Armlur.am-ը «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ից տեղեկանում է, որ ՀՀ Վարչական դատարանը վարույթ է ընդունել ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության իրենց ներկայացրած հայցադիմումը:
Հասարակական կազմակերպությունը պահանջում է դատարանի որոշմամբ ստիպել դատախազությանը հրապարակել ՀՀ ԳԴ Գևորգ Կոստանյանի` ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային ուղարկած նամակի պատճենը, որով, ըստ դատախազության տարածած պաշտոնական տեղեկատվության, Գևորգ Կոստանյանը խնդրել էր Վալերի Պերմյակովի գործի վարույթը փոխանցել հայկական կողմին:
Դատախազության հայտարարությունից 1 օր անց` փետրվարի 4-ին, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» դիմել էլ գլխավոր դատախազին` պահանջելով տրամադրել նամակի պատճենը:
Ու թեև «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը ենթադրում է, որ հարցված տեղեկությունները պետք է տրամադրվեն 5-օրյա ժամկետում, դատախազությունն առ այսօր չի տրամադրել նամակի պատճենը:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը նախկինում պարզաբանել է, որ նամակը պարունակում է նախաքննական գաղտնիք, ուստիև հրապարակման ենթակա չէ։