ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ըստ «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ օդամղիչ ատրճանակներն ազատ վաճառվում են: Արդյոք քաղաքացին, զենքն ազատ գնելով, կարող է նաեւ այն ազատ կրել: Որո՞նք են զենքը կրելու պայմանները: Խնդրում եմ մի փոքր մանրամասնել:

Վահագն Բաղդասարյան, 31 տարեկան, մենեջեր


ՊԱՏԱՍԽԱՆ.
«Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն՝ «ոչ ավելի, քան 7,5 ջոուլ փողային էներգիայով եւ մինչեւ 4,5 մմ տրամաչափով օդաճնշիչ զենքի տեսակները գրանցման ենթակա չեն, եւ քաղաքացին իրավունք ունի դրանք ձեռք բերել առանց թույլտվության»: Պարզաբանում ենք, որ եթե քաղաքացին զենքը ձեռք է բերում առանց թույլտվության, նշանակում է՝ դրա համար անհրաժեշտ փաստաթղթեր չեն պահանջվում, հետեւաբար զենքը չի գրանցվում (հաշվառվում), եւ քաղաքացին այն կարող է կրել առանց զենք պահելու եւ կրելու թույլտվության:

ՀՀ ոստիկանության հասարակական
կարգի ապահովման վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վերոնշյալ օրենքը, անշուշտ, վերանայման է ենթակա: Մեր ժամանակներում զենք կրելու ցանկությունը կտրուկ մեծացել է: Կիրառման նպատակահարմարությունը հաշվի չառնելով՝ շատերն այն գործածում են զարդի փոխարեն եւ խիստ ցուցադրաբար: Զենքի առկայությունը նրանց ինքնավստահ ու անկաշկանդ է դարձնում, ինչի կարիքը նման մարդիկ հավանաբար շատ ունեն: Ամեն դեպքում, կան նաեւ մարդիկ, որոնք, տարբեր հանգամանքներից ելնելով, կարիք ունեն լրացուցիչ ինքնապաշտպանական միջոցառումների իրականացման, ու նրանց թերեւս պետք է նման հնարավորություն տրվի:




Լրահոս