Լյովա Խաչատրյանն ամեն հարցում ձեռնպահ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ԲՀԿ արտահերթ համագումարի ժամանակ կուսակցության` արդեն նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հրաժարական տվեց նախագահի և խմբակցության ղեկավարի պաշտոնից:

Կուսակցության նոր նախագահ ընտրվեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Վերջինիս ընտրությանը բոլորը կողմ են քվեարկել` բացի ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանից. նա ձեռնպահ քվեարկեց:

Armlur.am-ի հետ զրույցում պատգամավորը հրաժարվեց որևէ բացատրություն տալ իր` ձեռնպահ քվեարկելու որոշման վերաբերյալ: «Կուսակցության նախագահը, խոսնակը բոլոր հարցերի պատասխանները կտան»,- ասաց Խաչատրյանը:

Մեր հստակեցնող հարցին` այսինքն` «ձեռնպահ» քվեարկելու իր որոշումը պետք է բացատրի կուսակցության նոր նախագահը կամ խոսնակը, Լյովա Խաչատրյանը նորից ձեռնպահ պատասխան տվեց. «Թո´ւյլ տվեք ձեռնպահ մնամ մեկնաբանություններից»,- նշեց նա:

Իսկ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ևս հրաժարվեց որևէ մանրամասներ ասել համագումարից ու իր հետագա անելիքներից: «Պատասխան չունեմ»,- Ուրիխանյանը նման կերպ պատասխանեց Armlur.am-ի հարցին ` շարունակելու է վերջինս մնալ կուսակցության խոսնակի պաշտոնում, թե` ոչ:




Լրահոս