Երեք պատգամավորների մասին Աժ էթիկայի հանձնաժողովի ստացած դիմում-բողոքներից երկուսը վերաբերվում են Աժ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովին և ՀՅԴ խմբակցության անդամ, Աժ պատգամավոր Արծվիկ Մինասյանին: Դրանք կապված են DIY ակումբի պայթեցման շուրջ պատգամավորների արած հայտարարությունների հետ:
Երեկ “Ժողովուրդ”-ը զրուցեց Էդուարդ Շարմազանովի հետ` պարգելու համար, թե որքանով է նա իրեն “մեղավոր” համարում:
– Պարոն Շարմազանով, Աժ էթիկայի հանձնաժողովը Ձեզ հետ կապված դիմում-բողոք է ստացել հասարակական կազմակերպությունից: Ինչպե՞ս եք վերաբերում այդ փաստին:
– Նախ շնորհակալություն իմ ճակատագրով հետաքրքրվելու և մտահոգվելու համար: Առաջինը պետք է ասեմ, որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ, յուրաքանչյուր քաղաքացի, հասարակական կազմակերպության ներկայացուցիչ իրավունք ունի ազատորեն, առանց որևէ մեկի իրավունքները ոտնահարելու արտահայտել իր կարծիքը: Տվյալ դեպքում այդ հասարակական կազմակերպություններից մեկն էլ, օգտվելով իր այդ իրավունքներից, դիմել է էթիկայի հանձնաժողով: Ինչ վերաբերում է իմ կարծիքին, ապա ես մի քանի անգամ մամուլում շատ մանրամասն ներկայացրել եմ իմ ընկալումներն ու այդ հարցի շուրջ արժեքային համակարգի կարևորագույն դրույթները: Ցավոք, ինչ-որ մեկի մոտ տեղի է ունեցել թյուրըմբռնում, ես չեմ բացառում նաև, որ որոշ մարդկանց մոտ սա նպատակաուղղված խնդրի շահարկում է: Իմ կարծիքը հետևյալն է ու անփոփոխ, ես քրիստոնեական արժեքներին հավակնող մարդ եմ, ինձ համար ընդունելի չէ հակաքրիստոնեական արժեքների պրոպագանդումը:
– Ըստ Ձեզ` ինչպիսի՞ն է լինելու Աժ էթիկայի հանձնաժողովի դիրքորոշումը` կապված դիմում-բողոքի հետ:
– Ես էթիկայի հանձնաժողովի անդամ չեմ, էթիկայի հանձնաժողովն էլ ցանկացած հարց իր լիազորությունների շրջանակում կարող է քննարկել, և ես այդտեղ որևէ խնդիր չեմ տեսնում:
– Կանխատեսո՞ւմ եք` մոտավորապես ինչ “պատիժ” է սպասվում Ձեզ և ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին: Չե՞ք վախենում այդ պատժից:
– Ես վախենում եմ միայն Աստծուց: Ուրեմն որևէ մեկը չի կարող ինձ համար պատիժ սահմանել, առավել ևս` մի պատգամավոր: Կա օրենսգիրք և դատարաններ, որոնք էլ կորոշեն պատժի մասին: Ես կարծում եմ, որ այս ամենից ավելի շատ շոուների հոտ է գալիս, մարդիկ ուզում են հայտնի դառնալ և շոու ստեղծել: Ամեն դեպքում, տհաճ է, որ նման ոչ բարոյական և ոչ քրիստոնեական կարծիքները սկսել են շահարկման առարկա դառնալ: Ես Ձեզ մեկ անգամ ևս ասում եմ, որ ես բաց նամակով հանդես եմ եկել ու ավելացնելու ոչ մի բան չունեմ: Ուղղակի կասեմ, որ այո`, ես՝ որպես քրիստոնյա մարդ, դեմ եմ նման դրսևորումներին և ավելի շատ դեմ եմ նման դրսևորումների պրոպագանդմանը: Ես դա ասում եմ ամենայն անկեղծությամբ ու կարծում եմ` հասարակության մեծամասնությունն էլ դեմ է անբարոյական, հակաքրիստոնեական արժեքների պրոպագանդմանը: Այդտեղ ինչ-որ բռնություն, ինչ-որ բան… դա էլ իրենց հորինած խնդիրներն են: Նույնը կասեմ նաև Արծվիկ Մինասյանի հետ կապված, նրան շատ լավ ճանաչելով՝ կասեմ, որ այդտեղ ոչ մի բռնության մասին խոսք լինել չի կարող: Չնայած դա էթիկայի հանձնաժողովի խնդիրն է, մենք բարձր ենք, որևէ խնդիր չեմ տեսնում: Կրկնում եմ` ես ոչ մեկին բռնության կոչ չեմ արել ու չեմ անի, բայց միևնույն ժամանակ, որպես քրիստոնեական արժեքներ կրող մարդ, դեմ եմ հակաքրիստոնեական անբարոյական քայլերին:
– Էթիկայի հանձնաժողովի օրակարգում ընդգրկված է նաև Արարատի մարզի Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի դիմումի քննության հարցը: Զադոյանի դիմումը վերաբերվում է պատգամավոր Կարո Կարապետյանին (Յուվեցի Կարո): Այդ մասով ի՞նչ կասեք:
– Ես չեմ ուզում երբեք իմ լիազորությունների սահմաններն անցնել, ու էթիկայի հանձնաժողովը նրա համար է, որպեսզի էթիկայի հետ կապված հարցերը քննարկի: Իսկ ես ու Արծվիկ Մինասյանը էթիկայի որևէ նորմ չենք խախտել, մենք առաջնորդվել ենք կարծիք արտահայտելու իրավունքով: