«Գագիկ Ծառուկյանը, առաջին անգամ չէ, որ վճռական քայլ անելու պահին վարանում է. նա ապացուցեց, որ «իր խոսքը գործ է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ներքաղաքական կյանքի, Գագիկ Ծառուկյանի` քաղաքականությունից հեռանալու և ԲՀԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին Armlur.am-ը զրուցեց Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ: Նա մեզ հետ զրույցում նշեց, թե զարմացած չէ Գագիկ Ծառուկյանի որոշումից:

-Ներքաղաքական զարգացումների ամենաթեժ պահին Գագիկ Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից և միայնակ թողեց նախկին կուսակիցներին: Ըստ Ձեզ` ո՞րն է պատճառը, որ Գագիկ Ծառուկյանն ամենակարևոր պահին հետքայլ կատարեց: Զարմացած չե՞ք նրա  այս քայլից:

– Ե´վ զարմացած չեմ, և´ զարմացած եմ…Զարմացած չեմ, քանի որ Գագիկ Ծառուկյանն, առաջին անգամ չէ, որ վճռական քայլ անելու պահին վարանում է. հիշենք թեկուզ նախագահական ընտրություններից հրաժարվելու փաստը ընտրությունից 2 ամիս առաջ…Սակայն զարմացած եմ, այնուամենայնիվ, ազգի և երկրի համար բախտորոշ պահին պայքարի ճակատը լքելու արարքից: Փաստորեն, բաղձալի իշխանափոխության իրականացման պահին, երբ ընդամենը պահանջվում էր խիզախորեն ավարտել սկսված հսկայածավալ գործը, Ծառուկյանը լքեց ճակատը` ապացուցելով, որ «իր խոսքը գործ է»…Գոնե այդքան հաճախ կրկնած չլիներ իր սիրած այդ դարձվածքը: Ցավալի է, բայց փաստ` հիմա ողջ հայ ազգը պետք է ևս մեկ անգամ անցնի այս տատասկոտ ու դժվարին ուղին` վերջապես իշխանափոխություն իրականացնելու համար` առանց որի մեր երկիրը զրկված է ապագայից, և անկախության կորստի սուրը կախված է մեր ազգի գլխին:

– Այս դեպքերից հետո շատերն այն տեսակետն արտահայտեցին, որ Գագիկ Ծառուկյանին սպառնացել են, նա գերի է Սերժ Սարգսյանի ձեռքում: Դուք դա բացառո՞ւմ եք:

– Բացառելու հիմքեր չունեմ, հակառակը: Սերժ Սարգսյանն իր հայտնի ելույթի ժամանակ սպառնաց Ծառուկյանին բաց տեքստով, իսկ «մուկը», ներեցե´ք, վարչապետը, հայտարարեց, որ «պետք է բամփել» նրա գլխին, իսկ խորհրդային ժամանակների բեռնատարի հայտնի վարորդ, այսօր տիտղոսավոր գեներալ Մանվելն ասաց. «Չաքուջն էլ է մեր ձեռքը, նալն էլ, մեխն էլ, կխփենք ինչքան ուզենք»…

Մնում է պատկերացնել միայն, թե առանձին հանդիպման ընթացքում ինչ սպառնալիքներ են տեղացել, որ Ծառուկյանն ընկրկել է:

 – Այժմ ԲՀԿ-ն հայտարարել է ընդդիմություն դառնալու մասին:  Այսքանից հետո դուք Հայաստանում իրական ընդդիմություն տեսնո՞ւմ եք: Ըստ ձեզ` ո՞վ կարող է առաջնորդ լինել:

– Կարծում եմ` իշխանափոխության համար Հայաստանում կա ընդդիմության հզոր զանգված, ահավոր հսկայածավալ զանգված, որի համար շարժառիթը ՀՀԿ-ի և նրա նախագահի բացառիկ լկտի պահվածքն է` իր բացառիկ անընդունելի հետևանքներով`գործազրկություն, սով, արդարադատության բացակայություն և սրանց հետևանքով առաջացած ապատիայի հետևանքով արտագաղթ, որն աններելի է այսօրվա` ուժերի սպառման հասած երկրի համար:

Ընդդիմության ամենաթույլ օղակն այսօր քաղաքակսն կուսակցություններն են, որոնք իրենց սպառել են բազմակի անգամ «օրիենտացիաները» փոխելու և խոստումները շաղ տալով և ստելով անընդհատ վարկաբեկվելու հետևանքով: Կա´մ որևէ նոր ուժ կվերցնի առաջնորդի դերը և կիրականացնի արագընթաց իշխանափոխություն, կա´մ ժողովուրդը կլցվի հրապարակ, և կիրականացվի հեղափոխություն, որն ամենաանցանկանալին է այսօր մեր երկրի հսմար:

Ցավոք, Սերժ Սարգսյանի ցինիզմն ուղղորդում է զանգվածներին դեպի հեղափոխություն, որի դեմ մենք այդքան պայքարում ենք: Մենք դեմ ենք հեղափոխությանը և պահանջելու ենք իշխանափոխություն, որին այդքան մոտ էր երկիրը, որը գագաթին էր հասել փետրվարին, տալու էր արդյունք, եթե միայն Գագիկ Ծառուկյանը դիմանար վերջին փորձությանը…

– Պարո´ն Գրիգորյան, իսկ ստեղծված իրավիճակի մասին խոսե՞լ եք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Նա, կարծես թե, ձեռնպահ մնաց Գագիկ Ծառուկյանի որոշման մասին խոսելուց:

– Պարոն Քոչարյանի հետ ես հազվադեպ եմ հանդիպում և նրա կարծիքից անտեղյակ եմ, բայց կարծում եմ` նրա նման փորձառու քաղաքական գործչի համար նման հարցում որևէ զարմանքի առիթ չի լինի: Նա այսօրվա քաղաքական գործիչներին ծանոթ է նվազագույնն իմ չափ և տեղ-տեղ` էլ ավելին: Այնպես որ, նման իրավիճակը նրա համար ևս կանխատեսելի էր:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս