Սեպտեմբերի 2-ին կայացած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկել է Վանաձոր համայնքի ղեկավարի թեկնածու Տարոն Ապրեսյանի 26.09.2012թ. դիմումը` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011թգ օգոստոսի 15-ի թիվ 64-Ա որոշումը վերանայելու վերաբերյալ: Դիմումատուն նշում է, որ ԿԸՀ-ի որոշմամբ թիվ 30 ԸԸՀ-ի անդամ է նշանակվել, իսկ այնուհետև ԸԸՀ-ի նախագահ է ընտրվել Տիգրան Արբակի Պապանյանը, ով հանդիսանում է ՀՀ Լոռու մարզի, Վանաձոր քաղաքի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ: Դիմումատուն նշում է, որ Պապանյանը Վանաձորի քաղաքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Սամվել Դարբինյանի հետ գտնվում է բարեկամական կապի մեջ (քրոջ ամուսինն է): Մատնանշելով այս փաստը և ղեկավարվելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և 46-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին կետով՝ գտնում է, որ Պապանյանի նախընտրական գործունեությունը, որպես ԸԸՀ-ի նախագահ, կարող է ազդել ընտրությունների անկողմնակալ և անաչառ ընթացքի վրա՝ կասկածի տակ դնելով ընտրությունների արդյունքները:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկման արդյունքում մերժել է Տարոն Ապրեսյանի դիմումը` փաստելով, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011թգ օգոստոսի 15-ի “Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամներ և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների առաջին նիստեր նշանակելու մասին” թիվ 64-Ա որոշման ընդունումից հետո մինչ օրս առկա չեն այնպիսի հանգամանքներ, որոնք սահմանափակում կամ արգելում են Տիգրան Պապանյանին հանդիսանալու հանձնաժողովի անդամ: Անգամ ներկայացված դիմումում չի նշվում, որևէ հիմք, փաստարկ, հանգամանք որն օրենքին համապատասխան կարող է հիմք հանդիսանալ Պապանյանի լիազորությունները դադարեցնելու համար: Դիմումատուն վկայակոչում է սոսկ իր կասկածները կամ դատողություններն ապագայում հնարավոր խախտումների վերաբերյալ, ինչն ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան չի կարող հիմք հանդիսանալ դիմումը բավարարելու համար: