Ադրբեջանի ռազմական դատախազությունում հայ-ադրբեջանական զորքերի շփման գիծը հատած Արսեն Բաղդասարյանի հանդեպ քննչական գործողություններն ավարտված են, իսկ գործն ուղարկված է դատարան, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմն ավելի վաղ տեղեկություններ էր տարածել, թե իբր դեկտեմբերի 26-ին ադրբեջանական զինուժը կանխել է Աղդամի ուղղությամբ հայկական հետախուզական խմբի առաջխաղացումը, որի արդյունքում պրոֆեսիոնալ զինվորական Արսեն Էդուարդի Բաղդասարյանը գերեվարվել է: Սակայն Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հերքել է դիվերսիայի մասին լուրն ու հայտնել, որ պայմանագրային զինծառայող Արսեն Բաղդասարյանը պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորմամբ, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից: