ՏԵՂԱԿԱՆ ԻՇԽԱՆԻԿՆԵՐՆ ԱՌԱՋԱԴՐՎԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 19-ից մեկնարկել է Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերի 318 համայնքներում սեպտեմբերի 23-ին անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում թեկնածուների առաջադրման գործընթացը: Թեկնածուների գրանցման փաստաթղթերի՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը օգոստոսի 24-ի ժամը 18-ն է:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 23-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի մարզի 114 համայնքներից 99-ում, Գեղարքունիքի 92 համայնքներից 64-ում, Կոտայքի 67 համայնքներից 65-ում, Վայոց ձորի 44 համայնքներից 36-ում, Տավուշի 62 համայնքներից 54-ում:
Ըստ ԿԸՀ տվյալների՝ օգոստոսի 22-ի կեսօրի դրությամբ ընդհանուր առմամբ առաջադրված էին համայնքի ղեկավարի 267 եւ ավագանու անդամի 563 թեկնածուներ: Ոչ բոլոր համայնքներում կային առաջադրումներ: Դրանց թվում են Կոտայքի մարզի Ծաղկաձոր ու Եղվարդ քաղաքային համայնքները, որոնցում դեռեւս քաղաքապետի թեկնածուներ առաջադրված չեն:
Մյուս քաղաքային համայնքներում պատկերը հետեւյալն է:
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքային համայնքի ղեկավարի առայժմ միակ թեկնածուն անկուսակցական մենատնտես Ռազմիկ Տերտերյանն է, Ապարանում` ՀՀԿ-ի կողմից առաջադրված գործող քաղաքապետ, հանրապետական Գոռ Աբրահամյանը:
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքային համայնքի ղեկավարի թեկնածուներ են ինքնաառաջադրվել երկու անկուսակցականներ` գործող քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը եւ «Քյավառ» հեռուստաընկերության տնօրեն Արմեն Գալստյանը:
Ճամբարակում ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է գործող քաղաքապետ, հանրապետական Յուրիկ Ավալյանը:
Մարտունիում առաջադրվել է քաղաքապետի երեք թեկնածու` ՀՀԿ-ի կողմից գործող քաղաքապետ, հանրապետական Բագրատ Հարությունյանը, ինքնաառաջադրված անկուսակցական Թաթուլ Ավետիսյանը եւ ՀՀԿ-ական Վարդան Բաղդասարյանը:
Սեւան քաղաքում ինքնաառաջադրված է անկուսակցական Արա Սմբատյանը:
Վարդենիսում առաջադրված են երեք թեկնածուներ` ՀՀԿ-ի կողմից գործող քաղաքապետ, հանրապետական Վոլոդյա Խլոյանը, ինքնաառաջադրված ՀՀԿ անդամ Վիկտոր Մկրտչյանը եւ ՀՅԴ անդամ Կամո Պետրոսյանը:
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված է գործող քաղաքապետ Կարապետ Գուլոյանը: Վերջինս, ի դեպ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է:
Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում առայժմ 3 թեկնածու է` ՀՀԿ-ի կողմից առաջադրված գործող քաղաքապետ, հանրապետական Հարություն Սարգսյանը, ինքնաառաջադրված, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Բաբա Բաբայանը եւ անկուսակցական Թարո Ավետյանը:
Եղեգնաձորում առայժմ առաջադրված է քաղաքապետի մեկ թեկնածու` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:
Տավուշի մարզի Բերդ քաղաքում ՀՀԿ-ի կողմից առաջադրված է գործող քաղաքապետ, հանրապետական Անդրանիկ Շառյանը եւ ինքնաառաջադրված ՀՀԿ անդամ Հարություն Մանուչարյանը:
Դիլիջանում երկու թեկնածու է` ՀՀԿ-ի կողմից առաջադրված գործող քաղաքապետ, հանրապետական Արմեն Սանթրոսյանը եւ ինքնաառաջադրված, ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան, անկուսակցական Գուրգեն Հարությունյանը:
Նոյեմբերյանում առաջադրված է երկու թեկնածու` ՀՀԿ-ի կողմից գործող քաղաքապետ, հանրապետական Վանուշ Ամիրաղյանը եւ ինքնաառաջադրված անկուսակցական Քաջիկ Անանյանը:




Լրահոս