Մեքենայի մեջ սպանված գյումրեցու մութ անցյալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ 2015 թվականի մարտի 7-ի առավոտյան՝ Շիրակի մարզի Ախուրյանի Քեթի գյուղի ձորում հայտնաբերվել է 1984 թվականի ծնված Քրիստ Վարդանյանի դիակը՝ «Նիսան-Տիանա» մակնիշի ավտոմեքենայի հետևի նստատեղին։ Դիակի արտաքին զննությամբ որովայնի շրջանում հայտնաբերվել է միջանցիկ հրազենային վնասվածք։ Նշենք, որ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով:

Armlur.am-ի տեղեկություններով՝ Գյումրիում լուրեր են շրջանառվում, թե Քրիստ Վարդանյանի սպանությունը կապված է մարտի 7-ի լույս 8-ի գիշերը Գյումրիի Արցախի թաղամասում հնչած կրակոցների հետ: Հիշեցնենք, որ կրակոցների հետևանքով ծանր վնասվածքներ է ստացել 6 մարդ:

Տեղեկացնենք, որ սպանվածը նախկինում երկու անգամ դատապարտված է եղել: Առաջին անգամ նա դատապարտվել է ազատազրկման 5 տարի ժամկետով 1999 թվականին՝ ՀՀ քր. օր-ի 15-100 հոդվածներով (սպանության փորձ): ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 2000թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ՝ պայմանական վաղաժամկետ ազատվել է պատժի չկրած մասի 3 տարի 3 ամիս 14 օր պատժի կրումից: Քրիստ Վարդանյանի դատվածությունը չի մարվել:

Երկրորդ անգամ սույն  գյումրեցին դատապարտվել է ազատարզկման 2008 թվականին՝ 5 տարի 6 ամիս ժամկետով: Մեղադրական եզրակացության համաձայն՝ 2007թ. սեպտեմբերի 30-ին Քրիստ Վարդանյանը ընկերոջ՝ Սուրեն Պետրոսյանի հետ գնացել է «Էդեռա» բար-սրճարան՝ ճաշելու։ Հարևան սեղանի շուրջ նստած չորս անձանցից Հրաչյա Հավերցյանը՝ Քրիստ Վարդանյանի ծանոթը, նրանց հրավիրել է միանալ իրենց սեղանին։ Ապա վեց հոգով միասին ճաշել են, օղի են խմել։ Գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ՝ Հրաչյա Հավերցյանն ընկերների հետ սկսել է հայհոյել «հյուրերին», իսկ Քրիստ Վարդանյանը դիտողություն է արել նրանց։

Սրան էլ հաջորդել է աղմուկ, հյուրասիրող կողմը ջարդել է բար-սրճարանի սեղանները, հարվածել և գցել են Քրիստ Վարդանյանին: Վերջինս էլ իր ձեռքի հրազենով 3 անգամ կրակել է Հրաչյա Հավերցյանի որովայնին։ Այնուհետև վիճաբանությունը սրճարանից տեղափոխվել է դուրս ու վերածվել ծեծկռտուքի: Այդ ընթացքում Քրիստ Վարդանյանը երկու անգամ նույն ատրճանակով օդ է կրակել և դիմել փախուստի։

Քրիստ Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ), 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանությունը զենքի գործադրմամբ) և 235 հոդվածի 1-մասով (ապօրինի զենք պահել)։ Առաջադրված մեղադրանքներում նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել և զղջացել կատարվածի համար:

Լուսանկարը՝ shamshyan.com-ի:




Լրահոս