1940 թվականին այս օրը ԱՄՆ-ի Օքլահոմա նահանգում ծնվել է ամերիկացի կինոդերասան և մարտարվեստների վարպետ Չակ Նորիսը:
Դերասանի առաջին մեծ դերը կինոյում Բրյուս Լիի ընկերակցությամբ «Վիշապի ճանապարհը» ֆիլմն էր։
Չակի հայրը ավտոմեխանիկ էր և սիրում էր խմել: Նրա պապը մաքուր իռլանդացի էր, իսկ մոր երակներով հնդկացիական արյուն էր հոսում: Չակի մանկության տպավորություններն էին կարիքը, ապրելու մշտական վայրի բացակայությունը, կիսաղքատ կյանքը, ապա` նաև ծնողների ամուսնալուծությունն ու խորթ հոր ներկայությունը: Չակ Նորիսը հիշում է, որ հենց խորթ հայրն է նրա մեջ սեր սերմանել դեպի սպորտը:
Մեծանալով` Չակ Նորիսն ազատ ժամանակ բանվոր էր աշխատում և երազում էր ոստիկան դառնալ: Երազանքն իրականացնելու համար դպրոցն ավարտելուց անմիջապես հետո նա միանում է Ռազմաօդային ուժերին ու 1959 թվականին տեղափոխվում Հարավային Կորեա: Այդ ժամանակ նա ամուսնացած էր իր դասընկերուհի Դիանա Հոլեչեկի հետ: Դերասանի խոսքերով` ծառայությունն անսահման ձանձրալի էր, ուստի` ինքը սկսեց զբաղվել սպորտով և գրանցվեց ձյուդոյի, ապա` նաև թեկվանդոյի ակումբներում: Երեք տարի անց նա արդեն սև գոտի ուներ:
1963 թվականին Չակ Նորիսը բացում է կարատեի առաջին դպրոցը, մեկ տարի անց` երկրորդը, իսկ 1965-ին մեկնում Լոս-Անջելես` մասնակցելու բոլոր աստղերի մրցաշարին: Այնտեղ Չակը հաղթանակ է տանում: 1968 թվականին Նորիսը կարատեի դպրոցների ցանց է բացում, որը բաղկացած էր 32 դպրոցից: Այդ ժամանակ նա հռչակվում է կարատեի աշխարհի չեմպիոն և պահպանում իր տիտղոսը 7 տարի շարունակ:
Կինոյում իր կարիերան Չակը սկսել է հայտնի դերասան Ստիվ Մակ’Կուիրինի շնորհիվ, ով ժամանակին Նորիսին կարատեի դասեր էր տալիս: Հենց նա է վերջինիս նկարահանման հրապարակ բերել: Առաջին հարաբերական լուրջ դերերը Չակը խաղացել է Բրյուս Լիի հետ: Չակ Նորիսին դուր եկավ կինոյում նկարահանվելը, սակայն հաջող դեբյուտից հետո նա ստանում է միայն մեկ հրավեր նկարահանվել երկրորդական դերում:
Ֆիլմն այնքան անհաջող էր ստացվել, որ մինչև 1981 թվականն այն չէին թույլատրում ցուցադրել: Շփվելով պրոֆեսիոնալ դերասանների հետ` Չակը հասկացավ, որ դերասանական արվեստը հմտությունների ցուցադրում չէ միայն. այն շատ ավելի բարդ բան է: Նա որոշեց դերասանական արվեստ սովորել իսկական պրոֆեսիոնալների մոտ: Դերասանական դպրոցում Չակի ուսուցիչն էր Էսթելլա Հարմոնը: 34-ամյա կարատեիստը աշակերտներից ամենամեծն էր: Դերասանական դասերը նրան շատ բան են տալիս. նա դառնում է ավելի անկաշկանդ տեսախցիկի առջև, սովորում է ճիշտ արտասանության: 1977 թվականին նա վերադանռում է կինո և շուտով դառնում Cannon Pictures ընկերության ֆիլմերի աստղ:
1990-ականների սկզբին ընկերությունը սնանկանում է, սակայն Չակը շարունակում էր նկարահանվել: 1993 թվականին CBS հեռուստաալիքն առաջարկում է Չակին նկարահանվել տեխասցի ռենջեր Ուոքերի դերը, և Չակը համաձայնում է: 30 տարվա համատեղ կյանքից հետո Նորիսն ամուսնալուծվում է և ամուսնանում 25-ամյա դիզայներ Մոնիկա Հոլի հետ: Նորիսը լավ հայր է: Նա ընկերական հարաբերությունների մեջ է իր ավագ որդիների հետ:
Չակ Նորիսը, կարծես թե, շատ է սիրում Ռուսաստանը: 1992 թվականին նա այցելել է Մոսկվա` որպես քիքբոքսինգի դատավոր, իսկ 1996-ին Մոսկվայում բացել է Chuck Norris Enterprise Club Beverly Hills սեփական ակումբը, որտեղ կա կաբարե, խաղատուն և ռեստորան: Նա նաև խաղատուն ունի Լաս-Վեգասում: Չակ Նորիսը բազմաթիվ հեռուստատեսային շոուների հիմնադիր է, բացի այդ նա հրատարակում է իր սեփական ամսագիրն ու գրել է յոթ գիրք: Չի կարելի չնշել նաև այն, որ Չակ Նորիսը շատ հայտնի կերպար է հայկական վիրտուալ հասարակության շրջանակներում:
Facebook-յան ցանկացած հարցի տարբերակներում անպայման կա Չակ Նորիս տարբերակը, մենք էլ ամեն անգամ, կարծես թե, հաճույք ստանալով սեղմում ենք հենց այդ տարբերակի վրա: Բացի այդ` մոտալուտ խորհրդարանական ընտրություններում թեկնածուների շարքում կես-կատակ կես-լուրջ շրջանառվում է Չակ Նորիսի անունը, և շատերը հավաստիացնում են, որ քվեաթերթիկներում հենց նրա անունն են նշելու: Դե ինչ, սպասենք, գուցե Չակ Նորիսն էլ տեղ գտնի մեր Ազգային ժողովում: