«Մարզպետը պետք ա կանգնի մի քանի կոպեկին նայի՞». ինչ նվեր է ստացել Սարգիս Սահակյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ»-ը գրել է, որ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ծննդյան օրվա առթիվ (մարտի 10) համայնքների, մարզի քաղաքաների, դպրոցների ղեկավարները դրամահավաք են կազմակերպել: Մասնավորապես, թերթի տեղեկություններով` Ծաղկահովիտի շրջանում դրամահավաքը կազմակերպել է Արագած գյուղի գյուղապետը, իսկ Ոսկեվազ, Օշական, Աղձք և հարակից այլ գյուղերում՝ Ոսկեհատի գյուղապետը: Armlur.am-ը փորձեց մի քանի համայնքների ղեկավարներից ճշտել` նման դրամահավաք եղել է, թե` ոչ:

Մեզ հետ զրույցում Ոսկեհատի գյուղապետ Գարեգին Սարգսյանը, ով բավականին վրդովված ու զայրացած էր, լսելով հարցը, պատասխանեց. «Ես անհարմար եմ զգում: Վերջին հաշվով` մենք իրավունք չունե՞նք փոքրիկ քայլեր կատարենք, բոլորին պիտի «աչոտ» տա՞նք: Ի՞նչ դրամահավաք: Ա´յ մարդ, իմ հարյուր տարվա ղեկավարն ա, ինձ օգնում ա, մենք էլ շնորհավորել ենք իր ծննդյան օրը: Ամոթ ա ասել, մենք կհրահանգենք մեր մարզպետին, ի՞նչ հրահանգել դրամահավաքի համար: Էս ի՞նչ ա, մարդկանց իրավունքների մեջ են մտնում: Ամոթ չի՞, էդ մարդուն գումար տանք: Ես շատ վրդովված եմ: Մենք կարձագանքենք դրան: Հերիք եղավ խառնվեք մեր հարցերին: Էդ մարդը շատ լավ սոցիալ-տնտեսական խնդիրներ է լուծում: Իրավունք չունե՞նք նրան բարև-բարի լույս տալու: Իրենք պետք ա կանգնեն մի քանի կոպեկին նայե՞ն»,- վրդովված ասաց գուղապետը:

Դավիթաշեն գյուղի գյուղապետ Գրիգոր Վարդանյանն էլ ասաց` նման բան չկա և հորդորեց նման լուրերին «շատ չհավատալ»: Նույն պատասխանը տվեց նաև մարզի Ծաղկահովիտ գյուղի գյուղապետ Երվանդ Խաչատրյանը: Վերջինս միայն զանգել և շնորհավորել է մարզպետին: Իսկ Թալին քաղաքի քաղաքապետ Սարգիս Արամյանը տեղում չէր, նրա օգնականը փոխանցեց, որ մարզպետի հետ դուրս է եկել:




Լրահոս