ գործողություններ իրականացրել: Փենինգտոնի եւ ամերիկյան այլ դիվանագետների գրեթե բոլոր այսօրինակ զեկուցագրերում մենք արդեն իսկ հանդիպել ենք իշխանության՝ այս կարծիքի հանդեպ խորագույն թերհավատությանը:
Անդրադառնալով արդեն մարտի 2-ին Երեւանում տիրող վիճակին՝ Փենինգտոնը հիշեցնում է ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Սեյրան Օհանյանի հեռուստաուղերձը, որ բնակչությանը արգելում էր մասնակցել ցույցերին ու ձեռնարկել հակաիշխանական բողոքի որեւիցե գործողություն՝ խոստանալով խստորեն արձագանքել ցանկացած չթույլատրված հավաքի: Հեղինակն արձանագրում է, որ արտակարգ դրության պայմաններում հանրահավաքները եւ ցույցերը լիովին արգելված են: Ավելին՝ ՀՀ ոստիկանությունն ագրեսիվորեն հրահանգում է ցրվել ցանկացած քայլող խմբի, որ բաղկացած է ավելի քան 3-4 հոգուց: Դիվանագետը հայտնում է Երեւանում տիրող մթնոլորտի մասին, որտեղ «Կառավարությունը ոստիկաններին ու զինվորներին շարել է ողջ քաղաքով մեկ՝ բազում ճանապարհների վրա»: Հեղինակը կարեւորում է այն հանգամանքը, որ դեռ 2008թ. մարտի 1-ից մեկ շաբաթ առաջ, նույնիսկ արտակարգ դրության բացակայության պայմաններում, ՀՀ ոստիկանությունն արդեն իսկ արգելում էր մարդկանց մուտքը մարզերից մայրաքաղաք: Հատկանշական է, որ դրա հետեւանքով խախտվել է քաղաքացու՝ ազատ տեղաշարժվելու իրավունքը, ինչի համար, ըստ էության, ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել: Սա թույլ է տալիս ենթադրել, որ նման հրահանգ եղել է իշխանության ամենաբարձր օղակից՝ ցանկացած միջոցով նվազեցնել հրապարակի մարդաշատությունը եւ պահպանել իշխանությունը:
Ամփոփելով Փենինգտոնի արձանագրումները՝ հարկ է նկատել, որ միջազգային հանրությունը հար եւ նման զեկուցագրերով միանշանակորեն եւ հանգամանորեն տեղյակ է եղել Երեւանում տեղի ունեցած իրադարձություններին: Բոլորի համար էլ պարզ էր եւ հստակ, որ Հայաստանում ընդդիմության ցույցերն անցել են խաղաղ եւ զենք-զինամթերքի տիրապետող ու դրանք օգտագործող ցուցարարներ իրականում չեն եղել: Բայց եւ այնպես, առաջադեմ հանրությունը, ճշմարտությունն իմանալով հանդերձ, իշխանություններին սատարող դիրքորոշում որդեգրեց ու ցայսօր վճռական չեղավ 10 քաղաքացու սպանության բացահայտման հարցում՝ նախընտրելով շահարկել սույն ոճրագործությունը ու այդ կերպ զիջումներ կորզել մեղավորներից:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 

 

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ

Հրազդանում գործող «Հրազդան ՋԷԿ»-ում վերջին ամիսներին լարված իրավիճակ է. աշխատողներին մասսայաբար կրճատում են` առանց ներկայացնելու որեւէ հիմնավորում: Մեր տեղեկություններով՝ հունվարից մինչ օրս աշխատանքից արդեն իսկ ազատվել են շուրջ 80 աշխատող:

Ներկայումս ՋԷԿ-ում աշխատողների թիվը հասնում է մոտ 600-ի, մինչդեռ ամիսներ առաջ 1000-ը գերազանցում էր: Աշխատակիցներն ահազանգում են, որ իրենց նախազգուշացրել են՝ ապրիլի 1-ից սպասվում են նոր կրճատումներ: Նրանցից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, մեզ հետ զրույցում ասաց. «Ասում են՝ կես դրույք ենք դարձնելու, ձեզ չենք կրճատելու: Լավ, կես դրույքաչափով ինչքան ստանաս, առանց էդ էլ մի կարգին աշխատավարձ չէինք ստանում՝ 50 հազար դրամ: Ես գիտեմ, որ կես դրույք հասկացողությունը վաղուց մեր օրենսդրությամբ չկա: Ասում են՝ ներքին կարգով կպահենք: Շատ կասկածում եմ, որ կկրճատեն ու կասեն՝ չկարողացանք պահել»:
Մեկ այլ աշխատող, ով նույնպես չցանկացավ ներկայանալ, պատմեց, որ ՋԷԿ-ի գլխավոր ինժեների՝ Արտաշես Մնացականյանի կինն ու երկու տղաները հենց կրճատումների ընթացքում բարձր աշխատավարձով աշխատանքի են անցել ՋԷԿ-ում: Բարձրացրել են նաեւ արտադրամասերի պետերի աշխատավարձերը, որոնց միջոցով էլ, աշխատողների խոսքերով, կարողանում են ճնշում գործադրել բանվորների վրա:
Աշխատողներին արդեն երկար ժամանակ է՝ չի հաջողվում կապ հաստատել տնօրենի՝ Աշոտ Մանուկյանի հետ, որպեսզի հասկանան, թե ինչու են իրենց կրճատել: Փորձեցինք տնօրենի հետ կապ հաստատել ինքներս, սակայն նրա բջջայինը շարունակ անհասանելի էր: Զանգահարեցինք ընկերության քաղաքային հեռախոսահամարին, որին պատասխանեց անվտանգության աշխատակիցը՝ ասելով, որ ոչ մի հարցում մեզ օգնել չի կարող:
Ինչեւէ, ինչպես աշխատողներն ասացին՝ ապրիլի մեկը սարերի հետեւում չէ, եւ նոր կրճատումների դեպքում մեծ բոյկոտ է սպասվում:
Հիշեցնենք, որ «Հրազդան ՋԷԿ»-ը 2004թ. Ռուսաստանի կառավարությանն է փոխանցվել «գույք պարտքի դիմաց» ծրագրով` գնահատվելով 31 մլն դոլար: ՌԴ կառավարությունն այնուհետ «Հրազդան ՋԷԿ»-ը մասնատեց 2 մասի՝ 5-րդ էներգաբլոկը հանձնելով «Գազպրոմին», իսկ մյուս էներգաբլոկները փոխանցելով «Ռոսնեֆտեգազի» հաշվեկշռին: 2011 թվականից «Հրազդան ՋԷԿ» ԲԲԸ-ի բաժնետոմսերը ձեռք է բերել ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ն:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Հրազդան

 

 

 

 

 
ՏԱՔՍԻՍՏՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ
Փետրվարի 27-ի վաղ առավոտից Գյումրու կենտրոնական՝ Վարդանանց հրապարակում բողոքի ակցիայի էին դուրս եկել 2 տասնյակից ավել անհատ տաքսու վարորդներ: Վերջիններս պահանջում էին հանդիպում քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ, որպեսզի ներկայացնեին իրենց բողոքը: Ինչպես նշեցին տաքսու վարորդները՝ իրենց զայրույթը հարուցել է մեքենաների մեջ հաշվիչների տեղադրման եւ ավելորդ գումարի մուծման պահանջը:
«Ես էդ ինչ եմ առնում, որ 8000 դրամ ըդոնց տամ, հըբը իմ ավտոյի ծախսը, վառելիքի ծախսը, էս լրիվ ձեռ կառնին»,-բարկացած ասաց անհատ տաքսու վարորդ Սամվելը:
«Յաման գիտի էնքան հոժար եմ, գյոզալըմ մերսեդեսս սարքել եմ կալամաշկա, օր տուն պահեմ, կխեղդեն»,-ավելացրեց երիտասարդ մեկ այլ վարորդ:
2 ժամից ավել տեւած բողոքի ակցիայի մասնակիցների պահանջներին ի վերջո ականջալուր եղան փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը եւ քաղաքապետարանի տրանսպորտի եւ կապի վարչության բաժնի պետ Արամ Եղոյանը: Քաղաքապետարանի աշխատակիցներին հաջողվեց հանդարտեցնել վրդովված վարորդներին: Նրանց առաջարկությամբ եվ ուղեկցությամբ վարորդների 4 հոգանոց պատվիրակությունը հանդիպեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ:
Հանդիպումից քիչ անց զրուցեցինք «պատվիրակության» ներկայացուցիչների հետ: Տեղեկացանք, որ մարզպետը խոստացել է բողոքը հրատապ կարգով ներկայացնել ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին, ինչպես նաեւ՝ երկուշաբթի օրը հենց Գյումրիում հանդիպում կազմակերպել նախարարի հետ, որի ընթացքում վարորդներն անձամբ հնարավորություն կունենան նախարարին հայտնելու իրենց բողոքը:
Թեեւ գյումրեցի վարորդներն այնքան էլ վստահ չեն, որ հանդիպումը կկայանա, այնուամենայնիվ, որոշեցին սպասել:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա վերջին տրանսպորտի ու կապի նախարարությունն անհատ տաքսիստներին հարկային դաշտ մտցնելու նախագիծ մշակեց, որն այսօր պատրաստվում է իրագործել:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրի

 

 

 

 

ՀԱՆՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆ ԳՆԱԼՈՒ
Տավուշի մարզի բնակավայրերում բազմաթիվ երիտասարդ տղամարդիկ իրենց իսկական ազգանունը փոխել եւ կրում են իրենց կնոջ ազգանունը: Դրա պատճառն այն է, որ նրանք նախկինում Ռուսաստանում օրենքի հետ կապված խնդիրներ են ունեցել եւ երկրից վտարվել: Արդյունքում այդ տղամարդիկ ստիպված Հայաստանում փոխել են իրենց անձնագիրը եւ վերցրել իրենց կնոջ ազգանունը, որպեսզի հնարավորություն ունենան նորից մեկնել Ռուսաստան` արտագնա աշխատանքի: Տղամարդիկ կան, ովքեր փոխել են նաեւ իրենց անունը եւ վերցրել ռուսական անուններ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս