ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ տոնական ուղերձ է հղել ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը:
Գործընկերներին մաղթելով առաջին հերթին առողջություն ու անփորձանք աշխատանք, բարեկեցություն, խաղաղություն, սեր և ընտանեկան երջանկություն, Ա. Երիցյանն ասել է.
“Իմ շատ սիրելի գործընկերներ` փրկարար ծառայության, սեյսմիկ գործակալության, տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի, հիդրոմետ ծառայության, տեսչության ու ռեզերվների, ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ու հակակարկտային ծառայության և ԱԻՆ աշխատակազմի իմ արտակարգ աշխատակիցներ, նախ ցանկանում եմ ձեզ շնորհակալություն հայտնել ձեր բարի ու մարդասիրական առաքելության, ձեր նվիրված աշխատանքի, պրոֆեսիոնալիզմի ու պետական մտածողության համար: Ես հպարտ եմ ձեզանով, որ աշխարհի տարբեր երկրներում ամենաբարձր մակարդակով եք ներկայացնում Հայաստանը, որ մեր ժողովրդի մատից փուշ եք հանում, որ անկախ դիրք ու պաշտոնից, անկախ կուսակցական պատկանելությունից, բոլոր կողմերից միայն դրական արձագանքներ ենք ստանում` հավանության ու երախտագիտության խոսքեր:
Ես հպարտ եմ, որ այսպիսի թիմ ունեմ, ուժեղ, հզոր, բազմաքանակ ու պրոֆեսիոնալ, և նրանց հետ կյանքի ենք կոչում գործուն ու կարողունակ արտակարգ իրավիճակների նախարարության տեսլականը` որը համահունչ է մեր երկրի կարիքներին, որը համաքայլ է համաշխարհային զարգացումներին, որը համագործակցելի է աշխարհի զորեղների հետ, որին սիրում, հավատում ու վստահում է մեր ժողովորդը:
Ես շնորհակալ եմ մեր երկրի ղեկավարությանը համակարգի նկատմամբ ցուցաբերած ուշադրության ու հոգատարության համար: Շնորհակալ եմ նախարարություն-գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների իմ բոլոր գործընկերներին` արդյունավետ համագործակցության համար”: