ՀՀ դատախազությունը Հունգարիայից հետ է կանչել իր աշխատակիցներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ գլխավոր դատախազությունը ետ է կանչել Բուդապեշտում վերապատրաստման դասընթացների մասնակցող ՀՀ դատախազության աշխատակիցներին:
Բուդապեշտի Միջազգային իրավապահ ակադեմիայում տեղի ունեցող “Թիվ 87 դասընթաց” ծրագրին մասնակցելու նպատակով դեռևս օգոստոսի 18-ին Բուդապեշտ են մեկնել դատախազության 3 աշխատակիցներ, ովքեր մինչև հոկտեմբերի 11-ը պետք է ուսումնառություն անցնեին նշված ակադեմիայում: Սակայն ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ընդհատվել է դատախազների մասնակցությունը նշված ծրագրին, և սեպտեմբերի 4-ին նրանք կվերադառնան Երևան:
Հունգարիայի հանրային կառավարման և արդարադատության նախարարության արտոնմամբ Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ընթացքում հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության համար 2004 թ. փետրվարի 19-ին ձերբակալված և 2006 թվականին ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելը, որին անմիջապես հաջորդել է Ադրբեջանի նախագահի կողմից մարդասպանին ներում շնորհելը, ոչ միայն առաջացրել է վրդովմունք և ցասում, այլ նաև` մտահոգություն՝ դասընթացներին հայազգի մասնակիցների անվտանգության համար:
Էթնիկ հողի վրա հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին՝ Բուդապեշտում դաժանաբար սպանած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելը ձևավորում է այսօրինակ հանցագործությունների համար անպատժելիության մթնոլորտ, ստեղծում պարարտ հող` դրանց կրկնության համար: Նման պայմաններում ՀՀ դատախազությունն անհնարին է համարում իր աշխատակիցների մասնակցությունը Բուդապեշտում կազմակերպվող դասընթացներին:
ՀՀ դատախազության աշխատակիցներին ետ կանչելու մասին ՀՀ գլխավոր դատախազն այսօր գրավոր ուղերձ է հղել Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին՝ նկատի ունենալով, որ նշված ծրագրի իրականացումը ֆինանսավորվում էր ԱՄՆ կառավարության կողմից:




Լրահոս