Օրեր առաջ սպանվել է Երեւանի բնակիչ Արթուր Վարդանյանը: Նրա հարեւանների խոսքերով՝ Արթուրը սպանության օրը դաժանորեն ծեծել է Միքայելին, որից հետո վերջինս ստիպված է եղել ինքնապաշտպանվել ու սուր կտրող-ծակող գործիքով սպանել է նրան:
Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ օգոստոսի 23-ին ՀՀ ԱԻՆ-ից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Նոր Նորք համայնքի Նանսենի փողոցի թիվ 13 շենքի 1-ին մուտքի 3-րդ հարկից գազի հոտ է գալիս: Սակայն պարզվել է, որ դա ոչ թե գազի հոտ է, այլ նեխած դիակի. այդ շենքի 5-րդ բնակարանում հայտնաբերվել է տանտիրոջ` 1975թ. ծնված Արթուր Վարդանյանի դին՝ կրծքավանդակի մասում կտրած-ծակած վնասվածքների հետքերով: Հաջորդ օրն իսկ ոստիկանություն է ներկայացել 1981թ. ծնված Միքայել Անանիկյանը, խոստովանել իր մեղքը՝ ասելով, որ վիճաբանության ժամանակ ինքն է սպանել Արթուրին: Մ. Անանիկյանը ձերբակալված է: Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` սպանություն:
Հարեւանների պատմելով՝ Արթուրն ու Միքայելն ընկերներ են եղել: Ժամանակին Արթուրը գումար է պարտքով տվել Միկային: Սպանության օրը նրանք Արթուրի տանը հանդիպել են, զրուցել, խմել: Խոսք է եղել պարտք տրված գումարի մասին: Երբ Արթուրը հարբել է, սկսել է վիրավորել Միկային, հայհոյել, ծեծել նրան: Հարեւանները պատմում են, որ Արթուրին իր ֆիզիկական ուժի համար «Մուսկուլ» են անվանել, որովհետեւ ժամանակին սպորտով է զբաղվել, նաեւ՝ Նոր Նորքի 4-րդ զանգվածի սպորտդպրոցում մարզումներ անցկացրել: Բացի այդ, հոգեկան որոշ խնդիրներ է ունեցել: Դրանք նրա մոտ ի հայտ են եկել ավտովթարից հետո, իսկ խմած ժամանակ եղել է «անտանելի»: Արթուրն իրեն այդպես է պահել նաեւ այդ օրը, նույնիսկ փորձել է կտրել Միկայի երակները: Վերջինս էլ փախչելով մտել է ննջարան ու դուռը փակել: Արթուրը կոտրել է դուռը: Միկան, այլ ելք չգտնելով, ինքնապաշտպանվել է` սպանելով Արթուրին: «Չխմած ժամանակ շատ խելոք տղա էր: Բայց խմած ժամանակ անտանելի. Միկային շատ էր կապտացրել: Քսան հոգով հավաքվեին, նրան չէին կարող ծեծել: Միկան էլ վախից էր խփել»,-պատմեցին Միկային ծանոթ երիտասարդները` չցանկանալով ներկայանալ: Ըստ նրանց՝ Արթուրը խմած ժամանակ նույնիսկ փողոցներում է քնել:
Հարեւաններից տիկին Սոնիկը պատմեց, որ օգոստոսի 23-ին Արթուրի բնակարանի մոտից տարօրինակ ու տհաճ հոտ է առել ու այդ մասին ասել մյուս բնակիչներին. «Մտածեցի, որ տանից գնացել է ու գազը բաց թողել, եւ դրա հոտն է ընկել շենքում: Ահազանգեցինք ԱԻՆ: Նրանք եկան ու պատուհանով տուն մտան: Փաստորեն, Մուսկուլը մահացած էր: Նրա դիակն էլ նեխած էր»: Ըստ տիկին Սոնիկի՝ Արթուրը 10-12 տարի ապրել է այդ բնակարանում: «Իր տատիկի հետ է սկզբում ապրել, բայց տեղափոխվելուց ամիսներ հետո նա մահացավ, իսկ Մուսկուլը մնաց միայնակ: Ստախոս տղա էր: Իրեն շատ էր երեւակայում: Լինում էր, որ շաբաթներով իր տանը չէր մնում: Իր տատիկի մահից հետո խղճում էինք ու հաց, խմորեղեն տալիս, որ ուտի: Բայց հետո սկսեց իրեն տալ խմիչքին: Ամեն առավոտ գարեջուր էր խմում: Հետո դուրս էր գալիս պատշգամբ ու հայհոյանքներ տալիս»,-պատմեց նա՝ հավելելով, որ Արթուրը հարբած վիճակում նույնիսկ պատահական անցորդներին է նեղացրել: «Անցյալ տարի վրաերթի էր ենթարկվել ու ծանր վնասվածքներ ստացել: Դրանից հետո իրեն տարօրինակ էր պահում: Խմած ժամանակ շատ անկապ բաներ էր խոսում: Պատշգամբից գոռում էր, թե Ղարաբաղի կռիվը սկսվել է, պաշտպանվեք»,-ասաց տիկին Սոնիկը:
Էդիկ պապիկն էլ մեզ հետ զրույցում հիշեց. «Ես միշտ այս այգում եմ լինում: Երբ մի անգամ Արթուրն այստեղով անցնում էր, մոտեցավ ինձ, ձեռքով բարեւեց: Տեսավ, որ ձեռքս ուժեղ է, հարցրեց` բոքսո՞վ ես պարապել: Ես էլ պատասխանեցի, թե «գյուղի բաքսյոր» եմ եղել: Ինքն էլ ասաց, որ բոքսը լավ բան չէ: Երբ տեսնում էր, բարեւում էր: Բայց տարօրինակ տղա էր: Հետո երբ խմում էր, սրան-նրան էր կպնում»:
Արթուրի հոգեհանգստի արարողությանն էլ շատ քիչ մարդ է մասնակցել. «Ոչ մի հարազատ չկար: Իր ընկերներն էին միայն: Ինքն իրենից ոչինչ չի պատմել, միայն ասում էր, որ որբ է եղել»:
ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՎ ՍՊԱՆԵԼ Է ԸՆԿԵՐՈՋԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ