ԲՀԿ-Ի «ՎՆԱՍԱԶԵՐԾՈՒՄԸ» ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԱՎԱՐՏՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանի նախաձեռնած` Գագիկ Ծառուկյանին եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը «վնասազերծելու» գործընթացը երեկ պաշտոնապես ավարտվեց: Տեղի ունեցած համագումարում Գագիկ Ծառուկյանը հայտարարեց կուսակցության նախագահի պաշտոնից եւ ընդհանրապես քաղաքականությունից հեռանալու մասին:

Ինչպես հայտնի է՝ ԲՀԿ համագումարը տեղի ունեցավ դռնփակ: Համագումարը դեռ չավարտված՝ հաղորդագրությամբ տարածվեց Գագիկ Ծառուկյանի ելույթի տեքստը: Ըստ այդմ, իր՝ ԲՀԿ նախագահի պաշտոնից եւ քաղաքականությունից հեռանալու մասին Ծառուկյանն ասել է. «Այսօր եկել է այն պահը, երբ ես որոշում եմ կայացրել՝ այլեւս չզբաղվել ակտիվ քաղաքականությամբ, վայր դնել կուսակցության նախագահի եւ խմբակցության ղեկավարի լիազորությունները: Սա չի եղել հեշտ որոշում, սա երկար մտորումների արդյունք է: Սա իմ անձնական որոշումն է, եւ ես ակնկալում եմ, որ դուք ըմբռնումով կմոտենաք»: Նա նաեւ հայտարարել է, որ քաղաքականության մեջ գտնվելու տարիներին երբեք չի հետապնդել անձնական շահ: «Չեմ օգտագործել ժողովրդի աջակցությունը անձնական նպատակներով: Չեմ փոխանակել ժողովրդի հավատը պաշտոնների եւ այլ շահի հետ»,- ասել է Ծառուկյանը: Ի դեպ, այս միտքը վերջին մեկ տարում նա հաճախակի էր կրկնում` պնդելով, թե ինքը իր համար չի քաղաքականությամբ զբաղվում: Ծառուկյանի ելույթում տեղ գտած մի միտք, սակայն, երեկ համացանցում քննարկումների, ինչ-որ տեղ նաեւ ծաղրի առարկա էր դարձել: Խոսքը հետեւյալ պնդման մասին է. «Իմ թիմի եւ ժողովրդի մեջքի հետեւում գործարքներ չեմ կնքել»: Կարելի է կարծել, որ Սերժ Սարգսյանի` «չարիքի իշխանությունից» Հայաստանը ազատելու մասին հայտարարելուց չորս օր անց նահանջելու, քաղաքականությունից դուրս գալու որոշումները նա ժողովրդի կամ անգամ իր թիմակիցների հետ քննարկելուց հետո է կայացրել:
Ինչեւէ: Իր կապը ԲՀԿ-ի հետ ի սպառ բացառելու նպատակով Գագիկ Ծառուկյանը նաեւ հայտարարել է. «Ես հեռանում եմ ակտիվ քաղաքականությունից: Ես այլեւս կուսակցության նախագահ չեմ: Իմ խնդրանքն է Ձեզ՝ ինձ այլեւս քաղաքական հարցերով չդիմել, ես չեմ խառնվելու ձեր որեւէ որոշմանը: Ես որեւէ կապ այլեւս չունեմ ԲՀԿ-ի հետ»: Վերջում ԲՀԿ այլեւս նախկին նախագահը որպես իրեն փոխարինող առաջարկել է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը:
Բնականաբար, ԲՀԿ համագումարի պատվիրակները կատարել են իրենց նախկին առաջնորդի պատգամը եւ Նաիրա Զոհրաբյանին ընտրել իրենց կուսակցության նախագահ: ԲՀԿ համագումարում Նաիրա Զոհրաբյանի հնչեցրած ելույթում կուսակցության հետագա ծրագրերի եւ մարտավարությունների վերաբերյալ ասվում է միայն այն, որ ԲՀԿ-ն որոշել է իրեն ընդդիմադիր հայտարարել: Որեւէ այլ մոտեցում, կամ ուղենիշ ԲՀԿ նորընտիր նախագահը չի նշել: Ի դեպ, ԱԺ առաջիկա քառօրյայում ԲՀԿ-ն կհայտարարի, որ իրենք այլեւս ընդդիմություն են:
ՀՀ ԱԳ նախկին նախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը համագումարի կեսից հեռացել է: Ավելի ուշ նա հայտարարություն տարածեց, որով ազդարարեց ԲՀԿ-ից դուրս գալու մասին: Երեկ մեկը մյուսի ետեւից ԲՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարեցին նաեւ Աբովյանի քաղաքապետ, Գագիկ Ծառուկյանի փեսա Կարո Գուլոյանը եւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Վերջինիս ԲՀԿ-ից դուրս գալը երեկ բազում հումորների տեղիք էր տվել: Բանն այն է, որ մինչեւ 2006 թվականը նույն Բալասանյանը ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավարն էր: Երբ 2006-ի մայիսին այդ կուսակցությունը հայտարարեց իշխանական կոալիցիայից դուրս գալու եւ ընդդիմադիր դառնալու մասին, խմբակցության անդամները մեկը մյուսի ետեւից սկսեցին լքել ՕԵԿ-ը: Լրագրողներից մեկը այդ օրերին Սամվել Բալասանյանին հարցրել էր, թե արդյոք ինքը չի պատրաստվում ՕԵԿ-ից դուրս գալ, ինչին ի պատասխան՝ նա հայտարարել էր, որ նման բան բացառվում է, եւ որ իր ճակատին գրված է ՕԵԿ: Իսկ մի քանի օր անց նա «ջնջեց» ճակատի ՕԵԿ-ը եւ դարձավ անկուսակցական պատգամավոր: Հիմա էլ, փաստորեն, Բալասանյանը պիտի ճակատից ջնջի «Բարգավաճ Հայաստան»-ը:
Ինչեւէ, ակնհայտ է, որ առաջիկայում ԲՀԿ-ից դուրս գալու մասին նոր հայտարարություններ եւս կլինեն, ուստի դժվար է ասել, թե այդ կուսակցության խմբակցությունում, ի վերջո, փաստացի քանի անդամ կմնա:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 
ՈՐՈՇԵԼ ԵՆ ԷԺԱՆՈՎ ՊՐԾՆԵԼ
Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր խորհրդարանում ծավալված դժգոհության մասին` կապված ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի որոշման հետ` այս տարի մարտի 8-ին խորհրդարանում աշխատող կանանց գումարի տեսքով նվեր չի տալու: Հրայր Թովմասյանը հայտարարել էր, թե այս տարի ԱԺ-ն գումար չունի, որպեսզի կանանց նվեր տա: Երեկ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ամեն տարի ԱԺ կին պատգամավորները եւս գումարի տեսքով նվեր են ստացել` 200-ից 300 հազար դրամ՝ ԱԺ նախագահի ֆոնդի հաշվին, իսկ ԱԺ կին աշխատակիցներին նվեր-գումարը եղել է նրանց աշխատավարձի կեսի չափով: Պարզվում է՝ «Ժողովուրդ»-ի հրապարակումից հետո երեկ ԱԺ կին աշխատակիցները նվեր են ստացել, սակայն ոչ թե գումար, այլ պլաստմասե տարայի մեջ ծաղիկ ու քաղցրավենիք: Ինչ վերաբերում է Աժ կին պատգամավորներին, ապա մեր տեղեկություններով՝ նրանք դեռ իրենց նվերները չեն ստացել: Հավանաբար նրանց նվերներն էլ այսօր կբաժանեն: Մեր տեղեկություններով՝ ԱԺ աշխատակազմը որոշել է կին պատգամավորներին սուրճի բաժակ նվիրել:

 

ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՉԻ ԳՈՐԾԵԼ
«ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի արխիվի եւ գրադարանի պահպանման եւ մշակման» հիմնադրամը հրապարակել է 2014 թվականի գործունեության հաշվետվությունը: Փաստաթղթից տեղեկանում ենք, որ նշված հիմնադրամը 2014 թվականի ընթացքում չի գործել, գույք չի օգտագործել, ծրագրեր չի իրականացրել եւ ֆինանսական մուտքեր էլ չի ունեցել:

 

ՊԱՐՏՔԵՐՆ ԵՆ ՈՒԶՈՒՄ
Երեւանի քաղաքապետարանի դեմ ներկայացվել է հերթական դատական հայցը: «Ժողովուրդը»-ը պարզեց, որ նոյեմբերի 6-ին «Նոր Վերածնունդ» ՍՊԸ-ն դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ պահանջելով Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչությանը պարտավորեցնել, որպեսզի կատարի ընկերության եւ քաղաքապետարանի միջեւ պայմանագրային պարտավորությունները: Ըստ «Նոր Վերածնունդ» ՍՊԸ-ի հայցադիմումի՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության կապալային աշխատանքների կատարման գնման պայմանագրով ստանձնած պարտավորությունների չափը կազում է 4 միլիոն դրամ: Հայցադիմումի հաջորդ պահանջն այն է, որ Երեւանի քաղաքապետարանը վերացնի «Առէկսիմ» բանկում «Նոր Վերածնունդ» ՍՊԸ-ի հաշվեհամարի 2 միլիոն 700 հազար դրամի չափով գումարի վրա դրված արգելանքը:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը գրել էր նաեւ 2014թ. օգոստոսի 11-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի դեմ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում ներկայացնելու մասին՝ 29 հազար 400 դրամ բռնագանձելու պահանջով:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՆՈՐ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վահագն Մելիքյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ:

 

ՕՍԿԱՆՅԱՆԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ
ԲՀԿ անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցությունս դադարեցնելու իմ որոշման պատճառն այն է, որ կուսակցությունը չկարողացավ իրականացնել հայ ժողովրդի՝ իմ գնահատմամբ՝ բացարձակ մեծամասնության ցանկությունը՝ այս փուլում արմատական փոփոխություններ իրականացնելու եւ երկիրը ոչ միայն ծանր վիճակից դուրս բերելու, այլեւ զարգացման ճիշտ եւ առողջ ճանապարհի վրա դնելու: ԲՀԿ-ին անդամակցությունս դադարեցնում եմ՝ գիտակցելով նրա անհաջողության մեջ պատասխանատվության իմ բաժինը: Նրանք, ովքեր չարախնդում են կուսակցության շուրջ ստեղծված իրավիճակի վրա, առաջին հերթին պետք է լուրջ մտահոգություն ունենան երկրում ստեղծված քաղաքական վիճակի համար»:

 

11,5 ՀԱԶԱՐ ՀԵՌԱՑԵԼ Է
2015 թվականի հունվար-փետրվար ամիսներին «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 234 հազար 792 ուղեւորի։ Այս տարվա առաջին երկու ամիսներին մեկնողների թիվը կազմել է 123 հազար 164 ուղեւոր, իսկ ժամանել է 111 հազար 628 ուղեւոր, մեկնողների եւ ժամանողների թվի բացասական հաշվեկշիռը կազմում է 11 հազար 536: Նախորդ տարվա առաջին երկու ամիսներին այդ երեք ցուցանիշները կազմել են համապատասխանաբար՝ 123 հազար 403, 111 հազար 628 եւ 11 հազար 919։

 

«ՈՒՉԱՍՏԿՈՎԻԻ» ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը բացահայտված է համարում Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը: Նրա համար 27-ի կազմակերպիչները սահմանափակվում են Հունանյանի խմբակով: «Ո՞վ ա ասում՝ բացահայտված չի: Հենա նստած են, ես պիտի հատ-հատ անուններն ասե՞մ»,- երեկ` Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, Եռաբլուր զինվորական պանթեոնում ասել է Գրիգորյանը` պատասխանելով լրագրողի հարցին:

 

ԿՄՆԱ ԽՈՍՆԱԿ
Իվետա Տոնոյանը շարունակում է մնալ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը, բայց դադարեցրել է ԲՀԿ-ին իր անդամակցությունը։ Այս մասին նա հայտնել է NEWS.am-ին` նշելով, որ շարունակելու է ղեկավարել «Էպիկենտրոն» լրատվական ծառայությունը։

 

ԶՍՊՎԱԾՈՒԹՅԱՆ ԿՈՉ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը երեկ անդրադարձել է ղարաբաղյան սահմանագոտում տիրող լարված իրավիճակին: «Տարեսկզբից դիտարկվող սրացումից հետո՝ փետրվարի երկրորդ կեսին, որոշակի դադար է գրանցվել։ Սակայն վերջին տվյալները՝ ստացված մարտի սկզբին, վկայում են հրադադարի ռեժիմի խախտման հետագա բռնկման մասին։ Կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել եւ թույլ չտալ լարվածության հետագա սրում»,- ասել է Լուկաշեւիչը:




Լրահոս