Ինչ մնաց 36 հոգանոց ԲՀԿ-ից. «առնետավազքը» շարունակվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից և խմբակցությունից դուրս եկողների շարքը շարունակում է համալրվել: ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի` քաղաքականությունից դուրս գալու հայտարարությունից հետո մեկը մյուսի ետևից ԲՀԿ-ից դուրս եկան քաղաքապետեր, գյուղապետեր, պատգամավորներ:

Մինև վերջերս ԲՀԿ խմբակցությունում ընդգրկված էր 36 պատգամավոր: Այս պահին նրանց թիվը զգալիորեն նվազել է: Փորձենք հասկանալ, թե ովքեր են ԱԺ-ում շարունակում մնալ ԲՀԿ-ական և ովքեր կդառնան Նաիրա Զոհրաբյանի հայտարարած ընդդիմադիրները:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքած պատգամավորներն են` Արագած Ախոյանը, Կարո Կարապետյանը, Բազմասեր Առաքելյանը, Ռուստամ Գասպարյանը, Վարդան Օսկանյանը, Հարություն Ղարագյոզյանը, Արայիկ Աղաբաբյանը:

Այս պատգամավորները խորհրդարան էին մտել համամասնական ընտրակարգով և եթե նաև խմբակցությունից դուրս գալու դիմում ներկայացնեին, ապա կզրկվեին պատգամավորական մանդատից (բացի Վարդան Օսկանյանից):

Ի սկզբանե ԲՀԿ անդամ չէին Գուրգեն Արսենյանը, Վահե Հովհաննիսյանը և Ստեփան Մարգարյանը: Գուրգեն Արսենյանը հանդիսանում է ՄԱԿ նախագահ, Ստեփան Մարգարյանը` «Հզոր Հայրենիք » կուսակցության փոխնախագահ, իսկ Վահե Հովհաննիսյանը երբեք էլ ԲՀԿ անդամ չի եղել:

Բացի այդ, ԲՀԿ-ից դուրս գալու դիմում էին ներկայացրել մեծամասնական ընտրակարգով ընտրված հետևյալ պատգամավորները` Գրիգորի Մարգարյանը, Մելիք Մանուկյանը, Մարտուն Գրիգորյանը, Մուշեղ Պետոյանը, Դավիթ Քոչարյանը: ԲՀԿ-ում մեծամասնական պատգամավորներ մնացել են 3-ը ` Լյովա Խաչատրյանը, Գագիկ Ծառուկյանը և վերջինիս խնամին` Մուրադ Գուլոյանը, ով արդեն իսկ դուրս է եկել կուսակցությունից:

Այսպիսով, այս պահի դրությամբ ԲՀԿ խմբակցությունում կուսակցական են մնացել հետևյալ պատգամավորները` Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ավետիսյանը, Արա Արամյանը, Լյովա Խաչատրյանը, Արշակ Մխիթարյանը, Տիգրան Ստեփանյանը, Տիգրան Ուրիխանյանը, Մերուժան Սիմոնյանը, Վահագն Մախսուդյանը, Հրանտ Դավթայանը, Վահան Բաբայանը, Վահե Էնֆիաջյանը, Ռուբեն Գևորգյանը, Վահան Կարապետյանը, Էլինար Վարդանյանը, Միքայել Մելքումյանը և Հայկ Խաչատրյանը:

Սակայն այս ցուցակն էլ թերևս վերջնական չէ. խմբակցությունից դուրս եկողներ դեռ կլինեն: ԲՀԿ-ից դուրս գալու հիմնավորումները տարբերվում են միմյանցից և երբեմն զարմանք են առաջացնում: Օրինակ` Արայիկ Աղաբաբյանը, ով օրեր առաջ մեզ հետ զրույցում կտրականապես հերքեց կուսակցությունից դուրս գալու հնարավորությունը, սակայն օրեր անց դուրս գալու դիմում ներկայացրեց և որպես պատճառ ներկայացրեց ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ ունեցած  անհամաձայնությունները:

Երեկ էլ մամուլով լուրեր տարածվեցին, թե ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իրեն հատուկ միջոցներով սպառնում է Մերուժան Սիմոնյանին և Հրանտ Դավթյանին, որպեսզի վերջիններս կուսակցությունից դուրս գալու դիմում ներկայացնեն: Այսպիսով, չի բացառվում, որ խմբակցությունում կուսակցականների թիվը կարող է կրկին նվազել և մինչ հաջորդ քառօրյան, երբ Նաիրա Զոհրաբյանը կհայտարարի ընդդիմադիր դառնալու մասին, այդպիսի պատգամավորներ շատ քիչ կլինեն:




Լրահոս