«Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյն անարգո՞ւմ է Դեդ Հասանի հիշատակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ «գողական աշխարհում» սկսվել են ընդամենը 6 ամիս առաջ տիրող իրավիճակին հակառակ գործընթացներ: Մարտի 5-ին Մոսկվայում ընդունված որոշման համաձայն` «օրենքով գողի» տիտղոսից զրկվել է 12 մարդ: Նրանց մեծ մասն անվերադարձ դադարել են «օրենքով գող» լինելուց, որոշներն, ինչպես պարզվել է, երբեք էլ չեն եղել և քչերն են, որ հնարավորություն կունենան վերադարձնել իրենց կոչումը:

Պարզվում է` «օրենքով գողերի» կնքահայր Դեդ Հասանի օրոք արված թագադրությունները սխալ են ճանաչվել:

Ռուսական Primecime կայքը նշում է, որ այս «պաշտոնանկությունների» գաղափարի հետևում կանգնած են Շաքրո Մոլոդոյն ու նրան շրջապատող Օզմանովների տիտղոսակիր հարազատները: Նախօրեի «սխոդկայի» կայացրած որոշումներով՝ հանգուցյալ Դեդ Հասանի, ով անմիջապես կապ է ունեցել «թագազրկված» «օրենքով գողերի» թագադրումներին, գործողությունները սխալ են ճանաչվել:

Armlur.am-ի հետ այս իրավիճակի հետ կապված զրույցում քրեական իրադարձություններին լավատեղյակ Սերգեյ Գալոյանը հայտնեց, որ սա սպասված գործընթաց է, քանի որ ազատության մեջ հայտնվելուն պես Շաքրո Մոլոդոյը հայտարարել էր, որ «մաքրելու է գողական աշխարհն անպետքներից»:

«Իրականում զարմանալու որևէ բան չկա: Միշտ էլ եղել են անարժան «գողեր», ովքեր պետք է կարգալույծ արվեին: 2008-ից հետո, երբ «գողերի» թիվը կտրուկ ավելացավ, սպասվում էր, որ օրերից մի օր նման բան պետք է տեղի ունենար»,- ասաց Սերգեյ Գալոյանը: Armlur.am-ը հետաքրքրվեց` արդյոք սա չի՞ նշանակում, որ Շաքրո Մոլոդոյը ոտնահարում և պղծում է իր «կնքահոր» հիշատակը, մանավանդ եթե հաշվի առնենք, որ ազատ արձակվելուց հետո նա այցելել էր Դեդ Հասանի և Յապոնչիկի գերեզմաններին և երդվել, որ վրեժ կլուծի: Մեր զրուցակիցը պարզաբանեց, որ Դեդ Հասանը ևս կարող էր սխալվել: Ս. Գալոյանի խոսքով` տեղի ունեցող իրադարձություններն ամենևին էլ չեն նշանակում, թե Շաքրոն այս կերպ իր արհամարհանքն է ցույց տալիս Դեդ Հասանի որոշումների դեմ:

«Հայազգի «օրենքով գող» Պզոյին` Արմեն Ղազարյանին, Դեդ Հասանը չի կարգել, բայց դա չի նշանակում, որ նա «օրենքով գող» չէ: Բոլոր ժամանակներում էլ նման իրավիճակներ եղել են: Պարզապես այս անգամ դրանք զանգվածային եղան»,- ասաց Սերգեյ Գալոյանը:

Հիշեցնենք նաև, որ դեռևս նախորդ տարվա նոյեմբեր ամսին վերադառնալով Ռուսաստանից, հայտնի 61-ամյա «օրենքով գող» Զախարի Կալաշովը, առավել հայտնի Շաքրո Մալադոյ անվամբ, առաջին հերթին այցելել է Դեդ Հասանի և Յապոնչիկի գերեզմաններին: Այնտեղ նա հայտարարել է, որ նրանց սպանողներին երբեք չի ների:




Լրահոս