«Էկո սերունդ» խորագրով նոր նախաձեռնությամբ է հանդես եկել Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդը։ Տարբեր քոլեջների 20 ուսանողներ մեկ ամիս Երևանի դպրոցներից հինգում 6-7-րդ դասարանի աշակերտներին խաղերով, կիրառական աշխատանքով ու ընթերցումներով «էկո դասեր» են տալու՝ սովորեցնելով միջավայրը մաքուր պահելու եղանակներն ու կարևորությունը։
«Մտահղացումը հենց ուսանողներինն է, ովքեր դիմել էին Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդ՝ երևանցի դպրոցականներին էկոլոգիայի վերաբերյալ այլընտրանքային եղանակով գիտելիքներ հաղորդելու առաջարկությամբ։ Խորհուրդը կարճ ժամանակում կազմակերպեց այս ծրագիրը. հանդիպեցինք մասնագետների հետ, խորհրդակցեցինք, կազմեցինք ծրագիրը և ստանձնեցինք աջակցությունը։ Սովորեցնողների ու սովորողների տարիքային տարբերությունը քիչ է, ինչը շփման լեզուն, եղանակը բավականին մատչելի է դարձնում։ 6-7-րդ դասարանների աշակերտներին ներկայացնելու ենք՝ ինչ է բնությունը, ինչ է նշանակում մաքուր շրջակայք ունենալը և ինչ կարող ենք անել ինքներս։ Արդյունքում այս աշակերտներն այս ալիքի հաղորդիչը կդառնան, կունենանք էկոլոգիայի վերաբերյալ գիտելիքներով կրթված սերունդ։ Այս առումով «Էկո սերունդ» նախաձեռնությունը համահունչ է նաև Երևանի քաղաքապետի՝ մայրաքաղաքը մաքուր պահելու հորդորին՝ ոչ թե հետևանքները, այլ պատճառներն է պետք վերացնել»,- նշել է Երևանի քաղաքապետի օգնական, Երևանի քաղաքապետին կից երիտասարդական խորհրդի փոխնախագահ Սամվել Մերթարջյանը։
«Էկո սերունդ» նախաձեռնության առաջին փուլում Երևանի դպրոցներից հինգն են ներառված։ Մեկամսյա ծրագրի ութ բազմազան դասաժամերին աշակերտները էկոլոգիայի վերաբերյալ գիտելիքներ ստանալուց բացի նաև կիրառական աշխատանք են կատարելու. սովորելու են թղթի թափոններից դիմակ՝ «պապյեմաշե» պատրաստել, աշխատելու են այլ նյութերի հետ, թեմատիկ մուլտեր ու տեսաֆիլմեր են դիտելու, ծառատունկի են մասնակցելու։ Երեխաների պատրաստած աշխատանքները ներկայացվելու են էքսպո-ցուցահանդեսում։ Ծրագրի մասնակից աշակերտները հավաստագրեր են ստանալու։
«Էկո սերունդ» նախաձեռնության կազմակերպմանն աջակցում են նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունն ու Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժինը։