Վրաստանի ու Ադրբեջանի սահմանի Լագոդեխի մաքսային անցակետով տրանսպորտային միջոցների տեղաշարժը ժամանակավորապես երկու կողմերից դադարեցվել է սահմանամերձ շրջանների բնակիչների բողոքի ցույցերի պատճառով, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Բողոքի ակցիայի մասնակիցները փակել են մայրուղին ու թույլ չեն տվել մեքենանների տեղաշարժը Ադրբեջանից Վրաստան: Ակցիայի մասնակիցների խոսքերով՝ բողոքի ցույցի պատճառն է Ադրեջանի իշխանությունների մտցրած նոր կարգավորումները, մասնավորապես սահմանով այն մեքենաների տեղաշարժի վերաբերյալ, որոնք չեն համապատասխանում «Եվրո-4»-ի (արտանետվող գազերում վնասակար նյութերի պարունակությունը) պահանջած չափանիշներին:
Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ խնդրանքով դիմում են Վրաստանի ու Ադրբեջանի իշխանություններին կարգավորել այդ հարցը: Բողոքի ակցիան շուրջ կես ժամ է տևել, ինչից հետո մայրուղիով տրանսպորտային միջոցների տեղաշարժը վերականգնվել է: