“Հրապարակ”-ը գրում է, որ իշխանության վերին էշելոններում նախագահական ընտրություններին ընդառաջ բանակցություններ են ընթանում: Թերթի աղբյուրներն ասում են, որ վերջին օրերին նախագահական նստավայր հրավիրված Գագիկ Ծառուկյանը փորձել է իր սցենարը պարտադրել Սերժ Սարգսյանին: Նրա առաջարկն ընդհանուր գծերով եղել է այսպիսին, ինքն ու իր կուսակցությունը սատարում են Սերժ Սարգսյանին, կոնկրետ պատասխանատվություն են ստանձնում հանրապետության որոշ շրջաններում նրա հավաքած ձայների համար և ընդհանրապես ամեն ինչով աջակցում են, սակայն մինչև քվեարկության օրը հայտարարություն չեն անում սատարման մասին: Իսկ ընտրությունից հետո մասնակցում են իշխանության ձևավորմանը, մասնավորապես վարչապետի նշանակմանը:
Այս առաջարկը Սերժ Սարգսյանը մերժել է` ասելով, որ ԲՀԿ-ն գործող նախագահին սատարելու մասին մինչև դեկտեմբեր պետք է հստակ հայտարարություն անի, ինչի դիմաց կստանա չորս պորտֆել` մշակույթի, կրթության, սպորտի և առողջապահության նախարարներինը: Ինչպես նաև վարչապետի նշանակումը կհամաձայնեցվի նրանց հետ: Թե ինչ շարունակություն կունենան բանակցությունները, հայտնի չէ, սակայն, “Հրապարակ”-ին հասած տեղեկություններով, վերջին օրերին ԲՀԿ են հրավիրվում բոլոր այն անձինք, որոնց ժամանակին խոստումներ են տրվել, և նրանց ասվում է, որ պատրաստ լինեն` “բան չմնաց”: