Քաղաքական վերջին իրադարձությունների կապակցությամբ Փաստ լրատվականին հարցազրույց է տվել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
-Պարո՛ն Բալասանյան. Վարդան Ղուկասյանն իր հարցազրույցում ԲՀԿ–ից դուրս գալու Ձեր քայլը բնորոշել էր որպես անբարոյականություն, ի՞նչ կասեք այդ մասին:
-Ընդհանրապես կանոն էի դարձրել տվյալ հոգեկան հիվանդին չպատասխանելը, մանավանդ որ գարնանը նման հիվանդների մոտ սրացում է նկատվում, բայց այս անգամ երևի շեղվեմ այդ կանոնից: Հայաստանի քաղաքական ներկա մշակույթի պարագայում կուսակցությունների գործունեությունը մեծապես պայմանավորված է անձերի գործոնով, կարծում եմ՝ սա որևէ մեկը չի ժխտի, իսկ «Բարգավաճ»-ից ես դուրս եմ եկել այն բանից հետո, երբ կուսակցությունից դուրս է եկել Ծառուկյանը՝ մարդ, ումշուրջն է ստեղծվել ԲՀԿ-ն: Կարծումեմ՝ ավելորդ չէ նաև հիշեցնելը, թե իմ՝ ԲՀԿ-ում գտնվելն ինչ օգուտ է տվել մեր քաղաքին՝ բազմաթիվ աղբատար մեքենաներ, տրակտորներ, ամենամյա աջակցություն անօթևաններին և այլն:
Իսկ անբարոյականության մասին կասեմ հետևյալը:
Անբարոյականություն է՝
Ա. Եկեղեցու կառուցման անվան տակ փող հավաքելն ու այդ գումարներով անձնական պալատներ կառուցելը:
Բ. Խնամքիդ մնացած երեխաներին մարդասպան դարձնելն ու նրանց ճակատագրերը խեղելը:
Գ. Հայրենի քաղաքը տարիներ շարունակ թալանելը:
Դուրս եկեք փողոց և հարցրեք գյումրեցուն, թե որն է անբարոյականությունը և կտեսնեք, որ պատասխանն ակնհայտ է:
-Պարո՛ն քաղաքապետ, հիմա ինչո՞վ եք զբաղված:
-Քաղաքի գործերով, մասնավորապես քաղաքի ասֆալտապատման նախապատրաստական աշխատանքներով, փողոցային լուսավորությամբ: Ինչպես նաև քաղաքին հատուկ կարգավիճակ տալուն միտված քայլերով, որը կարող է բեկումնային լինել քաղաքի համար և՛ փողոցաշինության բնագավառում, և՛ քաղաքը տնակներից վերջապես ազատելու հարցում: