ՀՀ կառավարությունը 2015թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություն և լրացում իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ՝ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության նոր համալիրի շինարարական աշխատանքներին այս փուլում հատկացնելով ավելի քան 264 մլն դրամ: Կառույցն ավարտին հասցնելու համար կպահանջվի շուրջ 990 մլն դրամ: Նոր համալիրում կտեղակայվեն նախարարության բոլոր ծառայությունները՝ ազատելով քաղաքի տարբեր թաղամասերում գտնվող իրենց շենք-շինությունները: Հարցի քննարկման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է օտարել նախարարության ստորաբաժանումների զբաղեցրած շենքերի մի մասը և ստացված գումարով ավարտին հասցնել նոր համալիրի շինարարությունը:
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի մարզադպրոցի 300 հանդիսատեսի համար նախատեսված տրիբունայի և Հայաստանի գրողների միության 300 տեղանոց մեծ դահլիճի նորոգման և վերազինման նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացվել է մոտ 41 մլն դրամ: Եվս մոտ 13 մլն դրամ է տրամադրվել Հովհ. Թումանյանի թանգարանի շենքի ջեռուցման համակարգի կառուցման նպատակով:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել եվրապարտատոմսերի թողարկման ազդագրին, եվրապարտատոմսերի թողարկման գլխավոր տեղաբաշխողների խմբի հետ կնքվելիք բաժանորդագրության և պարտավորությունների կառավարման պայմանագրերին, մի շարք այլ փաստաթղթերի: Դրանով իսկ կարգավորվում են իրավահարաբերությունները գլխավոր տեղաբաշխողների խմբի, ֆիսկալ գործավարի, գործընթացին առնչվող այլ սուբյեկտների հետ:
Կառավարության որոշմամբ բարդ կլիմայական պայմաններում (հաճախակի մառախուղ, մերկասառույց), ինչպես նաև ծովի մակերևույթից 1000 մետր և ավելի բարձր գտնվող լեռնային տեղանքի հանքերի ավտոճանապարհների թույլատրելի առավելագույն թեքությունը ներկայիս 70-90 տոկոսի փոխարեն սահմանվել է 100 տոկոս: Բացի այն, որ դրանով բաց հանքերի ճանապարհների անվտանգությունը չի տուժի, հանքափոսի ծավալի նվազեցման շնորհիվ կնվազեցվի դատարկ ապարի ծավալը, ուստի և բնությանը պատճառվող վնասը, կավելանա հանքերի շահութաբերությունը: