Անպարկեշտ եմ համարում Գագիկ Ծառուկյանի փոխարեն որոշումներ կայացնելը. Նաիրա Զոհրաբյանը՝ Միքայել Մելքումյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն տեղեկացրել էր, որ այսօր Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարել էր, որ վաղը կայանալիք ԲՀԿ արտահերթ համագումարում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կհրաժարվի կուսակցության ղեկավարի պաշտոնից: ԲՀԿ ղեկավարի պաշտոնը կստանձնի խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Թե ի՞նչն էր Մելքումյանի նման անակնկալ հայտարարության պատճառը, Armlur.am-ը փորձեց պարզել խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից, ով, Մելքումյանի խոսքով, ԲՀԿ նոր նախագահն է:

Զոհրաբյանը մեզ հետ զրույցում ասաց` համագումարները հրավիրվում են նրա համար, որպեսզի որոշում կայացնեն: «Բարգավաճ Հայաստանն ունի կուսակցության նախագահ, ով Գագիկ Ծառուկյանն է: Իսկ թե ո՞վ կառաջադրվի կամ չի առաջադրվի, պարզ կլինի վաղվա համագումարի ժամանակ: Իսկ մնացած բոլոր հարցերը խնդրում եմ ուղղեք իմ շատ հարգարժան գործընկեր Միքայել Մելքումյանին»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Հստակեցնող հարցին, թե Մելքումյանը կարծես Նաիրա Զոհրաբյանի անունից հաստատում է կուսակցութան նախագահի պաշտոնում վերջինիս թեկնածությունը, Զոհրաբյանը նման կերպ արձագանքեց. «Նա իմ անունից չէր կարող հայտարարություն անել: Ես լսել եմ պարոն Մելքումյանի հարցազրույցը: Կուսակցությունն ունի նախագահ, և ես առնվազն անպարկեշտ եմ համարում Գագիկ Ծառուկյանի փոխարեն որոշումներ կայացնել, թե վաղը ինչ է անելու Գագիկ Ծառուկյանը»,- նշեց խմբակցության քարտուղարն ապա հավելեց.

«Ես շատ շնորհակալ եմ Միքայել Մելքումյանին իմ նկատմամբ իր անձնական դիրքորոշման համար, շնորհակալ եմ, որ պարոն Մելքումյանը որպես հավանական թեկնածու դիտարկում է նաև ինձ: Ես կրկնում եմ` բոլոր հարցերի պատասխանները կտրվի վաղը»:

Ստացվում է զուտ անձնական համակրանքից ելնելո՞վ է Մելքումյանը նման հայտարարություն արել, Նաիրա Զոհաբյանը վրդոված պատասխանեց. «Այդ հարցերով իրեն դիմեք, ես նրա կողքին կանգնած չեմ եղել»:




Լրահոս