Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ՝ ՀՀԿ այսօր կայանալիք ԳՄ նիստում, բացի ՏԻՄ ընտրությունների հարցից, քննարկվելու է նաեւ ԲՀԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալուց հետո թափուր մնացած փոխնախարարական պորտֆելների ճակատագիրը: Ենթադրվում է, որ փոխնախարարների մեծ մասը լինելու են հենց ՀՀԿ-ականները, իսկ ՕԵԿ-ին բաժին է հասնելու ընդամենը 2 պաշտոն՝ առողջապահության եւ կրթության ու գիտության նախարարի տեղակալների պաշտոնները (գուցե մեկ-երկուսը եւս «պոկեն»): Հիշեցնենք, որ ըստ հավաստի լուրերի՝ Հովհաննես Մարգարյանի՝ ԱԺ պատգամավոր դառնալու համար ժամանակին ինքնաբացարկ ներկայացրած ՕԵԿ-ականներ Նելսոն Զուլոյանը նշանակվելու է առողջապահության, իսկ Դավիթ Կարապետյանը՝ կրթության եւ գիտության փոխնախարար: Բայց նշանակումները կլինեն օգոստոսի 25-ից հետո: Իսկ մյուս պաշտոնների մասով ՀՀԿ-ն դեռեւս վերջնական որոշում չունի:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այսօր կայանալիք ՀՀԿ գործադիր մարմնի նիստին անհամբերությամբ են սպասում ՏԻՄ ընտրություններում առաջադրված ՀՀԿ-ական թեկնածուները: Վերջիններս պետք է անձամբ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հավանությանն արժանանան: Բանն այն է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի «դաբրոն» այլեւս չի անցնում, եւ ՀՀԿ առաջնորդը նախագահական ընտրություններից առաջ անձամբ է ընտրում կադրերին: Դա էր պատճառը, որ օրերս հրաժարական տվեցին մի շարք համայնքների ղեկավարներ: Չի բացառվում, որ այսօրվա ՀՀԿ ԳՄ նիստից հետո լինեն նոր ինքնաբացարկներ մինչեւ օգոստոսի 30-ը:
ՆԻՍՏ ԿԼԻՆԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ