ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանին չի սազում դիմում գրելը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ շարքերը «լքողներին», հայտարարեց, որ իր համար դա անընդունելի ու անհասկանալի է:

Վարդան Բոստանջյանը նշեց, որ ինքը ԲՀԿ-ից դուրս գալու դիմում չի ներկայացնելու:

-Պարո՛ն Բոստանջյան, այս օրերին երբեմնի կարկառուն ԲՀԿ-ականները մեկը մյուսի հետեւից դիմումներ են գրում եւ լքում կուսակցության շարքերը: Դուք եւս կուսակցության անդամ եք, ի՞նչ եք որոշել՝ դուրս գալո՞ւ եք ԲՀԿ-ից:

-2012 թվականից ի վեր, երբ ես ԲՀԿ համամասնական ցուցակում չընդգրկվեցի, հանգամանքների բերումով ստացվեց, որ այս ընթացքում գրեթե առնչություն չեմ ունեցել կուսակցության հետ: Հանդիպումները եղել են վերջին միջոցառումների ժամանակ, այսինքն՝ մենք այս ընթացքում առանձնապես կապ էլ չենք ունեցել միմյանց հետ: Ու հիմա էլ ակնհայտ է, որ ավտոմատ այդ պրոցեսը շարունակվում է ու ավելի ցցուն ձեւով:

-Բայց անգամ այն մարդիկ, որոնք այս տարիներին որեւէ կապ չեն ունեցել կուսակցության հետ, ակտիվ գործունեությամբ չեն զբաղվել, այս օրերին դիմումներ են գրում ու հայտարարում, որ իրենք լքում են կուսակցությունը: Չե՞ք պատրաստվում Դուք էլ նման դիմում ներկայացնել կուսակցության նոր ղեկավար Նաիրա Զոհրաբյանին:

-Ես չեմ հասկանում, էժանագին, չգիտեմ, գրել դուրս գալ, դա ինձ չի սազում, եթե նման թուղթ կա, թող, ասենք, դրա թիվն ավելանա, ի՞նչ է տալու դա, դրանից ոչ մի բան չի փոխվելու: Ես հիմա քաղաքական անձ էլ չեմ, ժամանակին եղել եմ պատգամավոր, բայց այժմ ես որեւէ առնչություն չունեմ քաղաքականության հետ: Բոլոր դեպքերում ինձ տարել են ու այդ կուսակցության մեջ մտցրել, թե չէ ես իմ էությամբ քաղաքական կերպար չեմ, որ ինձ խփեմ էս պատից էն պատը` մի տեղ հանգրվանելու համար: Ինձ թվում է՝ ես կայացած մարդ եմ, իմ փեշակը, իմ մասնագիտությունը ունեմ: Ես այդ կայացման խնդիրը չունեմ:

-Քանի որ այս օրերին ԲՀԿ-ականները լքում են կուսակցությունը, գուցե Դուք ակտիվանաք ու ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի հե՞տ Ձեր աշխատանքը շարունակեք:

-Ես որեւէ բան չունեմ ասելու, ես ողջունում եմ Նաիրա Զոհրաբյանին, որ այս ծանր իրավիճակում նման պատասխանատվություն է ստանձնել: Պարզապես ուզում եմ ասել՝ ես քաղաքական նկրտումների կամ վայրիվերումների դաշտում չեմ ցանկացել գտնվել:

-Իսկ ճիշտ ե՞ք համարում, որ այս իրավիճակում ԲՀԿ-ականները հեռանում են կուսակցությունից:

-Ես ընդհանրապես դա չեմ համարում ճիշտ, բայց դժվարությամբ ուզում եմ հասկանալ՝ գուցե ունեն իրենց շարժառի՞թը, դրդապատճառները, դրա համար ինձ իրավունք չեմ վերապահում որեւէ մեկին մեղադրել:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս