Ադրբեջանական կասպյան ռազմական հետազոտությունների «Խազար» ինստիտուտի (Caspian Defense Studies Institute) կողմից անցկացված ԶԼՄ-ների մոնիտորինգի արդյունքում Ադրբեջանի անվտանգության եւ պաշտպանության հատվածում կորուստը 2015 թվականի սկզբից մինչ այժմ կազմել է 12 զինծառայող: Ընդ որում, կորուստներից 8-ը մարտական, իսկ 4-ը ոչ մարտական են, գրում է «Արցախպրեսս»-ը:
Ադրբեջանական Meydan TV հեռուստաալիքի կայքի փոխանցմամբ՝ 7 զինծառայող զոհվել են հակառակորդի գնդակից, իսկ մեկը պայթել է ականի վրա: Ոչ մարտական կորուստներից երկուսը մահացել են ոչ կանոնադրական հարաբերությունների, մեկը` զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով, մեկը` հիվանդությունից: Բացի այդ, 5 զինծառայող վիրավորվել կամ տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել:
Ինստիտուտը նշում է նաեւ, որ կորուստների մոնտորինգի անցկացումը, նախորդ տարիների համեմատ, խիստ դժվարացել է, քանի որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը եւ մյուս ուժային կառույցները ձգտում են թաքցնել կորուստները: «Խազար»-ը հայտնել է, որ իշխանությունները ադրբեջանական բոլոր ԶԼՄ-ներին պատվիրել են մարտական կորուստների մասին տեղեկատվություն չտարածել:
«Խազար»-ը նաեւ նշել է մանաթի արժեզրկման հետ կապված Ադրբեջանի զինված ուժերում զինծառայողների սոցիալական պաշտպանվածության վատթարացման մասին:
«Զինծառայողների աշխատավարձերն առանց այն էլ չնչին են: Այսպես, թիկունքում ծառայող լեյտենանտները ամսական ընդամենը 500 մանաթ աշխատավարձ են ստանում, իսկ պայմանագրային ենթասպաներն ու սերժանտները` ավելի ցածր», -նշել է ինստիտուտը:
«Խազար»-ն անդրադարձել է նաեւ ադրբեջանական բանակում առկա բնակարանային խնդիրներին. հազարից ավելի զինծառայողներ եւ ավելի պահուստի սպաներ գտնվում են բնակարանի հերթում, եւ հայտնի չէ, թե երբ նրանք բնակարան կստանան:
Ըստ ադրբեջանական ինստիտուտի` քանի բանակում բավարար սոցիալական պաշտպանվածություն չկա, ոչ կանոնադրական հարաբերությունների հետ խնդիրները, սպաների` կարիերայում առաջընթացի հետ կապված հույսերի բացակայությունը կշարունակեն մնալ:
Թեւ Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը, այդուհանդերձ, ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների համաձայն` տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստները կազմել են առնվազը 36 զինծառայող եւ 27-ից ավելի վիրավոր: