Հայաստանյան բանկերում իրավաբանական և ֆիզիկական անձանց ավանդները 2014 թվական վերջին կազմել են 1 տրլն 604 մլրդ դրամ: Դրա 29.5 տոկոսը կազմել են ցպահանջ, իսկ 70.5 տոկոսը` ժամկետային ավանդները:
«Արմենպրես»-ին ՀՀ կենտրոնական բանկից հայտնել են, որ իրավաբանական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդները 2014 թվականի վերջին եռամսյակի ընթացքում ավելացել են 5 տոկոսով և կազմել 560.5 մլրդ դրամ, իսկ ֆիզիկական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդները ավելացել են 6.1 տոկոսով և կազմել 1 տրլն 43.7 մլրդ դրամ:
Ըստ արժութային կառուցվածքի` դրամային ավանդները նվազել են 7.5 տոկոսով, իսկ արտարժութային ավանդներն ավելացել են 11.7 տոկոսով: Արդյունքում` արտարժութային ավանդների տեսակարար կշիռը ընդհանուր ավանդներում աճել է 3.9 տոկոսային կետով` եռամսյակի վերջին կազմելով 72.6 տոկոս:
Ընդհանուր պարտավորությունների կառուցվածքում համեմատաբար բարձր` 4.5 տոկոսային կետով ավելացել է բանկերի (ներառյալ` ԿԲ) նկատմամբ պարտավորությունների կշիռը և 4.1 տոկոսային կետով նվազել ֆիզիկական անձանց ավանդների տեսակարար կշիռը: